ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ


2 shares
www.hdnicewallpapers.com

Աղավնիներ. այո՛, այո՛, նրանց մասին առաջին բանը, որ հիշեցինք, խաղաղությունն է: Բայց նախքան խաղաղության խորհրդանիշ լինելը նրանք թռչուններ են` գեղեցիկ ու բազմատեսակ: Գոյություն ունեն աղավնիների ամբողջ 297 տեսակ, որոնք բնակվում են աշխարհի բոլոր-բոլոր անկյուններում, բացի շատ ցուրտ վայրերից:  Մեզ մոտ՝ Հայաստանում, բնակվում են նրանց ընդամենը վեց տեսակ՝ հոբալ, անտառային աղավնի, սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, օղակավոր տատրակ և փոքր տատրակ:

Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով՝ փոքրիկ գլխիկ և կարճ, բայց ամուր ոտքեր: Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին: Թռչելու ընթացքում նրանց թևիկներից ինչ-որ ձայներ են դուրս գալիս, հենց դրանց միջոցով էլ հասկանում են իրար:

Նրանք սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերն առաջին օրերին՝ աղավնու կաթիկով, որը նման է  թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի:

Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույպես հայտնի է թռիչքի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ: Այդ հատկության շնորհիվ նրանք մասնակցել են երկու համաշխարհային պատերազմներին: Ինչպե՞ս. օդաչուներն իրենց հետ վերցնում էին աղավնիների, որպեսզի ինքնաթիռի կործանման դեպքում նրանք օգնություն կանչեն: Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամիներից և ցերեկային գիշատիչ թռչուններից պաշտպանվելու համար: Աղավնիները կարող են ապրել 30 տարուց ավելի՝ կախված այն պայմաններից, որ կստեղծեն նրանց համար մարդիկ:

Աղավնիներ

Նրանք նաև առանձնանում են մյուս թռչուններից իրենց մի շարք յուրահատկություններով: Ահա դրանք՝

Աղավնին կարող է թռչել ուղիղ վերև, ինչը չի ստացվում շա՜տ ու շա՜տ այլ թռչունների մոտ:

Հասուն աղավնու վրա կա գրեթե 10.000 փետուր:

Նա աշխարհում միակ թռչունն է, որ կարող է առանց գլուխը վերև բարձրացնելու կուլ տալ ջուրը:

Շատ սրատես է, կարող է տեսնել 40 կմ հեռավորության վրա:

white-dove

Բացի այդ, մարդու պես, շատ լավ տարբերում է գույները:

Աղավնիների որոշ տեսակներ կարող են թռչել օրերով՝ ավելի քան 1000 կմ:

Եվ նրանց յուրահատկություններից ամենազարմանալին այն է, որ նրանք տեսողական ինֆորմացիան ընկալում են երեք անգամ ավելի արագ, քան մարդիկ: Օրինակ՝ եթե նրանց նստեցնենք հեռուստացույցի առաջ, վայրկյանում 24 կադրը, որ մեզ համար սովորական է, նրանց համար կլինի ինչպես պրեզենտացիան, այսինքն դանդաղ և ընդմիջումներով:

Ահա այսքանը խաղաղասեր ու գեղեցիկ աղավնիների մասին:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։