Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։
Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
– Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
Հապա ի՞նչ անեմ,
Որ լաց չըլինեմ.
Գանգատ է անում
Փիսոն տխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,
Գնաց տատի մոտ
Ինձ վրա դրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,
Ա՜խ, թե մի գտա՜նք,
Մածուն ցույց կտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չլինեմ…
Ու Փիսոն նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։
Փիսիկի գանգատը 1908