ՊԱՏՄՎԱԾՔ – ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔԸ


1 share

-Մի հրաշագեղ աշխարհ գիտեմ:
-Ի՞նչ աշխարհ պապիկ, խնդրում եմ ասա:
-Չէ, այսօր չէ, վաղը արևածագի հետ դու կհասկանաս:

Ինձ համար պապիկիս ասածները այդպես էլ առեղծված էին մնում: Երևի ես էի դեռ շատ փոքր, որպեսզի հասկանայի…

Մութն ընկնում էր, արևածագն ավելի էր մոտենում, իսկ իմ մտքով ինչ ասես, որ չէր անցնում: Ճիշտն ասած մի պահ նույնիսկ մտածեցի, որ պապիկս այլմոլորակային է ու եկել է հեռո՜ւ-հեռո՜ւ աշխարհներից: Աստղերը, մեկիկ-մեկիկ վառվելով, պայծառացնում և ցողում էին լիալուսնի շուքով պատված թանաքագույն երկինքը: Ես չէի դադարում մտածել պապիկիս ասածի մասին:

Պապիկս սովորություն ուներ՝ երեկոները նստում էր իր սենյակում ու պատուհանից դիտում աստղերն ու լուսինը: Այս անգամ պապիկս դրսում կանգնած էր զննում աստղերը. դա ինձ տարօրինակ թվաց, նա երբեք այդպես չէր հիացել աստղերի գեղեցկությամբ:

-Դու ունե՞ս քո աստղը,- հանկարծ լսվեց պապիկիս ձայնը:
-Ի՞նչ աստղ պապիկ, ոչինչ չեմ հասկանում:
-Վաղ թե ուշ դու կգտնես քո աստղը, այն սպսասում է քեզ:
-Ուզո՞ւմ ես ասել, որ այնտեղ՝ երկնքում, ինչ-որ բան, որը փայլում է և հիացնում իր գեղեցկությամբ, ի՞նձ է սպասում և ինձ համա՞ր է վառվում:
-Այո՛, արժե հիանալ այդպիսի գեղեցկությամբ:
-Պապի՛կ, իսկ ո՞րն է քո աստղը:
-Այն խամրած աստղը. նա ինձ նման ծեր է և շուտով կընկնի:
-Իսկ այն պայծառ աստղը ես ինձ եմ վերցնում,- ծիծաղելով ասացի ես:

Խավարն ավելի էր թանձրանում: Այդ մթության մեղջ միակ լուսատուն լուսինն ու անթիվ աստղերն էին: Պապիկիս աստղը ամենապայծառն էր ինձ թվում, ես անվերջ նայում էի այդ աստղին, որի կողքին իմ աստղն էր: Այդ պահին ես ապրում էի իմ ստեղծած աշխարհում, որի մեջ ես էի, պապիկս ու մեր աստղերը… Գիշերվա լռությունը, որն ինձ ավելին էր ասում քան քաղաքային աղմուկը, դառնում էր կարծես երգ: Հանկարծ ամեն ինչ լռեց եւ ես քնեցի…

Այդ գիշեր ընկավ պապիկիս աստղը, իսկ արևածագին ես շատ բան հասկացա…

Sed GharibyanՊատմության հեղինակը Սեդա Ղարիբյանն է: Սեդան 15 տարեկան է: Ծնվել և ապրում է Ջանֆիդա գյուղում: Սովորում է Ջանֆիդայի միջնակարգ դպրոցում:Շատ է սիրում իր գյուղն ու համոզված է, որ այն շատ է օգնում իրեն ստեղծագործելու հարցում: Գրել սկսել է 8 տարեկանից, բայց ավելի շատ սիրում է նկարել: Սովորում եմ նաեւ արվեստի դպրոցում ու երազում է դառնալ արժանի նկարիչ:

 


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։