Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Մի փոքրիկ տղա սիրում էր խաղալ դրա շուրջը: Նա ամեն օր բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառ սիրում էր խաղալ նրա հետ:
Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջը ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն, – պատասխանում է տղան, – ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:
Տղան ոգևորվում է: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում:
Ծառը տխրում է: Մի օր, սակայն, տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած:
Ծառը ուրախությունից ու հուզմունքից շնչակտուր է լինում։
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:
Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերը և երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում:
Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ, – պատասխանում է տղամարդը, – ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար, – ասում է ծառը, – դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:
Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում:
Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:
– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – ասում է ծառը, – իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – արցունքոտ աչքերով ասում է ծառը, – միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ, – պատասխանում է մարդը, – միայն մի լավ տեղ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ, – ասում է ծառը, – իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:
Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:
Այս ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ, վազվզել նրանց շուրջ: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ իրենց տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն: