Դուք տեսե՞լ եք Լունվինստանը: Դա աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է` կարմիր-կանաչ կտուրներով ու ծաղկազարդ պատշգամբներով: Մարդիկ էլ այստեղ ժպտերես են ու բարի: Երբ Լունվինստանում բացվում է օրը, բոլոր մարդիկ դուրս են գալիս իրենց ծաղկազարդ պատշգամբները, հնչեցնում են այնտեղ կախված զանգերը և միմյանց «բարի լույս» ասում: Եվ այսպես արթնանում է ողջ քաղաքը:
Բոլոր մարդիկ գնում են իրենց աշխատանքին: Կեսօրին Լունվինստանի փողոցները խաղաղ են ու հանգիստ, միայն երեխաներն են, դպրոցից ուրախ երգեր երգելով, տուն վերադառնում: Իսկ երեկոյան Լունվինստանը դառնում է տոնակատարությունների կենտրոն: Մարդիկ հագնում են իրենց ամենագեղեցիկ զգեստները, վերցնում անուշաբույր թխվածքաբլիթներն ու քաղցրավենիքները և դուրս գալիս տոնակատարության. քաղաքում վառվում են գույնզգույն լույսերը, հնչում է ուրախ ու կանչող երաժշտությունը, պարում են փոքրիկ պարուհիները, երեխաներին զվարճացնում, խինդ ու ծիծաղ են պարգևում աշխարհի ամենածիծաղելի ծաղրածուները:
Հարևան քաղաքներից մարդիկ չեն հավատում այս հրաշքին և գալիս են անձամբ համոզվելու, որ Լունվինստանի խանութներում ամեն ինչ կարող ես ձեռք բերել առանց գումարի, միայն պիտի բարի սիրտ ունենաս, ժպտաս և մի բարի բառ ասես: Լունվինստանի դարպասներն անգամ խելացի են, եթե քաղաք մտնողը չար սիրտ ունի և վատ մտադրություններ, նրանք չեն բացվում, և եկողի համար այդպես էլ հանելուկ է մնում Լունվինստանը: «Ի՛նչ հետաքրքիր ու հրաշք քաղաք է»,- կասեք դուք: Չեմ առարկի, միայն կասեմ, որ Լունվինստանը միշտ չէ այսպիսին եղել. կար ժամանակ, երբ մարդիկ այստեղ տխուր էին և մտահոգ:
Քաղաքն էլ մռայլ էր ու անգույն: Մարդիկ ամեն օր աշխատում էին, չարչարվում, բայց միշտ էլ սոված էին մնում: Խանութներում էլ հացն ու մթերքները այնքան թանկ էին, որ բոլոր մարդիկ նմանվել էին մուրացկանների: Այս ամենի պատճառը քաղաքի չար, գոռոզ ու կամակոր արքայազն էր, ով սիրում էր մարդկանց տանջել, չարչարել ու ծիծաղել նրանց վրա:
Ամեն օր նա դուրս էր գալիս իր դղյակի պատշգամբ, հրամայում ծառաներին իր մոտ բերել արկղերով հաց և կանչում բոլոր բնակիչներին: Այնուհետև հացը թելերով կապում էր իր ամենաարագավազ ձիերի սմբակներից, իսկ մարդկանց էլ կանգնեցնում նրանց առջև, երբ ազդարարվում էր սկիզբը, արագավազ ձիերը վարգում էին ամբողջ քաղաքով մեկ, իսկ մարդիկ վազում էին նրանց հետևից: Խեղճ մարդիկ հացը բռնելու փափագով այնքան արագ էին վազում ձիերի հետևից, որ ուժասպառ էին լինում: Ինչ խոսք, լինում էին օրեր, երբ նրանցից մեկը կարողանում էր հասնել ձիուն. այդ օրը նրա ընտանիքը ուրախ էր և երջանիկ, քանի որ նախաճաշին, ճաշին և ընթրիքին հաց էին ճաշակում:
