Շատ ու շատ տարիներ առաջ աշխարհում դեռ գրքեր չկային ու շատ մարդիկ անգամ գրել ու կարդալ էլ չգիտեին: Բայց նրանք, միևնույն է, անչափ շատ էին սիրում հեքիաթներ ու զարմանալի պատմություններ և հենց իրենք էլ հորինում էին ու պատմում միմյանց: Դե իսկ լսողներն էլ ուրիշներին էին պատմում: Եվ այն մարդկանց, ովքեր կարողանում էին լավ հեքիաթներ հորինել կամ էլ լավ պատմել, կոչում էին հեքիաթասացներ: Ամենալավ հեքիաթասացները տատիկներն ու պապիկներն էին, չէ որ նրանք գիտեին ամենամեծ թվով հեքիաթները ու հասցրել էին հմտանալ իրենց գործում:
Իսկ հետո, երբ սկսվեց գրքերի տպագրությունը, հեքիաթներն արդեն հայտնեցին գրքերի էջերին: Բանահավաքները լսում էին հեքիաթասացներին ու գրի առնում հեքիաթները: Մարդիկ ավելի շատ կարդում էին հեքիաթները, իսկ տատիկներն ու պապիկներն էլ սկսում էին մոռանալ իրենց սիրելի պատմությունները: Հեքիաթասացության արվեստը մոռացության էր մատնվում, մինչդեռ այն այնքան ինքնատիպ ու զարմանալի աշխարհ էր:
Սակայն ի ուրախություն մեզ, դա գիտակցեցին և որոշեցին իրավիճակը շտկել այստեղ՝ Երևանում: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցները արդեն երրորդ տարին նախաձեռնում են մի հրաշալի փառատոն, որին մասնակցում են բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են և կարողանում են հեքիաթներ պատմել: Հեքիաթասացների այս փառատոնը կոչվում է «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթային անվանումով:
Այս տարի փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և տևելու է երեք օր: Փառատոնի մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են և ներկայացնում են իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները: Հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով, չէ՞ որ նրանց «համն ու հոտը» շատ հաճախ թաքնված է հենց բարբառների մեջ: Պատմվող հեքիաթի տեւողությունը մինչեւ 7 րոպե է, և այն ոչ ուղեկցվում է ուրախ բեմադրությամբ, որում խաղում են հենց հեքիաթասացները:
Քանի որ փառատոնը հեքիաթին է վերաբերում, ուրեմն դրամական մրցանակները եւս պետք է լինեն հեքիաթային: Առաջին դրամական մրցանակը կոչվում է Թագավորի փոքր տղայի (կամ աղջկա) մրցանակ, երկրորդ մրցանակը՝ Թագավորի միջնեկ տղայի (աղջկա մրցանակ), երրորդ տեղինը՝ Թագավորի մեծ տղայի (աղջկա) մրցանակ: Թագավորի փոքր տղայի մրցանակը 1քսակ ոսկի է (100 000դրամ), թագավորի միջնեկ տղայի մրցանակը՝ 1 քսակ արծաթ (90 000դրամ) եւ թագավորի մեծ տղայի մրցանակը՝ 1քսակ մարգարտահատիկ (80 000դրամ):
Այս հեքիաթային փառատոնին կարող ես ականատես լինել նաև դու, երեկոյան ժամը 19-ին շտապիր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան ու միացիր տոնին: Մուտքն ազատ է: Մաղթում ենք հաճելի ժամանց: