ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 10-ՐԴ


1 share
Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասներըԳլուխ 10-րդ

ԿՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԱՅՐՎՈՂ ՑՈՒԼԸ

Առոնին դուր չեկավ այն, որ արծիվը պետք է ուղեկցի իրենց, չէ՞ որ նրանց ծանոթությունը այնքան էլ լավ չէր սկսել, բայց նա ոչինչ չասաց: Հրատը քայլում էր առջևից՝ հայացքով ամեն մի անկյունը զննելով: Հայկը փորձում էր անընդհատ նրան հավասար քայլել, տարբեր հարցեր էր տալիս, որոնց Հրատը սիրով պատասխանում էր, ախր նա այնքա՜ն վաղուց զրուցակից չէր ունեցել:

-Հրատ, իսկ այդ ի՞նչ թագավորություն է ձեր թագավորությունը:

-Արմի արքայի թագավորությունը ամենամեծն է պայծառ արևի տակ, այն շրջապատված է խիտ անտառներով: Հողն այնտեղ բարեբեր է, կան կանաչ մարգագետիններ ու պարզ լճեր: Հյուսիսից հոսում է Լուսակն գետը: Դրա ջրերը հրաշագործ են, բավական է վիրավոր զինվորի վերքը լվանալ Լուսակնի ջրերով, և այն միանգամից կլավանա, ես ինքս մի անգամ զգացել եմ ինձ վրա Լուսակնի ջրերի հրաշագործությունը:

-Ճի՞շտ ես ասում, Հրատ:

-Իհարկե բարեկամս,- հպարտ պատասխանեց Հրատը:

-Իսկ ինչպե՞ս է կոչվում ձեր թագավորությունը:

-Մեր հողերը հնուց ի վեր կոչվել են խրոխտ անվամբ՝ Արադոտ՝ Արմի արքայի նախա-նախա-նախա-նախա-նախապապի՝ Արադոտ թագավորի անունով:

-Իսկ Արմի թագավորը Սանգարիսից բացի ուրիշ զավակներ չու՞նի:

-Նա դուստր ունի, նրա անունն է…

Այստեղ Հրատը լռեց, կարծես ինչ-որ բան խանգարում էր արտաբերել այդ անունը: Մի փոքր լռելուց հետո ասաց.

-Հայկ, ավելի լավ է՝ դու պատմիր քո թագավորության մասին, այն մե՞ծ է:

-Դե, իմ թագավորության անունը Հայաստան է, այն այնքան էլ մեծ չէ, բայց ունի տարբեր քաղաքներ, մարզեր, օրինակ՝ ես և Մհերը ապրում ենք Երևանում, դա մեր թագավորության մայրաքաղաքն է:

-Իսկ դու քո թագավորության զինվո՞րն ես

-Դեռ ոչ, դեռ փոքր եմ, բայց երբ ժամանակը գա անպայման քեզ նման զինվոր եմ դառնալու:

-Դու քաջ զինվոր կլինես:

-Երևի,- ամաչելով ասաց Հայկը,- բայց դու այդպես էլ չասացիր, թե ինչ է Արմի թագավորի աղջկա անունը:

Հրատը նորից տխրեց, բայց այս անգամ պատասխանեց.

-Նրա անունն է Սավնիկե, երբ արքայադուստրը ծնվել է, Աստղիկ Աստվածուհին մի շող լույս է նվիրել նրան և մեծանալով նա դարձել է Արադոտ թագավորության և հարակից բոլոր մեծ ու փոքր թագավորությունների ամենագեղեցիկ արքայադուստրը:

-Իսկ ինչու՞ ես այդքան տխուր պատմում:

-Որովհետև ես այնքան վաղուց չեմ տեսել նրան,- դառնությամբ ասաց Հրատը:

-Հիմա ամեն ինչ հասկացա, ես էլ Մարիին չեմ տեսել այսքան ժամանակ:

-Մարին քո թագավորության արքայադու՞ստրն է,- հարցրեց Հրատը:

-Այո, նա… նա արքայադուստր է, ամենաիսկական:

Մհերը ընդհատեց առջևից գնացողների զրույցը.

-Դուք զգու՞մ եք, որ մի տեսակ շոգ է:

-Հա, իսկապես անբնական տաքացավ,- ասաց Առոնը:

-Մենք հասել ենք ստորգետնյա կրակներին, որտեղ ապրում է ցուլը,- ասաց Հրատը:

Մի քանի քայլ առաջ գնալով՝ նրանք տեսան մի հսկայական, սև ցուլ, որի աչքերից կայծեր էին թափվում: Ցուլի շուրջը կրակներ էին վառվում և այդ կենդանին կարծես այրվում էր և ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել: Հանկարծ ցուլը նկատեց Մհերին, ով բոլորից առաջ էր անցել: Մհերը հանեց իր սուրն ու շարժեց ձեռքը և Արամազդի նվիրած թևնոցը նորից վահան դարձավ:

-Մհեր, ի՞նչ կա մտքիդ,- հարցրեց Առոնը:

-Ես կփորձեմ ճեղքել կրակը:

-Եթե նույնիսկ դու դա անես, միևնույնն է՝ ցուլին չես կարողանա հաղթել միայնակ,- ասաց Հրատը:

-Իսկ ի՞նչ ես առաջարկում,- հարեց Մհերը

-Նստիր իմ մեջքին, մենք կփորձենք վերևից հարձակվել:

Մինչ Մհերը ուզում էր նստել արծիվի մեջքի,ն ցուլը պատրաստվում էր հարձակման: Նա առաջ մղեց գլուխն ու մեծ արագությամբ վազեց դեպի Առոնն ու Հայկը: Բարեբախտաբար նրանք կարողացան խույս տալ: Մհերն արդեն Հրատի մեջքին էր, նրանք վերևից շրջանցեցին կատաղած կենդանուն, և Մհերը կարողացավ մի լավ հարված հասցնել: Ցուլը չէր պատրաստվում հանձնվել, նա հարձակվում էր Հայկի և Առոնի վրա, փորձում էր գոնե որևէ կերպ վնասել անկոչ հյուրերին, բայց նրա մոտ ոչինչ չստացվեց: Հրատը իր արծվային կտուցով ուժգին հարվածեց ցուլի գլխին, իսկ Մհերը իր սրով ևս մեկ անգամ խփեց արդեն անկարողությունից կատաղած գազանին: Վերջին հարվածը ուժգին էր, ցուլը ետ-ետ գնաց, փորձեց ևս մեկ անգամ հարձակվել Մհերի վրա, բայց ուժերը չբավարարեցին, նա նորից մտավ կրակների մեջ և բոլորի համար աննկատ ընկավ:

-Մհեր, դու դա արեցիր,- ուրախությամբ գոռաց Հայկը:

-Միայն Հրատի օգնությամբ,- ասաց Մհերը:

-Լավ, լավ, եկեք  ժամանակ չկորցնենք և մտածենք, թե ինչպես ենք անցնելու այս կրակների միջով, որպեսզի շարունակենք մեր ճանապարհը,- ասաց Առոնը

-Ես բոլորիդ հերթով կթռցնեմ կրակի մյուս կողմը,- ասաց արծիվը

-Ոչ, ոչ մի դեպքում, դու ինձ մեկ անգամ արդեն օդ բարձրացրել ես,- դժգոհ ասաց Առոնը:

-Ուրիշ տարբերակ չկա, Առոն,- ասաց Մհերը և աչքով արեց Հրատին:

Վերջինս առանց զգուշացնելու բռնեց Առոնի ուսերից ու վեր բարձրացրեց նրան:

Այդպես կրակների մյուս կողմ տեղափովեցին նաև Մհերը ու Հայկը:

-Մենք ինչքա՞ն ժամանակ ունենք դեռ,- հարցրեց Մհերը Առոնին:

-Կարծում եմ չորս ժամից, ոչ ավելի:

-Իսկ որքա՞ն կտևի ճանապարհը մինչ Ահրիմանին հասնելը,- հարցրեց Հայկը Հրատին:

-Մոտ երկու ժամ, եթե շտապենք, գուցե մի քիչ ժամանակ խնայենք, առջևում ծանր մենամարտ է սպասվում Առյուծի հետ,- ասաց Հրատը:

-Ճիշտ է պետք է շտապել,- ասաց Մհերը և առաջ շարժվեց:

Նրա հավատարիմ բարեկամները հետևեցին նրան՝ առանց կասկածելու, որ իրենց մնացել էր ընդամենը երկու ժամ: Ահրիմանը շփոթեցրել էր մեր պատմության հերոսների միտքը:

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 7-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 8-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 9-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։