Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, դերասան Գլեբ Կոտելնիկովի շնորհիվ մարդիկ ազատ շունչ քաշեցին. ինքնաթիռի վթարի դեպքում նրանք կարող էին փրկվել ու անվնաս վայրէջք կատարել: Հարկավոր էր միայն սեղմել փոքրիկ ձգանը և փրկարար պարաշյուտը հանգիստ կիջեցներ ուղևորին մինչև երկիր: Ահա այսպես 100 տարի առաջ ստեղծվեց պարաշյուտը…
Գլեբը ինժեներ չէր և գրեթե ոչինչ չգիտեր ինքնաթիռների ու նրա սարքավորումների մասին: Այդ տարիներին ինքնաթիռները դեռ նոր-նոր էին ստեղծվել և օդաչուներն էլ անփորձ էին: Եվ մի օր դերասանն ականատես եղավ ավիավթարի: Նա երբեք չմոռացավ այդ տեսարանը և փորձեց գտնել մի միջոց փրկելու վթարված ինքնաթիռի մեջ գտնվող մարդկանց:
Կոտելնիկովը դա արեց փոքրիկ արկղում գտնվող զսպանակների օգնությամբ: Արկղիկն ամրացվում էր պարաշյուտիստի թիկունքին, և անհրաժեշտության դեպքում փոքրիկ օղակից ձգելով պարաշյուտիստը ակնթարթորեն բաց էր անում տուփիկը, և զսպանակները «դուրս էին նետում» պարաշյուտը: Կոտելնիկովը շարունակեց ավելի ու ավելի կատարելագործել պարաշյուտը, և շուտով այն ոչ միայն սկսեց փրկել մարդկանց ավիավթարների ժամանակ, այլև հնարավորություն տվեց էքստրեմալ սպորտի սիրահարներին ստեղծելու նոր սպորտաձև: Պարաշյուտային թռիչքները մինչև այսօր էլ ամենասիրված զբաղմունքներից են արկածասերների համար:
Թող բոլոր պարաշյուտները պետք գան միայն զվարճանքի համար ու թռչունի պես սավառնելով՝ բոլոր պարաշյուտիստները հանգիստ ու թեթև վայրէջք կատարեն երկրի վրա:
Անահիտ Ալեքսանյան