Եթե աշխարհը պատկերացնենք մի թափարակ գաթայի տեսքով, ապա այդ գաթայի մեծ մասը կլինեն ծովերն ու օվկիանոսները, և միայն մի փոքր կտոր կմնա ցամաքի համար: Իսկ առյուծի բաժինը կկազմեն անապատները, արևադարձային անտառները, սարերը, սառցադաշտերն ու տափաստանները: Այդ փոքրիկ կտորի միայն մի մասն է, որտեղ մարդիկ կարող են ապրել ու զբաղվել հողագործությամբ:
Ջուրն այնքան կարևոր է մարդու կյանքում, որ առաջին քաղաքները ստեղծվել են հենց ջրի ափին՝ Տիգրիս և Եփրատ գետերի ափին, ավելի քան 5000 տարի առաջ:
Աշխարհի ամենաերկար գետը Նեղոսն է: Այն ձգվում է հյուսիսային Աֆրիկայով 6670 կմ: Նրա մի ծայրից մյուսը քայլելու համար պահանջվում է չորս ամիս:
Հարավային Ամերիկայում է գտնվում աշխարհի ամենաջրառատ գետը՝ Ամազոնը: Նրա մեջ են թափվում ավելի քան 200 մեծ ու փոքր գետեր: Ամազոնի ջրառատ տարածությունը հավասար է մի ամբողջ աշխարհամասի՝ Ավստրալիայի տարածությանը: Գետի երկարությունը հասնում է 6430 կմ: Նման տարածությունը վազքով անցնելու համար պահանջվում է երկու ամիս:
Աշխարհի երկրորդ երկար գետը Յան Ցզին է: Այն գտնվում է Չինաստանում և ունի 6300 կմ երկարություն: Հեծանիվով այդ տարածությունն անցնելու համար ձեզնից կպահանջվեր մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակ:
Աշխարհի ամենացածրադիր վայրը Մեռյալ ծովն է, որը գտնվում է Իսրայելի և Հորդանանի սահմանին: Նրա ջուրն այնքան աղի է, որ մարդն այնտեղ չի սուզվում:
Ավստրալիայում գտնվող Էյր լիճը տարվա մեծ մասը չոր է և ծածկված է մոտ 4 մետր հաստության աղաշերտով:
Բաոբաբ ծառն իր մեջ պարունակում է 500 վաննա ջուր: Այն աճում է Աֆրիկայում ու Մադագասկար կղզում (և, իհարկե, Փոքրիկ Իշխանի մոլորակում):
Կաթնածառն աճում է Բրազիլիայում: Նրա հյութը կարելի է խմել ծարավ ժամանակ:
Աշխարհի ամենաչոր վայրը գտնվում է Չիլիում: Դա Ատակամա անապատն է, որտեղ արդեն 400 տարի ոչ մի կաթիլ անձրև չի տեղացել: