ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՄԱՍԻՆ


8 shares

ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտի,
Բ-ն՝ բարևն է առավոտի:

Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:

Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:

Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ-ն՝ լռեցե’ք, դաս եմ սերտում:
Խ-ն՝ խաղալու ժամն է բակում,
Ծ-ն՝ ծիրանի ծառն է ծաղկում:

Կ-ն՝ կրպակն է մրգով լիքը,
Հ-ն՝ հարազատ իմ հայրիկը:
Ձ-ն՝ ձմեռն է, ձյունը մայթի,
Ղ-ն՝ ղողանջը մոտի վանքի:

Ճ-ն՝ ճտերն են, ճընճըղուկը,
Մ-ն՝ մայրիկն ու իր մանուկը:
Յ-ն՝ թիվ յոթն է՝ իմ տարիքը,
Ն-ն՝ նահապետ Նոյ պապիկը:

Շ-ն՝ շնիկն է բակը հսկող,
Ո-ն՝ ոչխարն է մեզ բուրդ տվող:
Չ-ն՝ չամիչն է, չիրն է բալի,
Պ-ն՝ պապիկն է իմ միշտ բարի:

Ջ-ն՝ Ջիվանն է ջութակահար,
Ռ-ն՝ Ռուբիկն է մեր ռազմավար:
Ս-ն՝ էլ սիրտն է մեզ ջերմ սիրող,
Վ-ն՝ վանքերն են մեր ղողանջող:

Տ-ն՝ տատիկն է միշտ հոգատար,
Ր-ն՝ րոպեն է, մեր խեղճ Ր -ը տառ:
Ց-ն՝ ցորենի հացն է անուշ,
Փ-ն՝ փնթին է ծույլ ու ապուշ:

Ք-ն՝ քաղաքն է մեր քարակերտ,
Ու-ն՝ ուլունքն է հուռութքի հետ:
Օ-ն՝ հինգերն են օրագրի մեջ,
Ֆ-ն՝ ֆինալը, այսինքն՝ ՎԵՐՋ:

Հենրիկ Բաբաջանյան

ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Այբուբեն չէ սա
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ:
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ:

Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու համար:

Խունկը խորանի
Ծնողը բանի,
Կնիքն ինքնության.
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան:

Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի,մատյան հավատքի,
Յուղ անմար ջահի:

Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար:

Ռումբն է մեր ռազմի,
ռունգը բնազդի,
ռահվիրան կյանքի,
Սերն ու սիրտն է մեր,
սերմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր:

Տունը՝ ցամաքում,
տապանը ջրում,
Րոպեն սլացքում,
Ցորյանը արտում,
ՈՒղին անհայտում,
Փառքը սխրանքում:

Քիստն է ու քաղն է մեր,
քանքար ու քնար,
քարավան ու ափ,
ԵՎ
Օջախն անմար,
օժիտն անհատնում
Ֆե-ից մինչև Այբ:

Գևորգ Էմին

ՏԱՌԱՆՈՒՆՆԵՐԻ ԵՐԳԸ

Այբ, բեն, Գիմ, Դա, Եչ, Զա՝
Արևի պես հուրհրա,
Է, Ըթ, Թո, Ժե, Ինի, Լյուն՝
Մեր ուղեցույց մշտարթուն:

Խե, Ծա, Կեն, Հո, Ձա, Ղատ՝
Գոյատևման վառ հավատ,
Ճե, Մեն, Հի, Նյու, Շա, Վո՝
Թող կարկաչի երգը քո:

Չա, Պե, Ջե, Ռա, Սե, Վեվ՝
Հայոց Երկրի վառ արև,
Տյուն, Րե, Ցո, Վյուն, Փյուր, Քե՝
Սա վառ լույս է ու արև:

Եվ մեր ճախրանք անթերի,
Օրհնանք մեր սուրբ պապերի,
Ֆուրմանի երգ սրտաբուխ՝
Մեր ծխանի անմեռ ծուխ:

Դու հավերժիր դարեդար՝
Փարոս դարձիր մեզ համար,
Որ մթնում չխարխափենք,
Հայոց տունը շեն պահենք:

ԱՅԲՈՒԲԵՆ

Այբ, Բեն՝ արդյոք բոլորը գիտե՞ն,
Գիմ, Դա՝ իմացեք ինչ գանձ է սա,
Եչ, Զա՝ արևի պես հուրհրա,
Է, Ըթ, Թո՝ հավեժ լինի երթը քո,
Ժե, Ինի, Լյուն՝ մեր ուղեկից մշտարթուն,
Խե, Ծա, Կեն՝ դու հայոց տուն քարաշեն,
Հո, Ձա, Ղատ՝ հավերժ մնա անաղարտ,
Ճե, Մեն, Հի՝ մեղմ օրոր ես անթերի,
Նու, Շա, Վո՝ թող զրնգա երգը քո,
Չա, Պե, Ջե՝ դու անաղարտ երգ ու սեր,
Ռա, Սե, Ցո՝ մշտավառ հուր մեր հոգով,
Ու, Փյուր, Քե՝ մեզ նոր եռանդ և ուժ բեր,
Եվ, Օ, Ֆե՝ հավերժիր դար ու դարեր
Եվ միշտ մնա վեհ ու պերճ՝
Լույս ճառագիր մեզ անվերջ:

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Հավերժության մեր ճամփան
Այբուբենն է մեսրոպյան.
ՈՒԺ է տալիս մեր բազկին,
Միասնություն՝ մեր ազգին:

Տապանն է մեր փրկության,
Ապաստանը հայության,
Նա տոնն է մեր գոյության,
Պահապանն է էության:

Նա աղոթք է մեր հոգում,
Ահեղ սուր է պայքարի,
Նրանով է նորոգվում
Տաճարը մեր քանքարի:

Վաչագան Սարգսյան

ՏԱՌԱՀԱՆԴԵՍ

Տառերը պես-պես
Բացել են հանդես,
Տառերը երգում են,
Տառերը մեր տունն են:

Միացիր դու մեզ
Ու երգիր մեզ հետ,
Մենք քեզ սիրում ենք,
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆ:

Քեզ պաշտպանում ենք,
Մեզ պաշտպանում ես,
Մենք զինվորներ ենք,
Մեր լեզվի տերն ենք:

Վաչագան Սարգսյան

Like it? Share with your friends!

8 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։