ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Արագածը ձյունել, սառցե ծաղիկ դարձած,
Աղջամուղջի մեջ պաղ ասուպներ է ցրում:
Եվ ինձ թվում է, թե կհանդիպենք դարձյալ
Հեռու ինչ-որ մի օր, գիսաստղային ծիրում:
Հետո ուրիշ մի կյանք, ուրիշ շրջապտույտ,
Ես` թափառիկ երգիչ, իսկ դու` դշխո անհաս…
Հետո տարտամ բառեր, դեղին շեղջ ու փետուր,
Երբ ուրիշ ելք չկա, պիտի անմահանաս:
Արագածը ձյունել ու ինձ կանչում է վեր
Ձնաբուքը ահեղ ինձ կուղեկցի, գիտե՛մ:
Եվ թող հրեշտակներն այն խենթ ու ավետաբեր,
Լեռան սեգ գագաթից իմ վերելքը դիտեն:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱՐԱԳԱԾԻՆ
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
ՀՐԱՇՔ
Երազիս մեջ հորս տեսա՝
Մորս նման հայտնվեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:
Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքուշ,
Ասաց՝ կապրի իմ որդին…
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
– Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «Որդիս, թե կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես…»
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ, ՀԱՅՈՑ ՀՈՂ
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ:
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին:
Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ,
Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ:
Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող…
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
ՁՄԵՌՆԱՄՈՒՏ
Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:
Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:
ՎԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋ
Մայիս 28-ին՝ Արագածի շուրջ,
Հայ քաջորդիներն ու
Հայոց նաիրյան գեղեցկուհիները
Ուս-ուսի տված բռնեցին շուրջպար:
Քոչարի պարով ու Արագած սարով,
Շուրջպար են բռնել՝ սուրբ երդում տալով,
Հաջորդը պիտի պարենք Մասիսով:
Ու մահ ոսոխին երդումը տալով՝
Պիտի որոտանք դհոլ-զուռնայով,
Հայոց Աստվածնե’ր, Հայ Նահապետնե’ր,
Տեսեք՝ որքա՜ն կան որդիք ու դուստրեր…
Հայ-Արիների Ցեղից Արարված
Այսօր որքա՜ն են նրանք ոգևորված,
Հայոց նոր գարնան զարթոնքն են բերել՝
Արագած սարով շուրջպար են բռնել: