Լինում է, չի լինում Ֆորտիս անունով մի աստղ է լինում: Նա այնքան ուժեղ և գեղեցիկ էր, որ բոլոր տղա աստղերը նախանձում էին նրան, իսկ աղջիկները խենթանում էին նրա սիրուց: Լուսաշող աղջիկ աստղերը ամեն ինչ անում էին, որպեսզի գրավեին նրա սիրտը:
Բայց Ֆորտիսի սիրտը պատկանում էր ուրիշին: Նա սիրում էր Պուլքեր անունով մի շատ գեղեցիկ ծաղկի: Պուլքերը գիտեր այդ մասին և նույնպես սիրում էր նրան:
Բայց,ավա՜ղ, նրանց միջև կար մի ահռելի տարածություն, որ բաժանում էր սիրահարներին իրարից: Նրանք անհաս սիրահարներ էին: Երկուսն էլ ապրում էին՝ միմյանց մասին երազելով, և հավատում էին, որ մի օր կլինեն միասին: Ամեն անգամ, երբ բացվում էր առավոտը, ծաղկի մով աչքերին արցունք- ցող էր երևում, դա նրա սիրտն էր, որ լալիս էր իր հեռացած աստղի համար: Ամբողջ օրը նա տխուր նայում էր երկնքին՝ հավատալով, որ Ֆորտիսը այնտեղից թաքուն-թաքուն նայում է իրեն, թեև,իհարկե, տեսնում էր, որ սիրեցյալը երկնքում չէ: Իսկ երբ գալիս էր գիշերը, Պուլքերը չէր քնում. իր կարոտն էր առնում Ֆորտիսից՝ անհագ նայելով նրան:
Մի օր էլ Ֆորտիսը չի դիմանում և ասում է.
—էլ ինչո՞վ եմ ես ուժեղ, որ չեմ կարող գնալ իմ աննման Պուլքերի մոտ, իմ կյանքը գեղեցկացնողի մոտ: Ես գիտեմ, որ նա ինձ սիրում է և միշտ իմ մասին է մտածում, էլ ինչու՞ չեմ խիզախում ու գնում նրա մոտ: Երբ գնամ այնտեղ, էլ ետ չեմ դառնա այս անիրավ ընկերներիս մոտ: Նրանք ինձ չեն սիրում:
Իսկապես որ շատ չարն էին Ֆորտիսի ընկերները, նրանք միշտ բամբասում էին և ծաղրում նրա սերը: Իսկ երբ լսում են այս խոսքերը, մտածում են, թե ինչ անեն, որ նա չկարողանա գնալ Պուլքերի մոտ: Հաջորդ գիշեր աստղերը շրջապատում են Ֆորտիսին և նրա ուշադրությունը գրավում իրենց պատմություններով: Եվ այսպես շարունակ:
Իսկ Պուլքերը օրեցօր ավելի էր հյուծվում ու մաշվում: Նրա դեմքը միշտ գունատ էր, սիրտը՝ միշտ տխուր: Պուլքերը շարունակ տենդի մեջ էր.
—Ա՜խ, ինչպե՞ս անեմ, որ Ֆորտիսի մոտ գնամ, ես սիրում եմ նրան: Ինչու՞, ինչու՞ չեմ կարող գրկել նրան գոնե մեկ վայրկյանով: Միթե՞ նա ինձ չի սիրում, ինչու՞ ինքը չի գալիս ինձ մոտ, ինձ չի՞ կարոտում: Ա՜, նա ինձ չի սիրում, չի սիրում, ես գիտեմ: Նա ինձ խաբեց, իմ սիրտը կոտրեց:
Այսպես օր օրի Պուլքերի վիճակը ավելի էր վատանում, իսկ ընկերուհիները թաքուն ծիծաղում էին նրա վրա և սուտ-սուտ բաներ էին ասում ու ավելի ծանրացնում նրա հոգին:
—Գիտե՞ս, որ քո սիրելի Ֆորտիսը վաղուց մոռացել է քեզ, —ասում էր նրանցից մեկը:
—Այո՛, դու ճիշտ ես, ես իմացել եմ, որ նա հիմա ուրիշ աստղի հետ ընտանիք է կազմել: Խորհուրդ եմ տալիս մոռանալ նրան: Նա երբեք էլ քեզ չի սիրել: Դու կարող էիր հասկանալ դա ավելի շուտ: Ինչպե՞ս կարող էր նա քեզ նմանին սիրել,-ասում էր մեկ ուրիշը:
Եվ այսպես այդ չարախոսները կեղեքում էին Պուլքերի հոգին ու սիրտը:
Մի օր էլ Ֆորտիսը, նայելով ներքև, տեսնում է, որ Պուլքերի չքնաղ աչուկներն այլևս վեր չեն նայում.նա խոնարհել է նրբագեղ գլխիկը և կծկվել: Այդ ժամանակ Ֆորտիսը հասկանում է, որ վիրավորել է Պուլքերի զգայուն սիրտը: Իրեն կորցրած Ֆորտիսը խենթի նման նետվում է ցած: Երբ Պուլքերը տեսնում է Ֆորտիսին, երջանկությունից մարում է նրա գրկում: Աստղի ջերմ շունչը արթնացնում է Պուլքերին ծանր թմբիրից, և նրանք ամուր գրկում են միմյանց:
Այսպես նրանք ապրեցին երկա՜ր, շա՜տ երկար: Այս պատմությունը շատ բան սովորեցրեց նրանց չար ընկերներին՝ դարձնելով բարի ու գթասիրտ:
Նաիրուհի Թովմասյան
14 տարեկան
ք. Երևան, «Այբ» ավագ դպրոց