Երբ մենք խոսում ենք, բազմաթիվ բառեր ենք օգտագործում, իսկ այդ բառերը կազմված են տարբեր հնչյուններից՝ ձայնավոր ու բաղաձայն: Նրանք այնքան էլ շատ չեն ու որոշակի քանակի են տարբեր լեզուներում: Եվ մարդիկ դեռ հին ժամանակներում հասկացան, որ հարկավոր է իրենց գործածած հնչյունները վերածել նշանների ու գրի առնել: Ահա այդպես էլ հնչյունները դարձան տառեր ու տեղավորվեցին այբուբենների մեջ: Այդ այբուբենների մի մասը այլևս գոյություն չունեն, իսկ մյուսները շարունակում են գործածվել մինչև այսօր: Իհարկե այբուբենները փոխել են իրենց արտաքին տեսքը, որոշ տառեր դուրս են եկել ու նրանց փոխարեն նոր տառեր են հայտնվել:
Որոշ ժողովուրդների տառերը բոլորովին նման չեն մյուս լեզուներին, օրինակ չինացիները գրում են հիերոգլիֆներով, որոնք կարող են նշանակել վանկ, բառ, անգամ մի ամբողջ նախադասություն, բայց նրանց մասին դեռ կխոսենք, իսկ հիմա վերադառնանք մյուս այբուբեններին: Շատ ժողովուրդների այբուբեններ էլ նման են միմյանց, տառերը ճիշտ նույն տեսքն ունեն, միայն երբեմն տառեր են ավելանում կամ պակասում: Պատճառն այն է, որ այդ այբուբենների հիմքում ընկած է մեկ այբուբեն՝ լատինականը: Լատիներենը այլևս չգործածվող, բայց չափազանց հետաքրքիր ու կարևոր լեզու է և այսօր գործածվող լեզուներին իր այբուբենից բացի բազմաթիվ բառեր ու արտահայտություններ է փոխանցել, որոնք շատ կարևոր են բժշկության ու բնական մյուս գիտությունների համար:
Հայաստանն ամենահին երկրներից մեկն էր, որտեղ ստեղծվեց ազգային գիր և այբուբեն: Եվ այդ չափազանց կարևոր գործը իր ուսերին վերցրեց Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց ամենամեծ ուսուցիչը: Այն ժամանակաշրջանում, երբ ստեղծվեց հայոց գիրը, դրա պահանջը հատկապես մեծ էր, որովհետև Հայաստանը շատ բարդ քաղաքական իրավիճակում էր հայտնվել և նրան հարկավոր էր ուժեղ ու զարգացած մշակույթ:
Մեսրոպ Մաշտոցը երկար ժամանակ ուսումնասիրեց տարբեր ժողովուրդների այբուբենները, շրջեց տարբեր երկրներում ու եղավ այն քաղաքներում, որոնք համարվում էին գիտության կենտրոններ և մի այնպիսի այբուբեն ստեղծեց, որ իսկապես կատարյալ էր. այն և շատ գեղեցիկ է ու համաչափ և այնքան ճիշտ ու անթերի է կառուցված ու դասավորված, որ ամբողջությամբ արտացոլում է այն բոլոր հնչյունները, որ կան հայերենում: Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծեց 405 թ., ավելի քան 1600 տարի առաջ և այսքան տարիների ընթացքում մեր այբուբենը գրեթե չենթարկվեց փոփոխությունենրի, ավելացան միայն և, օ, ֆ տառերը:
Հայոց այբուբենը դասավորված է հունական այբուբենի նմանությամբ, հայոց այբուբենի այն քսաներկու տառերը, որոնք կան նաև հունական այբուբենում, դասավորված են նույն կերպ, ինչ հունականում: Մնացած տասնչորս տառերը Մաշտոցը տեղադրել է այս տառերի միջեւ:
Հնում նաև ընդունված էր այբուբենների տառերին անվանումներ տալ: Այդպես էր արվում բոլոր լեզուներում և Մեսրոպ Մաշտոցն էլ անուններ ստեղծեց հայկական տառերի համար: Հայկական տառերի անունները միավանկ են, մինչդեռ մյուս լեզուներում դրանք երկվանկ են: Եվ գրեթե բոլոր լեզուներում այբուբեններն անվանում են օգտվելով հենց այս անվանումներից: Վերցնում են այբուբենի առաջին երկու կամ երեք տառերի անվանումները, միացնում և ստեղծում մեկ բառ: Այդպես, օրինակ, մեր «այբուբեն»-ը կազմված է Ա և Բ տառերի անուններից՝ «այբ» և «բեն»: Ռուսերեն «алфавит» բառը կազմված է «алфа» և «витa», դե իսկ անգլերեն «alphabet» բառը «alpha» և «beta» անուններից:
Դե իսկ փոքրիկներին ահա այս էջն ենք ներկայացնում, որտեղ նրանք կարող են խաղալ և սովորել հայերեն տառերը միաժամանակ:
Անահիտ Ալեքսանյան