Եթե տանը շնիկ կամ կատու ունես, երևի նկատել ես, որ երբեմն, երբ նրանց ինչ-որ բան ես ասում, խնդրում ես քո հողաթափիկները բերել կամ էլ բարևել ձեր տան հյուրերին, նրանք խելոք ենթարկվում են քեզ: Նրանք քեզ հասկանում են անգամ այն ժամանակ, երբ տխուր ես լինում: Մոտենում են, նստում կողքին ու քեզ նման տխրում, ու երբ նայում ես նրանց աչքերին, հասկանում ես, թե որքան խելացի են նրանք:
Դե իհարկե, նրանք դպրոց չեն հաճախում քեզ նման, բայց փոխարենը, նրանց կարելի է վարժեցնել ու սովորեցնել ամեն ինչ: Օրինակ, քո փիսիկին կարող ես սովորեցնել ինքնուրույն պետքարան գնալ, մի քանի փորձից հետո նա կընտելանա ու միշտ կհետևի կարգ ու կանոնին: Իսկ շներին էլ կարելի է հաշվել սովորեցնել մինչը հինգը, նրանք կարողանում են նաև պարզ մաթեմատիկական հաշվարկներ անել և հասկանալ մինչև 250 բառ և ժեստ:
Իսկ գիտե՞ս, որ միայն շների ու կատուների նման, գուցե նրանցից էլ ավելի խելացի են առնետները: Եթե առնետներին վարժեցնեն, նրանք կարողանում են տարբերակել լեզուները և մարդկային ձայները: Առնետները նաև վրիժառու են. եթե վնասեք նրանց փոքրիկին, նրանք անպայման վրեժ կլուծեն: Իսկ երբ առնետները թակարդ են տեսնում, այնքան են ցնցում այն, մինչև թակարդի զսպանակը դուրս է թռչում, և այդ ժամանակ հանգիստ վայելում են թակարդի խայծը: Առնետները անմիջապես զգում են նաև, երբ ուտելիքը թունավորված է լինում, անգամ թաթիկներով ետ են պահում մյուս առնետներին ու զգուշացնում վտանգի մասին:
Շատ խելացի են համարվում նաև խոզերն ու ոչխարները: Խոզուկները ժամանակի հրաշալի զգացողություն ունեն ու րոպեների ճշտությամբ գիտեն, թե երբ է իրենց ճաշի ժամը: Իսկ ոչխարներն էլ հրաշալի հիշողություն ունեն և անսխալ հիշում են մարդկանց ու կենդանիների դեմքերը: Միայն թե նրանք շատ վախկոտ են, ահա թե ինչու մարդիկ նրանց երբեմն հիմար են համարում:
Ամենախելացի կենդանիների ցուցակում իր պատվավոր տեղն ունի նաև աշխարհի ամենամեծ կաթնասունը՝ փիղը: Նա այնքան խելացի է, որ կարող է ճանաչել ինքն իրեն հայելու մեջ: Փղերը նույնպես շատ լավ հիշողություն ունեն, դա հարկավոր է թշնամիներին ու բարեկամներին տարբերելու համար: Եվ եթե մեկը հայտնվի իր թշնամիների ցուցակում, ապա փիղը այլևս երբեք նրան չի վստահի: Մայրիկ փղերը նաև չափազանց հոգատար են ոչ միայն իրենց բալիկների, այլև ամուսինների հանդեպ: Իսկ միմյանց հետ փղերը հաղորդակցվում են շատ խուլ մի ձայնով ու իրենց յուրահատուկ մաշկի միջոցով կարողանում են հասկանալ, թե ինչ է ասում իրենց ընկեր փիղը: Փղերը նաև շատ բարի են ու բնական աղետների ժամանակ օգնության են հասնում մարդկանց:
Շատ խելացի են ոչ միայն կաթնասունները, այլև թռչունները. Օրինակ՝ թութակները կարողանում են կտուցով բռնել թելն ու ասեղը ու կար անել, իսկ ագռավները իրենց ուզածին կարողանում են հասնել ամեն գնով: Օրինակ, եթե ընկույզը չեն կարողանում կոտրել, բարձրացնում են այն իրենց հետ մինչև ծառի վերին ճյուղը ու ներքև նետում այնքան անգամ, մինչև որ կոտրվի: Ագռավները նաև ճանաչված գողեր են ու թռցնում են համարյա ամեն ինչ և զարդարում իրենց բույնը ձեռք բերած գողոնով:
Խելացի կենդանիներ նաև ծովում են ապրում: Ութոտնուկներն, օրինակ, ոչ միայն ֆուտբոլային խաղերի արդյունքն են կարողանում գուշակել, այլև տարբերում են մարդկանց դեմքերը, ճանաչում են երկրաչափական պատկերները: Ծով թափված անպետք իրերից իրենց համար շատ ինքնատիպ բնակարաններ են կառուցում, իսկ հետապնդող թշնամիներից էլ հրաշալիորեն խուսափում են՝ փոխելով իրենց ողջ գունավորումը մեկ վայրկյանից ավելի քիչ ժամանակահատվածում:
Դելֆիններն էլ այնքան խելացի են, որքան և հմայիչ: Նրանց կարելի է սովորեցնել փրկել խեղդվող մարդկանց, հետազոտել ծովի հատակը ու հայտնաբերել խորտակված նավեր: Դելֆինները նաև ունեն իրենց հատուկ հաղորդակցման լեզուն՝ ուլտրաձայնը:
Դե իսկ ամենախելացի կենդանիները, իհարկե, կապիկներն են, իսկ նրանցից խելացին էլ շիմպանզեն է: Պատկերացնո՞ւմ ես, նրանք անգամ համակարգչից են գլուխ հանում: Եթե նրանց վարժեցնեն, նրանք կկարողանան հաշվել, խոսել խուլ ու համրերի լեզվով և ինքնուրույն հագնվել:
Այնպես որ, միայն մարդիկ չեն խելացի, մեր չորքոտանի, փետրավոր ու պոչավոր բարեկամները գրեթե չեն զիջում մեզ և հրաշալի ընկերներ ու «զրուցակիցներ» կարող են լինել մեզ համար:
Անահիտ Ալեքսանյան