«Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»:
Միրոսլավ Հորնիչեկ
1935 թվականի մարտի 15-ին՝ ճիշտ այս օրը, Մոսկվայում լույս աշխարհ եկավ Լեոնիդ Ենգիբարյանը: Ծնվեց մի ծաղրածու, ով ինքն էլ չգիտեր, որ ծաղրածու է լինելու: Ենգիբարյանը նախքան դա հասկանալը շա՜տ տարիներ է կորցրել՝ փնտրելով ինքն իրեն:
Դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակեց Ձկնային տնտեսության ինստիտուտում, բայց կանգ չառավ: Ընդունվեց և ավարտեց նաև Ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Իսկ գիտե՞ս, թե ինչ մասնագիտությամբ. ոչ ավել, ոչ պակաս բռցքամարտիկի: Բայց արի ու տես, որ այս բնագավառում նա շա՜տ էլ մեծ հաջողություններ գրանցեց… Եվ հենց այս մասնագիտությունն էլ նրան ստիպեց «ապտակել են աջ այտդ, դե´մ տուր ձախը» պատվիրանը արմատապես սխալ համարել:
Իսկ 1955 թվականին, երևի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից մի քանի հարված ստանալով, վերջապես արթնացավ Լեոնիդ Ենգիբարյանի մեջ հանգիստ քուն մտած ծաղրածուն: Արթնանալուն պես Ենգիբարյանին խորհուրդ տվեց ընդունվել Կրկեսային բաժին… Ապա թողնել ամեն ինչ, գալ Երևան ու ընդունվել հայկական կրկեսախումբ:
Ա՛յ այս ամենից հետո միայն նա գտավ ինքն իրեն, սկսեց պրպտել, սովորել ու ստեղծել: Եվ եթե աշխարհում կա մի բան, որ քոնն է, ուրեմն դու հաստատ-հաստատ երջանիկ կլինես, ու նա երջանիկ էր:
«Երբ ստեղծում էի իմ ծաղրածուական կերպարը,- պատմում է նա,- ինձ հաջողվեց նրան օժտել մարդկային հատկություններով՝ ի տարբերություն մեր տեսած ծաղրածուական դիմակներից շատերի։ Ծաղրածուների կաղապարային դիմակներում բացակայում է մարդկային բնավորությունը, հետևաբար, նաև թախիծը։ Նման դիմակներում կա միայն հերթապահ ծիծաղ։ Հետևաբար, չկա մարդը։ Իսկ իմ հերոսը մարդ է։ Այդ պատճառով ծիծաղում է, տառապում, թախծում և իրեն պատասխանատու զգում շուրջը կատարվող ամեն ինչի համար»։
Լ. Ենգիբարյանի համար կրկեսը հարազատ հարկ էր, արտիստները` տան անդամներ: Եվ այսպիսի վերաբերմունքի շնորհիվ էր երևի, որ նրան աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածու» անունով:
Ենգիբարյանը ստեղծեց մնջախաղի թատրոն, որտեղ ցանեց ու աճեցրեց իր սկզբունքները: «Համաձայն չեմ, որ մնջախաղը կոչվի «լռության արվեստ»,- ասում էր նա:- Ինձ թվում է, շարժումն ու դիմախաղը իրենց հնչողությունն ունեն, ինչպես գույնը։ Մնջախաղը հրաշալի է նրանով, որ մարդուն ստիպում է մտածել, մնջախաղը վստահում է մարդուն և նրան բարձրացնում սեփական աչքերում։ Մնջախաղը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը և բորբոքում նրա երևակայությունը։ Հետո էլ բեմ է դուրս գալիս ներկված դեմքով տարօրինակ ու զվարճալի մարդը, ծիծաղեցնում մեզ ու հաճախ ինքը արտասվելով հեռանում»:
Ենգիբարյանն իր այս թատրոնում խաղացել է իր հեղինակած «Աստղային անձրև» և «Ծաղրածուի տարօրինակությունները» ներկայացումները, «Փողոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորահավաք», «Քայլեր», «Մանկական կյանքը», «Հովանոց», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ», «Օլիմպիական մեդալներ» և այլ մտահղացումներ և ինքնուրույն բեմադրությամբ մանրապատումներ: Եվ պատահական չէ, որ ինքն էր գրում իր սցենարները, ինքն էր բեմադրում և ինքն էլ կատարողն էր: Արվեստի դպրոցը, որին դավանում էր նա, կյանքն էր:
Իսկ ինչպիսի՞ն էր Լեոնիդ Ենգիբարյանը: Այս հարցին կպատասխանի հենց ինքը՝ «Ես այնպիսին չեմ, ինչպիսն բոլորը։ Ախր ծաղրածուն չի էլ կարող լինել ինչպես բոլորը։ Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն։ Ես ուզում եմ գրել մի քանի գիրք:Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը… Վինսեթ Վան Գոգին»:
Նա երբեք հարուստ չեղավ՝ չնայած ունեցած մեծ փառքին: Բայց հարուստ չլինելու փաստը երբեք չխանգարեց իրեն հանդիպած յուրաքանչյուր աղջկա ծաղիկ նվիրել ու գեղեցիկ հաճոյախոսություններ անել: Սիրում էր բոլոր-բոլոր աղջիկներին, և քանի որ չէր կարող ամուսնանալ բոլորի հետ միասին, որոշեց ընդհանրապես չամուսնանալ: Եվ առհասարակ, Լեոնիդ Ենգիբարյանը ստեղծված չէր ամուսնանալու, երեխա ունենալու ու դաստիարակելու համար: Նա այդպես էլ ամբողջ կյանքում երեխա մնաց:
Կային երեք քաղաքներ, որոնք Ենգիբարյանին շա՜տ էին սիրում՝ Երևան, Մոսկվա և Պրահա: Հենց այս քաղաքներն էլ նրա մասին ֆիլմեր նկարահանեցին` «Ծաղրածուն հրաժեշտ է տալիս Պրահային», «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «2-Լեոնիդ-2», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարյանն է» և այլ ֆիլմեր:
Բարեբախտաբար պահպանվել են ոչ միայն Ենգիբարյանի շատ ֆիլմերի ու ներկայացումների տեսագրություններ, այլև նրա փոքրիկ հրաշալի նովելները, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակությանը, բայց նա, ով մեկ անգամ ընթերցում է դրանք, այլևս անկարող է մոռանալ, անգամ հիշում է բառ առ բառ:
Լեոնիդ Ենգիբարյանը չափազանց կարճ կյանք ունեցավ, փոքրիկ, բարի ներկայացման նման, որի ավարտն ասես երբեք էլ չի եկել ու չի գալու, և բոլորը սպասում են նրա հավերժ շարունակությանը: Մեծ արտիստը հրաժեշտ տվեց կյանքին, երբ ընդամենը 37 տարեկան էր: Նրա մահը շատերի համար մնաց առեղծված: Իր խաղընկեր Ալբերտ Մինասյանը հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. «Առավոտյան մայրը մտնում է որդու սենյակը` արթնացնելու… Իր արվեստի նման լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ արտիստը»:
Հեռացավ հաճելի դիմագծերով, մանկան թափանցիկ հոգով, բարի աչքերով, բացառիկ տաղանդի տեր մի երիտասարդ, բոլոր սերունդների մի ուսուցիչ, ու իր հետ շալակած տարավ հետաքրքիր ու իմաստուն գաղափարների մի մե՜ծ պարկ:
Անի Ավագյան