ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՕԳՏՎԵԼ ՍԵՂԱՆԻՑ


Ինչպես ճիշտ օգտվել սեղանից

Երբ սեղանին համով բաներ են շարված լինում, բոլորն անհամբեր ուտել են շտապում ու մոռանում, որ համով բաները արժանի են նրան, որ իրենց նաև շատ գեղեցիկ ուտեն, պահպանեն քաղաքավարության և սեղանից ճիշտ օգտվելու կանոնները: Այնպես որ, հանուն աշխարհի ամենահամեղ ուտելիքների, սովորում ենք ճիշտ ուտել և ճիշտ օգտվել սեղանից:

Ամենից առաջ երբեք չի կարելի ուշանալ ճաշի ժամից, հատկապես եթե մայրիկը նախօրոք զգուշացրել է. չէ՞ որ ուտելիքը կսառչի: Եվ հիշիր, շատ կարևոր է ճիշտ ժամանակին ու կանոնավոր սնվել: Փորձիր նախաճաշել, ճաշել ու ընթրել միշտ նույն ժամին և խորհուրդ տուր դա նաև ընտանիքիդ մյուս անդամներին ու ընկերներիդ:

Համեղ ուտելիքներին մոտենալուց առաջ անպայման հարկավոր է մի լավ լվացվել ու կարգի բերել հագուստներդ:

Սեղանի մոտ նստում ենք ուղիղ, չենք կռանում և փորձում ենք ձեռքերը չհենել սեղանին: Եվ ամենակարևորը. չենք ճոճվում աթոռի վրա: Շատախոսել կարող ենք նաև ուտելուց հետո, իսկ ուտելիս փորձիր քիչ խոսել և ոչ մի դեպքում չխոսես լիքը բերանով:

Ես կարծում եմ, որ դու նաև բավական մեծ ես, որպեսզի օգտվես ոչ միայն պատառաքաղից, այլև դանակից: Դանակը բռնում են աջ, իսկ պատառաքաղը՝ ձախ ձեռքով: Դանակով կտրատում են այն ամենը, ինչ հնարավոր չէ կտրատել պատառաքաղով: Կտրատել պետք է մի փոքր մասը միայն, ուտել այն և հետո միայն կտրել հաջորդ կտորը, այլ ոչ թե ամեն ինչ միանգամից:

Այն ամենը, ինչ գտնվում է ապուրի մեջ, կտրատում ենք գդալով: Իսկ եթե այնտեղ միս կա, ապա այն պետք է դանակով կտրատել և ուտել ապուրը վերջացնելուց հետո: Իսկ այ դանակը ոչ մի դեպքում չենք տանում բերանը, որովհետև կվնասենք շուրթերն ու լեզուն:

Սեղանին դրված ընդհանուր ամաններից չի կարելի օգտվել անձնական պատառաքաղով, դրա համար առանձին սպասք է նախատեսվում: Այն ամենը, ինչ կարելի է վերցնել առանց ձեռքերը կեղտոտելու և դիպչելու կողքին դրված ուտելիքին, կարելի է վերցնել ձեռքով, օրինակ՝ հացը, թխվածքաբլիթը, մրգերը և այլն:

Ընդհանուր ամանից օգտվելիս չի կարելի երկար տնտղել կտորները և ընտրել ամենալավը, վերցրու այն, ինչ դրված է ծայրում, համոզված եղիր՝ այն նույնպես շատ համեղ կլինի, և դու էլ անքաղաքավարի չես դրսևորի քեզ: Նաև օգտվելիս չմոռանաս, որ չպետք է վերցնել ամեն ինչ, այլ թողնել նաև մյուսներին:

Եվ չմոռանաս, ափսեիդ մեջ ուտելիք թողնել չի կարելի…

Դե իսկ հիմա, եթե մտապահեցիր այս կանոնները, ժամանակն է շտապելու համեղ ուտելիքների մոտ, նրանք վաղուց քեզ են սպասում:

Բարի ախորժակ քեզ …

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։