Արքայազնի կամակորությունները այսքանով չէին ավարտվում. նա պալատականների, սպասավորների ու խոհարարի հոգին հանում էր: Առավոտյան, երբ արևը լուսավորում էր ամբողջ պալատը, նա հրամայում էր իջեցնել բոլոր վարագույրները, որպեսզի պալատում մութ լինի, այնուհետև չթողնելով, որ գոնե մեկ մոմ վառեն հրամայում էր բերել իր այս կամ այն հագուստը, ու վայ նրան, ով կսխալվեր և, ասենք, կապույտ հագուստի փոխարեն մթում չկողմնորոշվելով` կարմիրը կբերեր: Դժվար էր լինում հատկապես խոհարարի գործը, ով ստիպված էր պատրաստել նախաճաշը մթում` անգամ չկարողանալով գտնել մթերքները: Որպես կանոն` խեղճ խոհարարը ստիպված էր լինում ուտել սոդայով համեմված ձվածեղը, որը մթում աղի հետ էր շփոթում: Իսկ եթե նախաճաշը ապուր էր, ապա խոհարարը ընդունում էր ապուրով լոգանք. արքայազնը ճաշը լցնում էր նրա գլխին: Եվ այսպես ամեն օր: Իսկ երեկոյան նա հրամայում էր անել ճիշտ հակառակը. նախ ողջ պալատը այնքան էր լուսավորում, որ խեղճ պալատականները չէին կարողանում քնել, իսկ եթե անգամ ստացվում էր քնել, յուրաքանչյուր ժամը մեկ կպալատի շեփորահարներին տրված հանձնարարությամբ հնչում էին շեփորները, և բոլորը վեր էին թռչում իրենց անկողներից:
Մարդիկ ասում էին, որ դեռ մանուկ հասակում արքայազնին կախարդել էր մի չար կախարդ և նրա սիրտը սառույց դարձրել: Այդ տխուր քաղաքի ամայի փողոցներում ապրող տատիկներն էլ աղոթում էին, որ երբևէ հայտնվի մի այնպիսի բարի ու հանդուրժող էակ, որ կարողանա հալեցնել արքայազնի սրտի սառույցն ու վերացնել կախարդանքը: Այսպես անցնում էին օրերն ու մարդիկ էլ դադարում էին հավատալ հրաշքների:
Քաղաքի ծայրում ապրում էր մի բարեսիրտ աղջիկ, ով օգնում էր բոլոր հարևաններին, հոգ տանում բոլոր կենդանիների մասին: Առավոտյան բոլոր հարևանները մի պահ մոռանում էին արքայազնի չարության ու իրենց տանջալից կյանքի մասին, երբ լսում էին բարեսիրտ Լունայի գեղեցիկ երգը:
Լունան ապրում էր մի փոքրիկ տնակում իր ծնողների և ծեր պապիկի հետ: Հայրը ամեն օր վերցնում էր կացինը և գնում անտառ, ծառ կտրում, այնուհետև փայտը տանում էր պալատ, որտեղ արքայազնի ծառաները վերցնում էին փայտը և փոխարենը հաց կամ ուրիշ ուտելիք տալիս: Փայտահատը չէր բողոքում. նա տեսել էր, թե ինչպես են պատժվում բողոքող մարդիկ: Պալատին կից կար մի փոքրիկ շենք, որտեղ արքայազնը փակել էր տալիս բոլոր դժգոհող մարդկանց և պատվիրում նրանց անգամ ջուր չտալ. բանտարկյալների միակ ընկերները մկներն էին, որոնք այդ մութ շենքի միակ ուրախ արարածներն էին:
Լունան լսել էր չար արքայազնի մասին, բայց երբևէ չէր տեսել նրան: Նա գիտեր, որ իրենց քաղաքում արգելված էր աճեցնել ծաղիկներ, ժպտալ և երգել: Բայց բոլորից գաղտնի մի փոքրիկ ծաղկամանում աճեցնում, պահում և փայփայում էր աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները: Ամեն անգամ ծաղիկները ջրելիս Լունան հիշում էր այն վաճառական ծերունուն, ով եկել էր իրենց քաղաք իր ապրանքները վաճառելու` չիմանալով, որ այստեղ մարդիկ գումար չունեն իրենից բան գնելու համար: Երբ վաճառականը անցնում էր Լունայենց տան մոտով, Լունան ծերունուն ուրախ ողջունեց և առաջարկեց նստել ու հանգստանալ ճանապարհից առաջ, սառը ջուր տվեց, և փոխարենը ստացավ նրա օրհնությունն ու ծաղիկների սերմերը: Այդ օրվանից Լունան սկսեց աճեցնել իր հրաշք ծաղիկները: Ամեն անգամ նրա հայրն ու մայրը վախենում էին, որ որևէ մեկը կտեսնի Լունայի ծաղիկները և կպատմի արքայազնին, ով կպատժի նրան:
– Է՛, թող իմանա,- ասում էր Լունան ժպտալով,- ես նրանից չեմ վախենում:
Անցան օրեր, մի օր էլ Լունայի հայրիը հիվանդացավ ու էլ չկարողացավ գնալ անտառ: Հաջորդ օրը նրանք արդեն ուտելու բան չունեին:
Այսպես երկար կմնային, եթե նրանց հարևանուհիներից մեկը չառաջարկեր Լունային իր հետ գնալ պալատ և դառնալ պալատի խոհարարի օգնականը: Նա շատ է բողոքում, որ ծերացել է ու միայնակ չի հասցնում կատարել արքայազնի կամակորությունները: Լունայի մայրը շատ վախեցավ և երկար փորձեց համոզել աղջկան, որ չգնա պալատ, բայց Լունային համոզել չեղավ: Նա հավաքեց իր հագուստը, վերցրեց ծաղիկներն ու գնաց պալատ:
-Վա՛յ, աղջի՜կս, ինչպե՞ս ես համարձակվել սրանք այստեղ բերել, ախր եթե նա տեսնի, դու կորած ես:
-Տիկի՛ն Սիվի , ես չէի կարող իմ ծաղիկներից հեռու ապրել, համ էլ, եթե ես նրանց չխնամեմ, նրանք կչորանան: Իսկ արքայազնի համար հանգիստ եղեք. ես ծաղիկներս կթաքցնեմ իմ սենյակում:
-Ա՛խ, աղջի՜կս, դու դեռ չգիտես, թե ուր ես եկել,- ասաց ծեր խոհարարը` մտահոգ նայելով Լունայի ուրախ աչքերին:
Հաջորդ օրն առավոտյան, երբ հնչեցին շեփորները, և Լունան արթնացավ, մի պահ զարմացավ, որ չի տեսնում իր սիրելի արևը, որին բարևում էր ամեն առավոտ: Նա անմիջապես վեր կացավ ու բացեց իր սենյակի վարագույրները` երգելով ողջունեց արևին, ջրեց ծաղիկները և գնաց խոհանոց:
-Սա ի՞նչ է, ինչու՞ է այստեղ այսքան մութ,- ասաց նա և մոտեցավ, որ բացի խոհանոցի վարագույրները ևս:
-Այդ ի՞նչ ես անում, աղջի՜կս,- տագնապած ասաց խոհարար Սիվին, ով հենց նոր դուրս եկավ սեղանի տակից, ուր շոշափելով փորձում էր գտնել ձեռքից վայր գցած լոլիկը:
-Ի՞նչ պիտի անեմ, վարագույրն եմ բացում. չէ՞ որ այստեղ այնքան մութ է:
-Չի կարելի. դա արքայազնի հրամանն է, մենք բոլորս պիտի կարողանանք մթության մեջ աշխատել և կողմնորոշվել:
-Բայց ա՜խր, տիկին Սիվի, այդպես կարող եք սխալ բան լցնել ճաշի մեջ:
-Երևի նա հենց դա էլ ուզում է: Դու սոդայով ձվածեղ փորձե՞լ ես:
-Ես կյանքում միայն մեկ անգամ եմ ձվածեղ կերել, բայց այն ոչ մի բանով էլ համեմված չէր:
-Դե ուրեմն սոդայով ձվածեղը քեզ համար արքայություն կլինի:
-Իսկ եթե ճաշը արքայազնի համար է, ինչու՞ պիտի մենք ուտենք:
-Դե որովհետև ձվածեղը աղով են պատրաստում, բայց քանի որ ես մթության մեջ եմ պատրաստում,շատ հաճախ աղի փոխարեն սոդա կամ էլ շաքարավազ եմ լցնում: Ու նա բարկանալով ստիպում է, որ ես այն ուտեմ:
«Ախ այդպե՞ս. դե ուրեմն այսօր արքայազնը կճաշակի իր կյանքի ամենահամեղ ձվածեղը»,- մտածեց Լունան` խորամանկ ժպտալով: Երբ խոհարար Սիվին պատրաստեց ձվածեղը, Լունան մոտեցավ համեմունքներով լի ամաններին, աղի փոխարեն վերցրեց պղպեղը և համեմեց ձվածեղը: Երբ կծու ձվածեղը մատուցեցին արքայազնին, Լունան գնաց խոհարար Սիվիի հետևից և կանգնեց սեղանի մոտ:
-Բերեցի՞ք նախաճաշս, հիմա-հիմա տեսնեմ ի՜նչ համ ունի. վա՜յ քեզ խոհարար, եթե ճաշս համեղ չլինի,- այդ ասելով արքայազնը վերցրեց մի մեծ կտոր ձվածեղ և դրեց բերանը:
