Այս հոգեբանական հեքիաթը կարող է օգնել Ձեզ և Ձեր փոքրիկին, եթե նա ունի վախ ինչ-որ բան սխալ կատարելուց, վախ դպրոցից, վագնահատականներից: Հեքիաթը նախատեսված է 6-10 տարեկան երեխաների համար: Իսկ թե ինչպես օգտագործել հոգեբանական հեքիաթները կարող եք գտնել ահա այս էջում:
Մի հեքիաթային քաղաքում ապրում էր փոքրիկ կատվիկը: Նա ուներ մայրիկ ու հայրիկ, բացի այդ նա նաև դպրոց էր գնում: Այո, այո, նույնիսկ հեքիաթային քաղաքում փոքրիկ կատուները դպրոց են գնում: Բայց կատվիկը չէր սիրում դպրոց գնալ: Նա միշտ կամակորություն էր անում, երբ պատրաստվում էր առավոտյան դպրոց գնալ: Հետո նա երկար անհանգստանում էր, մինչև ավտոբուսով դպրոց էր հասնում: Դպրոցում կատվիկն ավելի շատ էր անհանգստանում դասերի ժամանակ ու քիչ էր մնում լաց լիներ վախից՝ թաքնվելով գրքի ետևում, որպեսզի ուսուցիչը չնկատի իրեն: Տան ճանապարհին նա արագ անցնում էր բակերի միջով՝ չսպասելով իր ընկերներին:
Մայր կատուն շատ վշտացավ, երբ իմացավ այդ մասին: Եվ մի օր երեկոյան, երբ պառկեցնում էր կատվիկին քնելու, մայր կատուն մի կողմ քաշեց ծածկոցը, շոյեց նրա մորթին և հարցրեց.
-Փոքրիկս, ես տեսնում եմ՝ դու չես ուզում դպրոց գնալ: Ինչո՞ւ:
-Ես ողջ ժամանակ վախենում եմ, մայրիկ,- խոստոանեց կատվիկը,- վախենում եմ դասերի ժամանակ, վախենում եմ համադասարանցիներիցս:
-Իսկ ի՞նչ կա այդտեղ վախենալու,- զարմացավ մայրիկը:
Ա՜խ, մայրիկ, դու ոչինչ չես հասկանում: Ես անընդհատ անհանգստանում եմ, որ ինչ-որ բան անում եմ ոչ այնպես. ավտոբուսում վախենում եմ, որ շրջադարձին վայր կընկնեմ, և բոլորը կծիծաղեն ինձ վրա: Դպրոցում ես վախենում եմ, որ սխալ կպատասխանեմ և ուսուցիչը «2» կնշանակի: Իսկ փողոցում վախենում եմ, որ բոլոր գազանիկները ինձնից ավելի արագ կվազեն կամ երբ ընկերներով խաղում ենք, «ով ավելի հեռու կնետի», ինձ մոտ չի ստացվում հեռու նետել, և ոչ ոք ինձ հետ ընկերություն չի անի,- ասաց կատվիկը և այնքան խղճաց իրեն, որ քիչ մնար լաց լիներ:
-Դե լավ, մի վշտացիր, փոքրիկս,- քնքշորեն ասաց մայրիկը,- ես քեզ կօգնեմ, բայց վաղը, իսկ հիմա ժամանակն է, որ քնես:
Ուրախացավ կատվիկը և գոհ քնեց: Իսկ մայրիկը մտածեց և ելք գտավ, թե ինչպես օգնի իր կատվիկին:
Առավոտյան մայրիկը կատվիկին կոնֆետներով փոքրիկ տուփ տվեց և ասաց.
-Հենց որ սկսես վախենալ, որ ինչ-որ բան կարող է քեզ մոտ չստացվել, հանիր կոնֆետներից մեկը, կեր և երեք անգամ կրկնիր այս կախարդական խոսքերը. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ լավ կլինի:
Երեկոյան կատվիկը դպրոցից տուն եկավ ուրախ և բացականչեց.
-Ուռռա՜, մայրիկ, ես այսօր ոչնչից չեմ վախեցել, դպրոցում «5» եմ ստացել և ես բոլորից արագավազն էի: Ի՜նչ հրաշալի կոնֆետներ էին:
Մայրիկ կատուն ժպտաց և ասաց.
-Փոքրիկս, ես ուզում եմ քեզ մի գաղտնիք բացել: Բանը նրանում է, որ ես քեզ ոչ թե կախարդական, այլ սովորական կոնֆետներ եմ տվել:
-Ինչպե՞ս սովորական,- չհավատաց կատվիկը,- իսկ ինչո՞ւ ես չէի վախենում, «5» ստացա, բոլորից արագ վազեցի: Դու երևի խաբո՞ւմ ես:
-Չեմ խաբում,-ասաց մայրիկը,- իրականում ես տուփի մեջ ամենասովորական կոնֆետներ էի դրել: Եվ քանի որ դրանք կախարդական չէին, ուրեմն քեզ չէին կարող օգնել: Դու հավատացիր քո ուժերին և հաղթահարեցիր: Դա նշանակում է, դու ընդմիշտ հաղթեցիր քո վախին, իմ փոքրիկ հերոս:
-Ի՜նչ լավ է, որ ես այլևս չեմ անհանգստանում,- բացականչեց կատվիկը:
-Դա հրաշալի է, որ ես ինքս հաղթահարեցի վախս: Ես երևի ինքս ինձ վրա կծիծաղեմ, եթե դրմբամ գետնին: Դա բոլորովին ամոթ չէ: Մի փորձեմ,- ասաց կատվիկը և անմիջապես ընկավ գետնին՝ ձգվելով ծովային աստղի նման:
-Հա-հա՜, ի՜նչ զվարճալի է, սա ավելի շուտ ծիծաղելի է, քան ամոթալի: Երևի կարելի է փորձել նորից «2» ստանալ:
-Դե, դե, է՞լ ինչ կարող ես մտածել,- անհանգստացավ մայրիկ կատուն, – ինչիդ է պետք «2» ստանալը:
-Չէ, «2» -ի հաշվով կատակ արեցի: Իսկ եթե սկսես անհանգստանալ ինձ համար, կոնֆետ կեր և երեք անգամ կրկնիր. «Ես անհանգստանալու պատճառ չունեմ», և ամեն ինչ կանցնի: Փորձված միջոց է:
Իսկ դու կարո՞ղ ես հորինել ավելի ուժեղ կախարդական խոսքեր: