Բոլոր երեխաներին, ովքեր սիրում և հետաքրքրվում են գիտության ու տեխնիկայի ամենատարբեր բնագավառներով, սիրում են պրպտել, ուսումնասիրել ու բացահայտել մեզ շրջապատող աշխարհը, առաջարկում ենք լինել ուշադիր և բաց չթողնել այս հրաշալի հնարավորությունը:
Տիեզերագիտական ակումբը սեպտեմբերի 13-ից 6-րդ դասարանից բարձր աշակերտներին հրավիրում է «Քվանտ» վարժարան՝ հաճախելու Տիեզերագիտական ակումբ արտադպրոցական խմբակը:
Տիեզերագիտական ակումբի սաներն ուսումնասիրում են գիտության ամենաարտասովոր ու հետաքրքրաշարժ ուղղությունները՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացություն:



Երեխաները երկու տարվա ընթացքում ծանոթանում են ամեն տեսակ թռչող սարքերի, դրանց աշխատանքի սկզբունքի ու ստեղծման պատմության հետ, ծանոթանում են ամենատարբեր տիեզերական մարմինների, դրանց հետ կատարվող պրոցեսների և ընդհանրապես ողջ Տիեզերքի հետ:

Սովորելով նաև ստեղծագործում են՝ առաջադրում իրենց սեփական գյուտարարական մտահղացումներն ու գիտական վարկածները, նախագծում ու փորձարկում թռչող սարքեր, կատարում աստղագիտական դիտումներ ու հետազոտություններ:


Այսինքն՝ գրեթե ինքնուրույն անցնում են ճանաչման իրե՛նց ճանապարհը՝ սկսում ամենապարզ, առօրյայից հայտնի պատկերացումներից, քայլ առ քայլ գալիս ու, ամեն ինչ լիովին հասկանալով՝ հասնում բավական լուրջ, խոր ու համապարփակ գիտելիքների:

Այնպես որ, մասնակցելու համար նախնական գիտելիքներ պետք չեն: Խմբակն ԱՆՎՃԱՐ է և տրամադրում է շատ լավ պայմաններ սովորելու և ստեղծագործելու համար՝ հարուստ գրադարան, աստղադիտակներ, համակարգչային պատկերավոր ցուցադրումներ, գիտահանրամատչելի միջոցառումներ, էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գիտական կենտրոններ, և այլն: Մասնակիցներից պահանջվում է միայն հետաքրքրություն:
Տիեզերագիտական ակումբի և նրա խմբակի գործունեությանը ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ դիտելով ներկայացված նկարները, իսկ ավելի մանրամասն՝ այցելելով ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հետաքրքրվողները կարող են գալ առաջին պարապմունքին և ծանոթանալ մնացած մանրամասներին: Խմբակի ղեկավարը՝ Ավետիք Գրիգորյանը, կդիմավորի նրանց սեպտեմբերի 13-ին ժամը 10:10-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի ելքի մոտ և կուղեկցի նրանց «Քվանտ» վարժարան:
Նախապես գրանցվելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով: 094-64-34-14
Ղեկավար՝
Ավետիք Գրիգորյան