-Վա՜յ, լեզու՜ս, վա՜յ, բերա՜նս,- այսպես գոռալով արքայազնը սենյակի մի կողմից մյուսն էր վազում,- շու՛տ, մի բա՛ն տվեք, որ անցնի:
-Պանի՜ր, պանի՜ր, պանի՛ր բերեք,- կանչեց սպասավորը:
Տիկին Սիվին վազեց խոհանոց:
-Ու՞ր է պանիրը, ա՜խ այս մթությունը:
Անցավ մի քանի րոպե մինչև տիկին Սիվին գտավ պանիրը, այդ ընթացքում արքայազնը ցավից այնքան այս ու կողմ դիպավ, որ ուժասպառ ընկավ:
-Ձե՛րդ գերազանցություն, ահա պանիրը, ներեցեք այսքան ուշացնելու համար. մթության պատճառով չէինք կարողանում գտնել:
Երբ արքայազնը նորից կարողացավ խոսել, հրամայեց բացել վարագույրները, որ խոհարարը տեսնի, թե ինչ է եփում:
-Թե չէ շրթունքներս դեռ մրմռում են,- ասաց արքայազնը ու հանկարծ նկատեց ժպտացող մեկին:
-Իսկ դու ո՞վ ես, և ինչու՞ ես ժպտում. քեզ չեն ասել, որ իմ թագավորությունում դա արգելված է, հենց հիմա փակի՛ր բերանդ:
-Ես Լունան եմ` խոհարարի օգնականը:
-Ա՜, ուրեմն այդ դու էիր այդ զզվելի բանը լցրել նախաճաշիս մեջ:
-Միգուցե, բայց եթե անգամ լցրել էի, ապա չիմանալով, ա՜խր խոհանոցում այնքան մութ է, որ կարող ես լոլիկին փոխարեն խնձոր կտրել և չհասկանալ:
-Լա՜վ, լա՜վ էլ մի տզտզա…պալատականնե՛ր, հենց հիմա բերեք հացով արկղերը. ես գնում եմ պատշգամբ. իմ զվարճանքի ժամն է,- այս ասելով` արքայազնը գնաց պատշգամբ:
-Զվարճա՞նք, իսկ ի՞նչ պիտի լինի,- զարմացած հարցրեց Լունան:
Ծեր սպասավորը տարուբերեց գլուխն ու ասաց.
-Երանի՜, երբեք էլ չտեսնեի իմ խեղճ ժողովրդի տանջանքը:
Լունան բան չհասկացավ, բայց որոշեց անձամբ տեսնել: Երբ նայեց պատուհանից մի պահ ոչինչ չհասկացավ, բայց քիչ անց նրա սիրտը սկսեց արագ բաբախել, իսկ հետո էլ աչքերից արցունքներ թափվեցին:
«Խե՜ղճ մարդիկ»,- մտածեց Լունան ու որոշեց գնալ պատշգամբ, ուր ուրախ ծիծաղում էր արքայազնը:
-Վազե՜ք, վազե՜ք,- բացականչում էր նա,- է՜ էսօր էլ ոչ մի հաղթող, ախր էսպես ուրախ չի է՜, մի լավ վազեք: Մի ձիուն հասնելն ի՞նչ է, այդ էլ չեք կարողանում անել:
-Իսկ դուք կարո՞ղ եք,- կամաց շշնջաց Լունան:
-Ի՞նչ, դու այդ ու՞մ հետ ես:
-Ձեր, ձե՛րդ գերազանցություն, դուք համոզվա՞ծ եք, որ շատ հեշտ է նրանց հասնելը, լավ չի լինի՞, որ ձեր օրինակով ցույց տաք, թե՞ վախենում եք չհասնել:
-Ես ոչնչից չեմ վախենում, աղջի՛կ, հիմա ես քեզ ցույց կտամ, թե ինչպես է պետք վազել, այս դմբոներին ևս:
Բոլորը զարմանքից քարացած նայում էին, թե ինչպես արքայազնը կանգնեց հացի դիմաց և սկիզբ ազդարարելուն պես սկսեց վազել: Երևի նժույգն էլ ժամանակին արքայազնից հարվածներ էր ստացել և կարծես հասկանալով, որ հենց նա է հիմա վազողը, վարգում էր կրկնակի և եռակի անգամ արագ: Արքայազնը սկզբում համարյա հասնում էր, մինչև որ ձին ուղղությունը փոխեց և ցատկեց մի ջրափոսի վրայով, իսկ արքայազնը առանց նայելու «չլըմփ» ընկավ հենց ջրափոսի մեջ: Երբ նա, ցեխի մեջ կորած, կանգնեց, ժողովուրդը սկսեց ծիծաղել. մի բան, որ միշտ անում էր արքայազնը:
-Ձայններդ կտրե՛ք, թե չէ ձեզ ցույց կտամ,- ասաց նա փնթփնթալով:
Իսկ երբ ցեխի մեջ կորած` մտավ պալատ, ասաց սպասավորներին.
