Իտալական Polo Scolastico Paritario Don Bosco դպրոցի ուսուցիչ Չեզարե Կատան որոշեց հենց այնպես իր աշակերտներին արձակուրդի չուղարկել, այլ 15 կետից բաղկացած շատ կարևոր ամառային առաջադրանքներ տալ: Առաջադրանքները Չեզարեն նաև տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը տասնյակ հազարավոր հավանումներ ստացավ և ամբողջ աշխարհից մոտ 10 հազար օգտատերեր կիսվեցին այդ գրառմամբ իրենց էջին:
Այս արձագանքի պատճառն այն էր, որ դեռ ոչ մի ուսուցչի մտքով չէր անցել այսքան հրաշալի արձակուրդային առաջադրանքներ հանձնարարել աշակերտներին:
Ահա այդ 15 հանձնարարությունները:
- Առավոտյան քայլե՛ք ծովափին կատարյալ միայնության մեջ, նայե՛ք արևի ցոլքերին ջրի վրա և մտածե՛ք այն մասին, թե ինչն է ձեզ երջանկացնում:
- Փորձե՛ք օգտագործել նոր բառերը, որոնք սովորել ենք մենք այս տարվա ընթացքում: Որքան շատ կարողանաք արտահայտվել, այնքան հետաքրքիր կդառնան ձեր մտքերը, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այնքան ավելի ազատ կդառնաք:
- Կարդացե՛ք: Այնքան շատ, որքան կկարողանաք: Բայց ոչ թե նրա համար, որ պարտավոր եք: Կարդացե՛ք, որովհետև ամառը երազանքների և արկածների համար է, իսկ կարդալը թռչելու պես է: Կարդացե՛ք, որովհետև դա բողոքի լավագույն ձևն է (խորհրդի համար, թե ինչ կարդալ, կարող եք դիմել ինձ):
- Խուսափե՛ք այն բացասական էմոցիաներից ու դատարկության զգացողությունից՝ իրերից, մարդկանցից, իրավիճակներից: Փնտրե՛ք ոգեշնչում և նոր ընկերներ, որոնք «կհարստացնեն» ձեզ, կհասկանան ու կգնահատեն ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:
- Եթե տխրություն կամ վախ եք զգում, մի՛ անհանգստացեք: Ամառը, ինչպես և աշխարհում ամեն հրաշալի բան, տակնուվրա է անում հոգին: Անձնական օրագի՛ր պահեք: Գրե՛ք այն ամենի մասին, ինչ զգում եք: Իսկ եթե ցանկանաք, սեպտեմբերին միասին կկարդանք դրանք:
- Պարե՛ք և ոչնչից մի՛ ամաչեք ոչ մի տեղում՝ թե՛ պարահրապարակում, թե՛ այն ժամանակ, երբ միայնակ եք ձեր սենյակում: Ամառը ինքը մի ուրախ պար է, և ձեր կողմից հիմարություն կլինի դրան չմասնակցելը:
- Գոնե մեկ անգամ արևածագ դիմավորեք: Լուռ կանգնե՛ք, խորը շնչե՛ք, փակե՛ք աչքերը և երախտագիտության զգացում կունենաք:
- Ավելի շա՛տ սպորտով զբաղվեք:
- Եթե հանդիպել եք մեկին, ով ձեզ դուր է գալիս, ասե՛ք նրան այդ մասին այնքան գեղեցիկ ու համոզիչ, որքան կկարողանաք: Մի՛ վախեցեք չհասկացված լինելուց: Եթե ոչինչ չստացվի, ուրեմն ճակատագիրն այդպես էր կամենում: Իսկ եթե ստացվի, ապա 2015 թվականի ամառը դուք միասին կանցկացնեք, և դա հրաշալի ժամանակ կլինի: Անհաջողության դեպքում վերադարձե՛ք 8-րդ կետին:
- Վերընթերցե՛ք դասերի ընթացքում մեր կարդացած գրքերի մասին գրառումները, համեմատե՛ք դրանք այն ամենի հետ, ինչ կատարվում է ձեր կյանքում:
- Եղեք արևի շողի պես երջանի՛կ և ծովի պես անսա՛նձ ու ազա՛տ:
- Եղեք սիրալի՛ր ու բարի՛: Մի՛ օգտագործեք վատ բառեր:
- Դիտե՛ք լավ ֆիլմեր՝ խորը և էմոցիոնալ երկխոսություններով (եթե կկարողանաք, ապա անգլերեն լեզվով), որպեսզի լավացնեք թե՛ անգլերենի իմացությունը, թե՛ զարգացնեք ձեր մեջ երազելու և զգալու կարողությունները: Թող ֆիլմը չավարտվի տիտրերի հետ, վերապրե՛ք այն նորից ու նորից, և թող այն դառնա այս ամառվա մի մասը:
- Ամառը կախարդանք է: Առավոտյան արևածագի ու մայրամուտի թեժ գույների հետ երազե՛ք այն մասին, թե ինչպիսին կարող է և պետք է լինի կյանքը: Արե՛ք այն ամենը, ինչ կախված է ձեզնից, որպեսզի չհանձնվեք ձեր երազանքի ճանապարհին:
- Պարզապես լավը եղեք: