ՍԿՅՈՒՌՆԵՐ. ԱՄԵՆ ԻՆՉ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ


1 share
Սկյուռ

Այսօր կծանոթանանք կրծողների կարգին պատկանող փոքրիկ ու հրաշալի  կենդանիների հետ, որոնց անվանում են սկյուռներ: Իհարկե, կսկսենք իրենց յուրահատուկ մարմնի կառուցվածքից: Սկյուռների մարմնի երկարությունը մինչև 28 սմ է, իսկ պոչինը՝ 20-31 սմ: Այո՛, այո՛, երբեմն պոչը կարող է սկյուռիկից ավելի երկար լինել: Սկյուռները պատված են փափկամազ մորթով, որը, սովորաբար, թավ է: Իսկ մորթին լինում է տարբեր գույների՝ շիկակարմիրից մինչև սև, երբեմն նաև՝ շերտավոր:

ՍկյուռՀայտնի է այս կրծողների մոտ 50 տեսակ, որոնք բնակվում են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի անտառներում: Երբեմն բնակվում են նաև այգիներում: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս. շատ ավելի հեշտ, քան անտառներում, որովհետև այգիներում լի՜քը բարի մարդիկ կան, ճիշտ քեզ նման, ովքեր մեծ սիրով կերակրում են այս փոքրիկ կենդանիներին: Սկյուռները շատ ճկուն են: Նրանք արագ ու սահուն կարողանում են բարձրանալ ծառերի վրա և բույն պատրաստել այնտեղ: Իսկ եթե հանկարծ ընկնեն այնտեղից, անհանգստանալու կարիք չկա: Որովհետև սկյուռիկներն էլ կատվի նման կարող են թռչել հիսուն հարկանի շենքից և չվնասվել: Գաղտնիքը պոչի մեջ է. այդպիսի դեպքերում այն ծառայում է իբրև պառաշյուտ: Սկյուռները նաև հրաշալի լողորդներ են: Նրանց միակ դժվարությունն այն է, որ պոչը ոչ մի դեպքում չպետք է թրջվի, թե չէ իսկական խարսխի պես խեղճ սկյուռիկին կքաշի ներքև:

Այս կրծող գազանիկները խուսափում են կզաքիսներից, որովհետև նրանք սկյուռիկների համար առաջին թշնամին են: Իսկ մնացած գազանների հետ, կարծես թե, լեզու են գտնում: Խուսափում են նաև շոգից և թաքնվում փչակում, քնում են այնտեղ և ուժեր հավաքում: Նրանց շոգ օրերին կարելի է տեսնել միայն առավոտյան կամ էլ երեկոյան, երբ արևը հեռանում է:

Սկյուռ

Նրանք նաև շատ վատ են տանում փոթորիկները, մրրիկներն ու այդպիսի վատ եղանակները: Հենց այդ պատճառով էլ խորը աշնանը սկյուռները թաքնվում են իրենց փչակների մեջ և սնվում իրենց պաշարներով, չէ՞ որ ամբողջ տարի կուտակել էին հենց այպիսի արտակարգ իրավիճակների համար: Միայն թե սկյուռները սարսափելի մոռացկոտ են: Նրանք հաճախ են մոռանում, թե որտեղ են թաքցրել ձմեռային պաշարը: Իսկ ի՞նչ է լինում այսպիսի դեպքերում կամ էլ, երբ նրանց կուտակած կերակուրը վերջանում է: Նրանք շտապում են մոտակա աղբանոց և այնտեղից սնունդ են հայթայթում, որտեղ, սակայն, մեծ է թունավորման վտանգը:

Իսկ թե ինչով են սնվում, կարծես բոլորս միանշանակ գիտենք՝ ընկույզներով: Բայց արի ու տես, որ նաև սերմերով, միջատներով և անգամ թռչունների ձվերով:

սկյուռներ

Սովորաբար սկյուռների ձայնը նման է դռան թակոցին, հենց այդ ձայների միջոցով են իրենք շփվում և իրար ինչ-որ բաներ հասկացնում: Միայն այն դեպքում, երբ սկյուռը ոգևորված կամ վրդովված է, սուլոց է արձակում:

Մարտ-ապրիլ ամիսները սկյուռների բազմացման շրջանն է: Տասը արական սեռի ներկայացուցիչներ հավաքվում են մեկ էգ սկյուռիկի շուրջ և փորձում հաճոյանալ նրան: Բնականաբար, կռիվներն անխուսափելի են: Կռվում են, կռվում, իսկ աղջիկ-սկյուռիկն ընտրում է ամենաուժեղին և… ծնվում են սկյուռիկ-փոքրիկները, որոնք սկզբում կույր են լինում, այո՛ ոչինչ չեն տեսնում, բայց ընդամենը ինը օր անց սկսում են տեսնել ու շատ լավ տեսնել: Փոքրիկ սկյուռիկների համար ծնողները հերթով կեր են հայթայթում՝ նախ  հայրը, հետո՝ մայրը: Բայց սկյուռ ծնողները երեխաներին այսպես լավ խնամում են միայն որոշ ժամանակ: Իսկ հետո թողնում են երեխաներին ինքնուրույն: Ու թեև քույրիկներն ու եղբայրները սկզբնական շրջանում միասին են բնակվում և անցնում արկածների միջով, բայց, մեկ է, հետո բաժանվում են:

Այս ամենից բացի հայտնի են նաև տնային սկյուռներ: Դե այսինքն սկյուռներ, որոնք տանն են ապրում ու արժանանում մարդկային խնամքին: Սկյուռիկը վանդականման պտտվող անիվի մեջ. ախր դա ուղղակի հրաշք է… Միայն թե նրանց պետք է լավ խնամել:

Ահա և սկյուռների մասին այն ամենը, ինչ հայտնի մարդկանց…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։