-Շատ զզվելի ու անհամ խաղ է, վաղվանից էլ չտեսնեմ էդ խաղը:
-Իսկ ձե՛րդ գերազանցություն, մարդի՞կ:
-Ի՞նչ մարդիկ:
-Դե մարդիկ գալիս են հաց բռնելու հույսով:
-Դուք էլ էդ հացը տարե՛ք, բաժանե՛ք դրանց, որ էլ չգան:
Լունան դարձյալ ժպտաց: Արքայազնը գնաց քնելու և կյանքում առաջին անգամ նա այնքան հոգնած էր, որ չարթնացավ մինչև առավոտ և չկարողացավ հրամայել պալատականներին գիշերը մոմերով ցերեկ դարձնել ու ժամը մեկ շեփորներ հնչեցնել:
-Լունա՜, ինչքա՜ն հետաքրքիր է, մի օր է արդեն այստեղ ես ու պալատում այնքան բան է փոխվել,- ուրախ ասաց ծեր խոհարարուհին,- երանի՜ դու կարողանաս հալեցնել նրա սրտի սառույցը:
Լունան ժպտաց:
Հաջորդ օրն առավոտյան սպասավորները հեշտությամբ գտան արքայազնի ցանկացած զգեստը, խոհարարը ձվածեղը ճիշտ պատրաստեց, իսկ ժողովուրդը կյանքում առաջին անգամ արքայական տանից հաց ստացավ` առանց ձիերի հետևից վազելու: Լունային այդ օրն էլ էին անակնկալներ սպասվում: Երբ նա գնաց Սիվիի մոտ, նա մտահոգված ասաց, որ արքայազնը ձայնը գլուխն է գցել, ինչ է թե իր հեքիաթաասացը հիվանդ է, չի կարողացել գալ և նրա համար հեքիաթ պատմել: Նա իր ձեռքն ընկած ցանկացած բան ջարդում է. նա անկառավարելի է: Լունան լսեց, ապա շատ կամաց գնաց դեպի արքայազնի սենյակը, թակեց դուռը:
-Ձե՛րդ գերազանցություն, դեմ չե՞ք լինի, եթե ես Ձեզ համար հեքիաթ պատմեմ:
-Իսկ դու կարո՞ղ ես,- գլուխը բարձերի միջից հանելով` հարցրեց արքայազնը:
-Կփորձեմ:
Լունան դեռ մանկուց հիշում էր իր պապիկի պատմած հեքիաթները` անտառի հրաշք փերու, յոթ գլխանի վիշապի, անհետացած քաղաքի, ոսկե գավազանի մասին: Նա նստեց արքայազնի առջև և սկսեց պատմել. «Լինում է, չի լինում…»:
Երբ Լունան պատմում էր հեքիաթը, արքայազնը մեկ զարմանքից ցատկում էր վեր, մեկ ուրախությունից ծափ զարկում, մեկ վախից գլուխը խցկում բարձերի տակ: Երբ Լունան ավարտեց հեքիաթը, արքայազնը ոգևորված գոչեց.
-Վե՜րջ, այսուհետև դու ես ինձ համար հեքիաթ պատմելու, քո պատմած հեքիաթը ավելի հետաքրքիր է:
Եվ այսպես ամեն օր Լունան արքայազնի համար հեքիաթ էր պատմում: Մի օր էլ, երբ Լունան իր սենյակում կտրատում էր ծաղիկների չորացած տերևները, արքայազնն արդեն մի քանի րոպե էր, ինչ սպասում էր նրան, որ գա և հեքիաթ պատմի, հոգնելով սպասելուց`որոշեց գնալ նրա հետևից և անձամբ կանչել: Երբ նա մոտեցավ Լունայի սենյակին, լսեց նրա չնաշխարհիկ ձայնը:
«Երգու՞մ են իմ պալատում, վա՜յ, գլուխս»,- ասաց նա ու բռնեց գլուխը, ասես Լունայի հրաշք ձայնի յուրաքանչյուր հնչյուն հարվածում էր արքայազնի գլխին. նա մի կերպ բացեց դուռն ու գոռաց.
-Լռի՛ր հենց հիմա:
Լունան վախեցած նայեց նրան, բայց ավելի վախեցավ, երբ տեսավ արքայազնի զարհուրած հայացքը, որով նա նայում էր Լունայի հրաշք ծաղիկներին:
-Ծաղիկնե՞ր, իմ պալատու՞մ, դու ինչ է չգիտե՞ս, որ իմ թագավորությունում ծաղիկ չեն աճեցնում,- այս ասելով` նա մոտեցավ ծաղիկներին և սկսեց հատ-հատ ջարդել դրանք ու գցել ոտքերի տակ: Երբ հասավ վերջին ծաղկին, որը չքնաղ սպիտակ վարդն էր և ցանկացավ պոկել այն, վարդի փուշը նրա ձեռքը այնպես ծակեց, որ նա ցավից գոռաց.
-Վա՜յ, օգնեք մատս, այդ զզվելի ծաղիկը ծակեց մատս:
Լունան մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռքը և հանեց փուշը, հետո արցունքն աչքերին սկսեց հավաքել գետնին թափված իր ծաղիկները:
Արքայազնը զարմացած նայում էր Լունային:
-Եթե դու ծաղիկներիդ այդքան շատ ես սիրում և լալիս ես նրանց համար, ինչու՞ օգնեցիր ինձ. չէ՞ որ ես սպանեցի քո ծաղիկներին:
Լունան գրկում պինդ բռնելով ծաղիկներին, արցունքներից խեղդվող ձայնով ասաց.
-Որովհետև դեռ մանկուց ծնողներս ինձ սովորեցրել են բարի ու ներողամիտ լինել բոլորի նկատմամբ, անգամ նրանց նկատմամբ, ովքեր չգիտակցելով ցավ են պատճառում ինձ և ինձ զրկում ինձ համար այնքան հարազատ բաներից:
Լսելով այս խոսքերը` արքայազնի աչքերից սկսեցին արցունքներ հոսել, այո՛, այո՛ նա իր կյանքում առաջին անգամ սկսեց արտասվել: Ինչպես հետո պատմում էին քաղաքի տատիկները, այդ արցունքներից և Լունայի մեծ բարությունից հալվեց արքայազնի սրտի սառույցը:
Երբ արքայազնը դադարեց արտասվել, և Լունան նայեց նրա աչքերին, այնտեղ տեսավ բարություն, իսկ երբ զարմացած ասաց.
-Արքայա՞զն, այդ դու՞ք եք:
Արքայազնը ժպտաց: Նա բռնեց Լունայի ձեռքից և ասաց.
-Խոստանում եմ, որ այսուհետև իմ քաղաքում ամենուր կլինեն ծաղիկներ, գուցե այդպես կարողանամ քավել իմ մեղքը քո առաջ: Այլևս ոչ մի տխուր դեմք, այլևս ոչ մի սոված մարդ. երկար ժամանակ ես տառապում էի այդ սառցե սրտի պատճառով, բայց եկար դու և քո բարությամբ հալեցրիր իմ սրտի սառույցը, և ես դարձա ես: Շնորհակալ եմ:
Այդ օրվանից շատ բան փոխվեց քաղաքում: Արքայազնը և Լունան ամուսնացան, քաղաքն էլ թագուհու պատվին կոչվեց Լունվինստան, որտեղ իշխում էր բարությունն ու ներողամտությունը, որտեղ մարդիկ ժպտում էին և օգնում միմյանց: Իսկ քաղաքի բոլոր պատշգամբները զարդարվեցին հրաշք ծաղիկներով:
Ահա ձեզ մի փոքրիկ հեքիաթ հրաշք քաղաք Լունվինստանի մասին:
Անուշիկ Ստեփանյան