ՀԵՔԻԱԹ – ՎԱՀԵՆ ՈՒ ԵՐՇԻԿԸ


Վահեն ու երշիկը

Վահեն փոխադրվում էր երրորդ դասարան: Ընդամենը մեկ կիսամյակային չորս: Վահեի երջանկությանը չափ չկար: Ախր շատ հաջողակն է, է՜ … Ոչ մի երկուս չէր ստացել, ոչ մի անգամ ծնող չէին կանչել և որ ամենակարևորն է… նիհարել էր:

Հիմա վերջապես ոչ ոք չէր կարող նրան Ցմփոր, Պոնչո, Խոզուկ կոչել, նա դարձել էր իսկական սպորտսմեն, ընկերների մեջ հարգանք էր ձեռք բերել, հիմա նույնիսկ թիթիզ աղջիկներն էին սկսել ուշադրության արժանացնել նրան:

Արդեն արձակուրդ էր, իսկ Վահեի համար ճիշտ այն ժամանակը, երբ սովորաբար բացում էր իր «գանձարանը», այն կախարդական ստվարաթղթե արկղիկը, որ ինքը այդպես խնամքով զարդարել էր ֆուտբոլիստների նկարներով:

Օհո~, բավական գումար կար հավաքված: Ինչ գնի իր համար… Գնդա՞կ, չէ մի չէ… Հինգ հատ ունի: Խոսող ռոբո՞տ, չէ, ավելի լավ է մայրիկից խնդրի (ախր, ո՞վ իր նման տղա ունի), հաստատ չի մերժի. խաղալիք ավտոմեքենաների հավաքածո՞ւ, ինչպե՞ս չես ամաչում. հո դու երեխա չե՞ս. ինքն իրեն հարցեր էր տալիս ու պատասխանում Վահեն:

Հետո պատուհանից դուրս նայեց ու տեսավ Կարենին` իր մանկության ընկերոջը, իր թմբլիկ կյանքի ընկերոջը: Կարենն իր մեծ փորը մի կերպ տեղավորել էր հեծանիվի վրա, ու բուլկին բերանը խցկելով, ծուռումուռ փողոցով առաջ էր շարժվում: Վահեն երանությամբ նայեց Կարենին, հիշեց քաղցր օրերը ու չդիմացավ, վերցրեց գումարը ու վազեց մոտակա խանութ: Բուլկի գնեց, պաղպաղակ, տորթ ու … երշիկ: Որքա՜ն ժամանակ է` չէր կերել այդ հրաշքը: Այ սա ընտրություն էր…

Ուրախ-ուրախ դուրս եկավ խանութից ու հենց այդ պահին… Ախր, որտեղից ծլեց այդ շունը, հարձակվեց Վահեի գանձերի վրա ու սկսեց քաշքշել դրանք: Տորթը ընկավ գետնին, իսկ երշիկը, խեղճ երշիկը ձգվեց, երկարեց, արդեն ուզում էր կիսվել, երբ շունը հաղթանակ տարավ: Վահեի աչքերը լցվեցին ու վազող շան հետևից լացակումած գոռաց.

   -Տա՛ր, տա՛ր, տեսնեմ առանց հացի ո՞նց ես ուտելու…

 Էլ չդիմացավ, նստեց քարին ու լաց եղավ: Նայեց պաղպաղակին, որ հալվել-վերջացել էր, տորթից հետք անգամ չէր մնացել, միակ մխիթարանքը բուլկին էր, որ արցունքներից աղի ձողիկ էր դարձել: Չնայաց դրան Վահեն սկսեց մեծ հաճույքով ուտել այն: Հետո Կարենին հանդիպեց, պատմեց իր հետ կատարվածը, երկուսով մի կուշտ ծիծաղեցին: Կարենն էլ բացեց իր գաձարանը միասին խանութ գնացին, լիքը բուլկի գնեցին ու երշիկ, և ոչ մի շուն չհամարձակվեց դիպչել ընկերներին:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։