Առավոտյան, երբ արթնանում ես, երբեմն բոլորովին ցանկություն չես ունենում նախաճաշելու, չէ՞: Ես քեզ շատ լավ հասկանում եմ, բայց չէ՞ որ դպրոց պետք է գնաս, ու մի քանի ժամ շարունակ քո փոքրիկ ու խելացի ուղեղը պետք է շատ ծանրաբեռնված աշխատի ու ընկալի այն ամենը, ինչ սովորեցնում են քո ուսուցիչները: Այնպես որ նա քո օգնության կարիքն ունի ու նրան պետք են շատ կալորիաներ, որոնք գտնվում են ուտելիքի մեջ: Եթե նախաճաշելը քեզ շատ ձանձրալի է թվում, ապա փորձիր մայրիկի հետ միասին պատրաստել այս համեղ ու զվարճալի նախաճաշերից որևէ մեկը: Ամեն առավոտ դու կարող ես մի նոր ուրախ նախաճաշ պատրաստել ու այդ դեպքում նախաճաշելը կդառնա քեզ համար ոչ թե պարտականություն այլ իսկական տոն: