Դարերի ու հազարամյակների ընթացքում շատ ազգեր են փորձել նվաճել ու հպատակեցնել մեզ, և մենք միշտ ստիպված են եղել պայքարել մեր հայրենիքի համար: Եվ այն դեպքերում, երբ մենք կարողացել ենք համախմբվել ու դիմադրություն ցույց տալ, թշնամիների զորքերը սարսափած փախուստի են դիմել: Մեր պատմության ընթացքում մենք ունեցել ենք իսկական հերոսական հաղթանակներ: Դրանցից շատերը պարզապես անհնար կլինեին առանց մեր քաջ զորավարների ու առաջնորդների: Դե ուրեմն, արի ճանաչենք մեր հերոսներին:
Ավելի քան 4500 տարի առաջ մեր նախահայր Հայկը ստեղծեց Հայոց աշխարհը՝ կռվելով ու հաղթելով Բաբելոնի բռնակալ Բելին: Ահեղ մարտում Հայկը սպանեց Բելին, իսկ Բելի զորքը փախուստի դիմեց: Քաջ ու հզոր Հայկը ազատություն պարգևեց հայ ժողովրդին: Ահա այդպես մենք սկսեցինք ապրել Հայկական Լեռնաշխարհում:
Շատ թագավորներ իշխեցին հայոց աշխարհում, նրանցից ոմանց մինչև այսօր հիշում են հպարտությամբ ու հիացմունքով: Մեր առաջին արքաներից մեկն էր Արգիշտին, ով բազում ճակատամարտներում հաղթանակ տարավ թշնամիների դեմ և կառուցեց ամուր բերդեր ու քաղաքներ, այդ թվում՝ Էրեբունին, որը մեր այսօրվա մայրաքաղաք Երևանն է:
Մեր ամենաուժեղ արքաներից մեկն էլ Տիգրան Մեծն էր: Նա ստեղծել էր հզորագույն բանակ, որից վախենում էին բոլոր թշնամիները: Նրա թագավորության տարիներին մեր երկիրը ընդարձակեց իր սահմանները և դարձավ Ծովից ծով Հայաստան: Արգիշտի արքան և Տիգրան Մեծը ապրել են մեզնից ավելի քան 2000 տարի առաջ:
Մեր երկիրը ազատ ու անսասան են պահել մեր զորավարները: Երբ 1500 տարի առաջ պարսկական զորքերը ներխուժել էին Հայաստան և ցանկանում էին վերացնել մեր լեզուն ու հավատը, զորավար Վարդան Մամիկոնյանը փոքրաթիվ զորքով դուրս եկավ թշնամու դեմ: Ավարայրի ճակատամարտում նա զոհվեց, բայց կարողացավ կանգնեցնել թշնամուն և փրկել հայ ժողովրդին:
Տարիներ շարունակ մենք եղել ենք այլ ազգերի տիրապետության տակ, բայց միշտ պայքարել ենք հանուն ազատության: Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը մոտ 300 տարի առաջ ոտքի հանեցին հայ ժողովրդին և կոչ արեցին տեր կանգնել իրենց հայրենիքին: Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի հաղթանակների շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը և Սյունիքը:
Իսկ 100 տարի առաջ՝ հայ ժողովրդի համար ամենածանր ժամանակաշրջանում, հայտնվեցին նոր հերոսներ: Զորավար Անդրանիկի, Դրոյի. Գարեգին Նժդեհի և մեր մյուս հերոսների շնորհիվ մենք հերոսական հաղթանակներ տարանք Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում և 1918 թվականին ստեղծեցինք Հայաստանի առաջին հանրապետությունը:
Նրանց գործը շարունակեցին մարշալ Հովհաննես Բաղրամյանը, օդաչու Նելսոն Ստեփանյանը, Համազասպ Բաբաջանյանը ու այլ քաջեր:
Նրանք պաշտպանեցին մեր երկիրն ու ողջ մարդկությանը Երկրորդ Համաշխարհային պատերազմում և ոչնչացրին թշնամու զորքերը: Նրանք հռչակվեցին հայրենիքի հերոսներ և արժանացան բազմաթիվ շքանշանների ու պարգևների:
Եվ բոլորովին վերջերս, հայ ժողովուրդը տարավ իր ամենակարևոր հաղթանակներից մեկը՝ ազատագրելով Արցախը: Բազմաթիվ հայ հերոսներ ծնվեցին այդ պատերազմում, ովքեր առյուծի նման կռվեցին ու հաղթեցին թշնամուն: Արցախյան պատերազի հերոսներից են Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Թաթուլ Կրպեյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Մովսիս Գորգիսյանը և ուրիշներ:
Խոստանում եմ մոտ ժամանակներում պատմել մեր հերոսների մասին ավելի մանրամասն: Իսկ մինչ այդ փորձիր գուշակել, թե ովքեր են պատկերված այս նկարներում…