ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ


15 shares
խոսքեր, որոնք չի կարելի ասել երեխային

Յուրաքանչյուր մայրիկ ցանկանում է, որ իր երեխան կատարելություն լինի: Դրա համար նա ուժ ու եռանդ չի խնայում: Չի խնայում նաև խոսքեր: Սակայն բարկացած, գրգռված վիճակում մայրիկները այնպիսի խոսքեր կարող են ասել, որոնք «անմեղ» ապտակից շատ ավելի ցավոտ կարող են լինել երեխայի համար:

Փոքրիկը, լույս աշխարհ գալով, չի գիտակցում, որ իրեն արդեն սկսել են դաստիարակել: Նա պարզապես ուտել, խմել, խաղալ, քնել և սիրված լինել է ուզում: Տարիները, իհարկե, Ձեզ մոռացնել են տվել, թե ինչպիսին էիք Դուք այդ տարիքում: Փորձենք վերադառնալ մանկություն և հասկանալ, թե որ խոսքերն են ցավ պատճառում երեխաներին և խոր հետք թողնում նրա հոգեբանության վրա:

«Էս ի՜նչ փնթի ես…»

Ձեր կարծիքով նա երբեք չի սովորի «մարդավարի» ուտել, քայլել ուղիղ, ինքնուրույն հագնվել: Բայց միայն Ձեր երեխան չէ, որ տոնական հագուստով մտնում է ցեխաջրի մեջ, պատռում գուլպաները, կեղտոտում վերնաշապիկները, կաթը թափում հատակին և այլն: Բայց երեխային այդ ամենի համար շարունակ նախատելով՝ կհասնեք միայն այն բանին, որ նա Ձեր վախից անփութորեն կսկսի կրկնել այդ ամենը: Իհարկե, մի օր նա ամեն ինչ էլ կսովորի և դուք հաճելիորեն կզարմանաք, թե նա ինչպես կերավ ապուրը առանց մի կաթիլ թափելու ծածկոցին: Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Դա այդքան էլ հեշտ գործ չէ, կապել կոշիկների կապիչները, կոճկել բոլոր կոճակները՝ վերևից ներքև և յուրաքանչյուրը հենց իր օղակում:

«Ոտքի տակ մի ընկիր»

Հենց այն ժամանակ, երբ Դուք շտապում եք, նա ամեն վայրկյան հայտնվում է Ձեր առաջ ու խանգարում: Նրա պատճառով Դուք կաթը թափեցիք, շրմփացիք հատակին, որովհետև մանկական «բեռնատարը» ընկավ Ձեր ոտքի տակ, թխվածքը այրվեց գազօջախում, որովհետև հենց այդ պահին նրա մտքով անցավ Ձեզ իր հերթական «հիմար» հարցը տալ:

Բայց ախր ի՞նչ կապ ունի նա այստեղ: Մի մեղադրեք նրան Ձեր առօրյա անհաջողությունների մեջ: Ժամանակը կգա և նա ինքը կսկսի օգնել Ձեզ բոլոր կենցաղային հարցերում:

«Մի խանգարիր»

Եթե դուք աշխատում եք և երեխան Ձեզ խանգարում է, մի գոռացեք նրա վրա. «Դուրս գնա սենյակից և դուռը փակիր»: Դա կօգնի ընդամենը 5 րոպեով: Դուք զարմանո՞ւմ եք, թե ինչու նա չի կարող հանգիստ նստել իր անկյունում և խաղալ իր խաղալիքներով: Բայց չէ՞ որ նա ՁԱՆՁՐԱՆՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԻՐ ՀԱՅՐԻԿԻ ՈՒ ՄԱՅՐԻԿԻ: Եվ մտածեք, թե որքան վիրավորական կլինեին Ձեզ համար այս խոսքերը. «Քեզնից պրծում չկա»:

«Եթե չքնես…»

Երեխան վախենում է մթությունից, այնպես, ինչպես Դուք կվախենայիք, եթե միայնակ մոլորվեիք անտառում: եվ պետք չէ նրան վախեցնել, ասելով. «Եթե չքնես, Մեշոկ պապին կգա…» խոսքերով: Դուք Մեշոկ պապին չեք հավատում, իսկ նա հավատում է: Ինչո՞ւ նրան վախեցնել չար կախարդներով կամ էլ ասելով՝ «Ես քեզ ասացի քնե’լ: Վերջ, լույսը անջատում եմ»: Եվ հանգիստ խղճով կհեռանա՞ք՝ թողնելով նրան միայնակ «մութ անտառում»…

«Դու արդեն մեծ ես»

խոսքեր, որոնք չի կարելի ասել երեխային

Երբեմն այս խոսքերը շատ օգտակար են: Նա արդեն մեծ է, որպեսզի չհարվածի իրենից փոքրերին, մեծ է, որպեսզի մի քիչ դիմանա, երբ ծարավ է կամ հոգնել է: Բայց նրան ցույց տվեք, որ մեծ լինելը միայն դժվարություններին դիմանալը չէ, մեծ լինելը նաև շատ ձեռնտու է, նա արդեն կարող է Ձեզ հետ հյուր գալ, գնալ թատրոն, կրկես:

Խնդիրը բոլորովին այլ է, եթե Ձեր ընտանիքում հայտնվել է 2-րդ փոքրիկը: Առաջնեկը սկսում է մեխանիկորեն համարվել մեծ, եթե նույնիսկ նա հազիվ երեք տարեկան է: Եվ կրկնելով, որ նա արդեն մեծ է, Դուք կարող եք նրան համոզել, որ իրեն այլևս չեն սիրում, սիրում են միայն փոքրիկին: Չե՞ք վախենում, որ նա կսկսի ատել բոլորի կողմից սիրելի այդ փոքրիկին:

«Չմոտենաս»

Պետք չէ նրա մեջ վախ սերմանել կենդանիների նկատմամբ: Եթե նա սկսի վախենալ շներից, ապա ինչպես կպահի իրեն էքստրեմալ իրավիճակներում: Մի մոտեցիր կրակին, ջրին, մի մտիր ջրափոսի մեջ, եզրին մի կանգնիր- այսպիսի արգելքների «շնորհիվ» նա կսկսի վախենալ ամեն ինչից, բացի իր սենյակի հատակից: Երեխաները շատ ավելի զգույշ են, քան մենք կարծում ենք: Նրանք ամեն ինչ կանեն ինքնուրույն, միայն թե թեթևակիորեն օգնեք նրանց հաղթահարել դժվարությունները և նախազգուշացրեք վտանգի մասին:

«Դու հո տղա չես»/ «Դու հո աղջիկ չես»

խոսքեր, որոնք չի կարելի ասել երեխային

Տղաներին այսպիսի խոսքեր ասում են, երբ նրանք վախենում են, լաց են լինում կամ էլ նեղացնում են աղջիկներին: Իսկ աղջիկներին՝ երբ նրանք կռիվ են անում, թափթփում են խաղալիքները և այլն: Բայց այսպիսի խոսքերի պատճառով աղջիկները սկսում են կարծել, որ տղա լինելը ավելի ցածր «պաշտոն» է և ընդհակառակը: Աղջիկների ու տղաների միջև դեռ այնքա՜ն առիթներ կլինեն վեճերի ու միմյանց չհասկանալու համար: Մի՞թե արժե սրել նրանց հարաբերությունները վաղ մանկությունից:

«Ես քեզ կփոխեմ»

Նրա հերթական չարաճճիությունից բարկացած երբեք մի ասեք. «Ես քեզ կփոխեմ մի ուրիշ երեխայի հետ, նա քեզ պես չէ, խելոք է, մաքրասեր»: Ճիշտ է, նա կվախենա ու կենթարկվի Ձեզ այդ պահին, բայց Դուք երբեք չեք իմանա, թե որքան խորը հետք կթողնեն դրանք նրա փխրուն ներաշխարհում: Դեռահասության տարիքում Դուք կնկատեք նրա բարդույթները, որոնք արդյունքն են հենց այս խոսքերի, որոնց ճշմարտացիությանը Դուք «մի գրամ էլ» չեք հավատում…

Մինչև 6 տարեկան փոքրիկները հասկանում են շատ ավելի շատ, քան Ձեզ թվում է: Նրանց ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մայրիկի վրա: Նա Ձեր ոչ մի խոսքը բաց չի թողնում: Այդ դեռահասներն են, որ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ականջի հետև են գցում: Բանն այն է, որ նրանք արդեն մեծ աշխարհում են և գնալու տեղ ունեն, ունեն ընկերներ, որոնց հետ կարող են կիսվել: Իսկ փոքրիկ երեխան, վիրավորվելով մայրիկից, չի կարող շրջվել ու տնից դուրս գալ: Առանց Ձեզ ինչպե՞ս: Նա չգիտի՝ ինչ պատասխանել Ձեզ, եթե Դուք ճիշտ չեք: Ձեր բարկացած ձայնը խոցում է նրա սիրտը: «Դրանք միայն բառեր են»,- կասեք Դուք, բայց շատ հաճախ նրանք շատ ուժեղ են խոցում: Մի մոռացեք, չէ՞ որ նա Ձեր փոքրիկն է, լավագույն փոքրիկն ամբողջ աշխարհում:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

15 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։