«Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է, թողեց թելերը` իր է, առարկա»:
Երվանդ Մանարյան
Տիկնիկային թատրոնը թատրոնի մի տեսակ է, որտեղ դերասանները հենց տիկնիկներն են: Այս տեսակը ձևավորվել է հնագույն ժամանակներից: Նման թատրոններ գործել են Հունաստանում, Չինաստանում, Հնդկաստանում և մի քանի այլ երկրներում դեռևս մ.թ.ա.: Տիկնիկային թատրոններն ընդունված են եղել միշտ և բոլոր երկրներում, այդ թվում և ` Հայաստանում:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին Երևանում: Թատրոնն իր առաջին քայլերն արել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով: Բայց այսօր ներկայացումների մեծ ցանկ գոյություն ունի:
Տիկնիկային թատրոնում այժմ գործում է Պավլոս Բորոյանի անունը կրող թանգարան, որտեղ ներկայացված են մոտ 200 ցուցանմուշ: Այնպես որ, բացի հետաքրքիր ներկայացում դիտելուց, դու հնարավորություն ունես մի լավ ուսումնասիրել թանգարանը:
Իմիջայլոց, այդ ամենը գուցե ոգեշնչի քեզ, և դու էլ որոշես տիկնիկներ պատրաստել և մասնակցել ներկայացումներին: Քեզ մոտ հաստատ կստացվի, չէ՞ որ երբ դու խաղում ես տիկնիկների հետ, նրանց կենդանություն ես հաղորդում, նրանց մեջ դնում ես քո երազանքներն ու հավատում, որ դրանք իրականանալու են:
Տիկնիկավարներն էլ հենց նրանք են, ովքեր չնայած իրենց տարիքին ու հոգսերին, մեկ է, շարունակում են երազել ու հավատալ, որ տիկնիկները նույնպես հոգի ունեն:
Իսկ եթե որոշես գնալ թատրոն, քեզ հետ տար նաև եղբորդ, քույրիկիդ և ծնողներիդ, որովհետև տիկնիկային թատրոնը սիրով իր դռները բացում ու ներս է հրավիրում բոլոր տարիքի մարդկանց առաջ:
Անի Ավագյան