ՀԵՔԻԱԹ – ԱՆՏԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ


6 shares

Կար-չկար հայոց աշխարհում մի թավ անտառ կար, որտեղ գործում էր աշխարհի ամենահետաքրքիր դպրոցը: Անտառի բնակիչներն օրնիբուն աշխատում էին, իսկ նրանց ձագուկները հաճախում էին դպրոց:  Դպրոցում կային կենդանիների, միջատների և թռչունների դասարաններ: Թռչունների դասարանը գտնվում էր հաստաբուն կաղնու ճյուղերին: Հենց այս զարմանահրաշ դասարանի մասին է մեր հեքաթը: Դասարանում սովորում էին Մեծ երաշտահավը, Մոխրագույն Ագռավը, Սովորական Կաչաղակը, Տնային Ճնճղուկը, Ամուրիկը, Սև Կեռնեխը, Փոքր Տատրակը, Խայտաբղետ Փայտփորը, Լորաճուռակը, Սովորական Սարյակը, Մոխրագույն Ճանճորսը  և Շիկապոչ Շամփրուկը:

Ձագուկները դեռ փոքր էին և դուրս չէին եկել հայրենի անտառի սահմաններից: Աշխարհի մասին նրանք իմանում էին ուսուցչից: Իսկ ուսուցիչը Իմաստուն  ́ուն էր: Ծնողները լիովին վստահում էին նրան, քանի որ նա փորձառու և համբերատար ուսուցիչ էր և շատ սերունդներ էր կրթել:

Հայրենագիտության դասին Իմաստուն Բուն ասում էր, որ յուրաքանչյուր թռչուն պետք է լավ իմանա իր ազգիև երկրի պատմությունը: Ուսուցիչը պատմում էր, որ նրանց ազգակիցները սփռված են աշխարհով մեկ և միշտ երազում են վերադառնալ հայրենիք: Նա հայրենասիրության դասեր էր տալիս իր աշակերտներին և նրանց մեջ սեր սերմանում դեպի հայրենիքը: Հորդորում էր հոգատար լինել անտառի նկատմամբ, մաքրել ծառերը վնասատու միջատներից և օգտակար լինել անտառին, տարածել ծառերի սերմերն ամենուրեք:

Հայրենագիտության դասերին էր, որ Մեծ երաշտահավն իմացավ, որ ինքը պատկանում է ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքին: Նա իմացավ նաև, որ Սև, Փումփուլավոր, երկնագույն և Միջերկրածովյան երաշտահավերն իր մերձավոր ազգականներն են: Նա երազում էր հանդիպել բեղավոր և երկարագի երաշտահավերին:

Շամփրուկն ու Կեռնեխն իմացան, որ իրենք կեռնեխների ընտանիքից են, Ագռավն ու Կաչաղակը՝ ճնճղուկազգիների ընտանիքից, Ճանճորսը՝ ճանճորսների ընտանիքից, Ամուրիկը՝ սերինոսների, Տատրակը՝  աղավնիների ընտանիքից: Լորաճուռակը բազեանմանների կարգի գիշատիչ թռչունների ընտանիքից էր և ամբողջ դասարանում միայն նա էր գիշատիչ:

Երգեցողության դասին թռչունները զարմանքով իմացան, որ կան թռչուններ, որոնք ընդհանրապես ձայն չունեն՝ համր են, և երբ նրանք փորձում են «խոսել»,  ընդամենը կափկափյուն է լսվում: Այս տեղեկությունը հատկապես զարմացրեց երգեցիկ թռչուններին՝ երաշտահավին, Ճանճորսին, ՍևԿեռնեխին, Ամուրիկին ու Սարյակին: Նրանք չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է չերգել: Չէ՞ որ թռչունը երգում է ընտանիք կազմելիս, բույն շինելիս, ձագերին խնամելիսև շատ այլ «գործերում»:

Ագռավը, Կաչաղակը, Ճնճղուկն ու Տատրակը չէին սիրում երգեցողության դասը, քանի որ նրանց երգը նման է կռռոցի, ճիչի կամ սուլոցի:  Թռչուննները երգում էին և՛ անհատական, և՛ խմբակային երգեր: Դպրոցի երգչախումբն էր ազդարարում գարնան գալուստն ու բնության զարթոնքը:

Դասամիջոցին թռչնակները ցրվում էին անտառով մեկ, նախաճաշում անողնաշարներով, միջատներով, սերմերով ու հատապտուղներով և անմիջապես վերադառնում դասարան: Կարգապահ ուսուցիչը չէր սիրում ուշացողներին և միշտ հանդիմանում էր նրանց:

Աշխատանքի ուսուցման դասին թռչունները սովորում էին, թե ինչպես պետք է բույն հյուսել կամ փչակ փորել, թե ինչ «շինանյութ» պետք է օգտագործել՝ չոր խոտ, մամուռ, քարաքոս, մանր ճյուղեր, նաև՝ ցեխի շաղախ:

Ֆիզկուլտուրայի դասին թռչնակները մարզվում էինև տարբեր խաղեր խաղում, օրինակ՝ ընկույզով ֆուտբոլ էին խաղում: Նրանք բոլորն էլ ունեին ամուր ոտքեր՝ հաստ, ուժեղ մատներով և կորացած մագիլներով, որոնք լավ հարմարեցված էին ծառերի ճյուղերով մագլցելուն: Նաև «սրում» էին իրենց հզոր կտուցները, որով ծառի կեղևից հանում էին միջատներին և կոտրում ամուր սերմերը:

Ուսուցիչը նաև անտառաճանաչության դասեր էր տալիս: Նա ասում էր, որ պետք է ճանաչել անտառը, տարբերել ծառատեսակները: Թռչունները շատ զարմացան, երբ իմացան, որ կան թունավոր ծառեր, օրինակ՝ հռչակավոր անչարը: Ուսուցիչը բերում էր կաղնու, հացենու, ընկուզենու, սոճու, կեչու տերևներ, ցույց տալիս դրանք և սովորաբար դասն ավարտում հետևյալ խոսքերով. « Դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց ծառերի. դրանք այնքա՜ն օգտակար են»: Ուսուցիչը ցանկանում էր, որ իր աշակերտները դառնան ազնիվ, ընկերասեր, հայրենասեր ու օրինապահ «անտառացիներ»:

Հատուկ ուշադրություն էր դարձնում ձագուկների խնամքին վերաբերող դասերին և միշտ նշում էր, որ ձագերի խնամքով պետք է հավասարաչափ զբաղվեն և՛ մայրը, և՛ հայրը:

Ամեն տարի ապրիլի 1-ը անտառում նշվում էր որպես թռչունների պաշտպանության միջազգային օր: Ամեն տարի այդ օրը թռչունների դասարանը կոչով դիմում էր երեխաներին.

«Սիրելի երեխաներ.

Մենք սիրում ենք Ձեզ, սիրում ենք մեր անտառը: Մի՛ կտրեք ծառերը, քանի որ դրանց վրայի բներում են մեծանում մեր ձագուկները: Պաշտպանեք մեզ, իսկ մենք կնվիրենք Ձեզ մեր դայլայլը»:

Անտառի փոքրիկ բնակիչները վստահ են, որ երեխաներն անպայման կարձագանքեն իրենց կոչին…

DSC00786Հեքիաթի հեղինակը Սաթենիկ Առաքելյանն է: Սաթենիկը 14 տարեկան է, սովորում է Աղասի Խանջյանի անվ թ. 53 դպրոցում՝ 9-րդ դասարանում: Երգում է երգչախմբում և հաճախում երաժշտական դպրոց` դաշնամուրի եւ կիթառի դասերի: Հոբբին լուսանկարչությունն ու լողն են: 

 


Like it? Share with your friends!

6 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։