Այսօր ամենուր, հատկապես մեծ քաղաքներում չափազանց շատ մեքենաներ կան և ամեն օր նրանց թիվն ավելանում է ճանապարհներին: Հետիոտների համար (նրանք, ովքեր ոտքով են քայլում) նախատեսված են այդ ճանապարհների երկու կողմում գտնվող մայթերը, որոնք փոքր-ինչ բարձր են կառուցված ճանապարհներից: Եվ երբ ուզում ես մեկ մայթից անցնել մյուս մայթը պետք է հետևես փողոցը ճիշտ անցնելու մի քանի և շատ կարևոր կանոններին:
Եվ այսպես, ինչպես է կարելի ճիշտ անցնել փողոցը. անցումների միջոցով, իհարկե, իսկ նրանք լինում են երեք տեսակ:
Անցումներ:
Փողոցն անցնելու ամենաապահով տարբերակներից մեկը գետնանցումն է: Գետնանցում իջնում ենք աստիճաններով, անցնում երկար թունելի միջով, որը գտնվում է գետնի տակ ու հայտնվում փողոցի հակառակ կողմում:
Փողոցն անցնելու այս տարբերակը բավական անվտանգ է, միայն թե չմոռանաս, որ հարկավոր է մաքուր պահել մեր քաղաքի գետնանցումերը:
Փողոցը կարելի է անցնել նաև հատուկ այդ նպատակով կառուցված կամրջակների միջոցով: Պետք է վեր բարձրանալ աստիճաններով և քայլել մինչև կամրջակի մյուս ծայրն ու ապա ներքև իջնել մյուս կողմի աստիճաններով:
Եվ վերջապես երրորդ տարբերակը, որի օգնությամբ կարելի է անցնել փողոցը, կոչվում է նշագծված անցում: Նրան երբեմն նաև «զեբրա» են կոչում, որովհետև այն իրենցից ներկայացնում է սև ասֆալտի վրա արված սպիտակ գծեր: Այս անցումները գծված են լինում ճանապարհների տարբեր հատվածներում, և այդ անցումներից օգտվելու համար մենք դիմում ենք նաև լուսացույցի օգնությանը: Լուսացույցը ցույց է տալիս, թե ում է կարելի անցնել ճանապարհը՝ հետիոտներին, թե մեքենաներին, և երբ նրանք պետք է կանգնեն ու սպասեն:
Լուսացույցը քաղաքային փողոցներում շատ վաղուց է հայտնվել՝ 1868 թվականին Լոնդոն քաղաքում: Սկզբում նա ուներ միայն երկու ազդանշան՝ կարմիր և կանաչ, և դրանք ձեռքով էին փոխում: 20-րդ դարի սկզբին հայտնվեցին արդեն 3-գույնանի լուսացույցներ, բայց այսօր էլ կարելի է հանդիպել երկու գույնով լուսացույցների: Վերջինները, ի տարբերություն եռագույնների, ցույց են տալիս, թե որքան ժամանակից կփոխվի լույսը:
Եթե վառվում է կարմիր լույսը, փողոցն անցնել չի կարելի: Կարմիր լույսն ասում է, ԿԱՆԳՆԻՐ ԵՎ ՍՊԱՍԻՐ, ճանապարհը մեքենաներինն է: Դեղին լույսը հուշում է, որ արդեն կարող ես ՊԱՏՐԱՍՏՎԵԼ փողոցն անցնելուն, իսկ կանաչ լույսն արդեն ասում է, որ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱԶԱՏ Է, ու դու կարող ես անցնել այն:
Բայց անգամ այդ դեպքում փողոցը պետք է շատ զգույշ անցնել, նայել շուրջբոլորն ու վստահ լինել, որ ոչ մի մեքենա չի մոտենում քեզ: Սկզբում պետք է նայել ձախ, իսկ երբ հասնես փողոցի կեսին, պետք է նայես աջ:
Եթե շրջադարձ է փողոցում կամ էլ դու ես թեքվում դեպի շենքի անկյուն, դանդաղեցրու քայլերդ և համոզվիր, որ այնտեղից քո առջև հանկարծակի որևէ մեքենա դուրս չի գա:
Ամենից վտանգավոր է այն, երբ վարորդն ու հետիոտնը չեն տեսնում իրար մինչև վերջին վայրկյանը, այնպես որ փորձիր հանկարծակի փողոց չնետվել:
Հարկավոր է զգույշ լինել նաև այն ժամանակ, երբ, օրինակ, իջնում ես ավտոբուսից: Չի կարելի անցնել ավտոբուսի առջևով, սպասիր, մինչև այն շարունակի իր ճանապարհը:
Երբեք մի մոռացիր զգուշության մասին և փորձիր փողոցն անցնել մեծերի ընկերակցությամբ:
Եվ չմոռանաս.
ԿԱՐՄԻՐ. Կանգնի’ր և սպասի’ր
ԴԵՂԻՆ. Պատրաստվի’ր
ԿԱՆԱՉ. Անցի’ր
Անահիտ Ալեքսանյան