Մի օր մի փոքրիկ տիկնիկ մուտք գործեց մարդկանց աշխարհ ու իր հետ բերեց նաև իր գունավոր ու ուրախ աշխարհը: Այդ տիկնիկը Իլոնան էր, նույն ինքը՝ Իլոնա Միթրեսեյը, փոքրիկ երգչուհին Ֆրանսիայից, ով տեսահոլովակներում հանդես էր գալիս այս հմայիչ կերպարով:
Նրա անունը թնդաց ողջ աշխարհով 2004 թվականին «Un Monde Parfait» երգի շնորհիվ, երբ Իլոնան ընդամենը 11 տարեկան էր: Նա ծնվել է Փարիզի մոտակայքում և ապրում է իր երգիչ հայրիկի և հրատարակչությամբ զբաղվող մայրիկի հետ: Երգել սկսել է վաղուց, բայց թե ինչպես և ինչու Իլոնայի հենց այս երգը այսքան սիրվեց և անմիջապես հանրահայտ դարձրեց աղջկան, ոչ ոք չգիտի: Այն ամիսներ շարունակ առաջին հորիզոնականում էր բոլոր հնարավոր ու անհնար հիթ-շքերթներում:
Իլոնայի տեսահոլովակները անիմացիոն են, իսկ երաժշտական ոճը Իլոնան ինքը անվանում է մանկական անմեղ տեխնո-փոփ: Նրա ամեն տեսահոլովակը մի փոքրիկ մուլտֆիլմ է: Լսում ես այս թեթև, բարի երգերը, դիտում տեսահոլովակը, իսկ երբ այն ավարտվում է, ուզում ես անպայման մեկ անգամ էլ դիտել:
Իլոնան մանկական ինքնատիպության, պոզիտիվ զգացողությունների ու ինչ-որ անորսալի հեքիաթի միախառնումն է: Թե չէ ինչու պետք է լուրջ մեծահասակները այդպես հիացած լսեն կոկորդիլոսների մասին երգերն ու նայեն, թե ինչպես են պարում զվարճալի կովերը: Այնքան դժվար է «պոկվել» այս տեսահոլովակներից և չնայել Իլոնայի «համով մռութիկին» ու զարմանալի մեծ աչքերին:
Երբ Իլոնան մի քիչ մեծացավ, դադարեց տեսահոլովակներ նկարահանել, և այժմ հայտնի չէ, թե ինչով է նա զբաղում: Հուսանք, որ Իլոնան նորից կհայտնվի իր հեքիաթային կերպարով ու տեսահոլովակներում, չէ՞ որ կյանքը, այնուամենայնիվ, հիասքանչ է, անգամ երբ նայում ես այդ ամենին մեծահասակների աչքերով:
Անահիտ Ալեքսանյան