Շատերն են բախվում այն խնդրին, որ իրենց փոքրիկը, ով սովորել է քնել ծնողների անկողնում, չի ցանկանում հեռանալ այնտեղից նաև այն տարիքում, երբ արդեն բավականին մեծ է ու գիտակից: Ինչո՞ւ է այդքան դժվար «ստիպել» երեխային առանձին գիշերել` առանց նրան ցավ պատճառելու…
Մոր և ծծկեր մանկան միասին քնելը բազում առումներով օգտակար ու հարմար է երկուսին էլ. փոքրիկը գտնվում է մոր ջերմ ու փափուկ գրկում, շնչում է նրա մարմնի բույրն ու լսում կրծքի բաբախյունը, մայրն էլ ստիպված չէ գիշերը շարունակ վեր կենալ երեխային կերակրելու, այլ մանկան գղգղոցները լսելուն պես նրան է մոտեցնում կուրծքը` միաժամանակ շարունակելով նիրհել: Միայն թե պետք է չմոռանալ երեխայի անվտանգությունն ապահովող պայմանները` չքնել նեղ անկողնում, պառկելուց առաջ չօգտագործել ալկոհոլ կամ քնաբեր դեղորայք, երեխայի դեմքին մոտ փափուկ բարձ չթողնել, անկողնուն փռել նրա մակերեսից ոչ մեծ սավան և այլն:
Սակայն այն ծնողները, ովքեր ցանկանում են երեխայի մեջ վաղ հասակից ինքնուրույնություն դաստիարակել, ինչը չափազանց կարևոր մարդկային որակ է, վեց-յոթ ամիսից ավել չեն «հանդուրժում» նրան իրենց անկողնում և իրենց սենյակում ընդհանրապես, չէ՞ որ հակառակ դեպքում վերջինս ոչ միայն կշարունակի կախվածության մեջ մնալ ծնողներից, այլև շատ հնարավոր է` մի օր նրանց սեռական հարաբերության ականատեսը դառնա, ինչը կարող է չափազանց խորը հոգեբանական խնդիրներ ծնել:
Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե երեխային ծնողների անկողնում գիշերելու սովորությունից ետ վարժեցնելու խնդիրը դրված չէ այն ընտանիքների առջև, որոնց փոքրիկը ծնված օրից էլ առանձին է քնել, բայց պետք է նշել, որ հաճախ երեխայի մեջ մոր գրկում «անրջելու» ցանկություն է առաջանում մեկուկես-երկու տարեկանում, երբ ծնվում են առաջին մանկական վախերը` վախ մթությունից, վախ մենակությունից և այլն: Այնպես որ, եթե ցանկանում եք սովորեցնել Ձեր փոքրիկին միայնակ քնել` առանց նրա հետ լուրջ «բախումներ» ունենալու, արեք դա միայն վերոնշյալ տարիքից առաջ կամ հետո:
Կարծիք կա, թե մոր կողքին քնել սիրող երեխային այդ սովորությունից ազատելու ամենահարմար հասակը երեք տարեկանն է (փոքր-ինչ ավել, փոքր-ինչ պակաս), երբ արդեն հաղթահարված են գիշերային զանազան վախերն ու տագնապները, իսկ փոքրիկի մեջ կամաց-կամաց արթնանում է ինքնուրույն լինելու, սեփականն ունենալու միանգամայն բնական ու արդարացի ցանկությունը: Իսկ սեփականը կարող է լինել հենց իր սենյակն ու մահճակալը:
Եթե մինչ երեք տարեկանը դուք չեք ստիպել երեխային միայնակ քնել, և նա չունի դրա հետ կապված «ծանր» հիշողություններ, ապա առանձին սենյակում գիշերելու առաջարկը ամենայն հավանականությամբ կընդունվի առանց տզտզոցի:
Սակայն հաճախ առանձին սենյակ ունեցող երեխան ցանկանում է, որ մայրիկը իր կողքին լինի, բռնի իր ձեռքը, մինչ ինքը կքնի: Նման դեպքերում շատ կերևոր է սահմանել որոշակի «ծիսակարգ»` կոնկրետ գործողությունների կատարում կոնկրետ հերթականությամբ, ասենք` նախ դուք պառկեցնում եք երեխային, հետո բռնում նրա ձեռքը, մի հեքիաթ կարդում, այնուհետև համբուրում ճակատը, բարի գիշեր մաղթում ու դուրս գալիս սենյակից, և այսպես ամեն օր:
Երեխան անչափ նրբանկատ է մոր բույրի նկատմամբ. այն շնչելով` նա իրեն ապահով ու ջերմությամբ պարուրված է զգում, դրա համար լավ կլինի` նրա մահճակալի կողքին դնեք Ձեր բույրը կրող որևէ իր:
Կարելի է փորձել նաև, այսպես կոչված, «փոխարինման մեթոդը». մայրիկը երեխային պառկեցնելուց հետո մեկ-երկու րոպեով դուրս է գալիս սենյակից` վերջինիս մոտ թողնելով նրա սիրելի խաղալիքը և այդ խաղալիքին «հանձնարարելով» իր բալիկին լավ խնամել, մինչև ինքը կավարտի իր գործն ու կվերադառնա: Իսկ վերադարձից հետո անպայման շնորհակալություն է հայտնում «հոգատար դայակին»: Այսպես երեխան աստիճանաբար կսովորի քնել խաղալիքի հետ:
Շատ օգտակար է էլեկտրական լամպ օգտագործելը, հատկապես եթե այն սենյակի առաստաղին գունագեղ ու շարժվող իրեր է պատկերում: Իսկ մինչ քնելը կարևոր է մանկանը զբաղեցնել բացառապես հանգիստ, էներգիա չխլող և սուր հույզեր չառաջացնող խաղերով:
Խաղաղ քնին նպասում է նաև երեկոյան կարճ զբոսանքը որևէ անաղմուկ այգում:
Եվ միշտ հիշե’ք, սիրելի’ մայրիկ, բոլոր դեպքերում պետք է փորձել ուղղորդել երեխային դեպի ինքնուրույնություն առանց անտեսելու նրա ցանկությունն ու Ձեր սրտի թելադրանքը:
Պատրաստեց Նշան Աբասյանը