Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում: Այդ թագավորն ապրում է իր կնոջ հետ միայնակ. նրանք երեխաներ չեն ունենում: Թագավորը ամեն օր Աստծուց խնդրում է` իրեն մի զավակ պարգևի: Թագավորը այնքան բարի է լինում , որ Աստված լսում է նրա խնդրանքը և մի տղա է պարգևում:
Անցնում են տարիներ, տղան մեծանում է, դառնում է շատ գեղեցիկ երիտասարդ: Օրերից մի օր արքայազնը ծանր հիվանդանում է: Թագավորը կանչում է աշխարհի լավագույն բժիշկներին, որպեսզի բուժեն իր մինուճար որդուն: Բժիշկները որքան էլ ջանում են, չեն գտնում արքայազնի հիվանդության պատճառը: Թագավորը շատ է տխրում, մտածում է, որ կարող է կորցնել իր որդուն:
Բայց լիալուսնի մի խորհրդավոր գիշեր արքայազնը իր երազում տեսնում է երկնային գեղեցկություն ունեցող մի աղջկա , որը խորհրդավոր, մեղմ ժպտում է արքայազնին, ապա անհետանում անտառի խորքում: Առավոտյան, երբ արքայազնը արթնանում է, փորձում է մտաբերել այդ երազը:
Անցնում են օրեր, արքայազնը չի լավանում: Հերթական մի լիալուսին գիշեր տղան ևս մեկ անգամ է տեսնում այդ խորհրդավոր գեղեցկուհուն, և այս անգամ աղջիկը ձեռքը մեկնում է տղային և տալիս մի գեղեցիկ խնձոր: Արթնանալով` արքայազնը իր կողքին տեսնում է այդ խնձորը և ուտում է, մի քանի ժամ հետո իրեն լիովին լավ է զգում: Թագավորը զարմանում է , երբ տեսնում է իր որդուն առողջացած: Կանչում է երկրի իմաստուններին , որպեսզի մեկնաբանեն այդ երազը:
Իմաստուններից ոչ ոք չի կարողանում մեկնաբանել երազը: Այդ դեպքից հետո անցնում են օրեր և ամիսներ, տղան հաճախակի գնում է որսի: Օրերից մի օր տղան տուն վերադառնալիս հեռվում տեսնում է մի աղոտ լույս: Արքայազնը գնում է լույսի ուղղությամբ և տեսնում է իր երազների աղջկան: Խորհրդավոր գեղեցկուհին մեղմ ժպտում է և անհետանում: Մի օր էլ արքայազնը, անտառում ձիով զբոսնելիս, հեռվում տեսնում է փոքրիկ տնակ: Մոտենում է այդ տնակին: Արքայազնի առջև է դուրս գալիս խորհրդավոր գեղեցկուհին, երբ այս անգամ աղջիկը փորձում է փախչել, արքայազնը ամուր բռնում է նրա ձեռքը: Աղջիկը մի ակնթարթում դառնում է կարապ ու թռչում է երկինք: Այդ պահին նրա թևերից պոկվում է մի փետուր: Տղան, տեսնելով փետուրը, վերցնում է այն և հանկարծ տեսնում է իր կողքին կանգնած մի հրաշք գեղեցիկ աղջիկ: Նա անմիջապես այրում է փետուրը, ու աղջկա կախարդանքը վերանում է: Տղան բռնում է աղջկա ձեռքը, տանում է պալատ:
Թագավորը, տեսնելով իր տղային և խորհրդավոր գեղեցկուհուն միասին , շատ է ուրախանում, հավաքում է պալատականներին և յոթ օր , յոթ գիշեր հարսանիք են անում: Երկնքից մի զամբյուղ խնձոր է ընկնում. մեկը` պատմողին մնացածը` բոլոր կարդացողներին: