Գարնանամուտ
Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:
Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:
Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:
Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:
Համո Սահյան
Ծաղիկները
-Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սուս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:
«Ելեք, կասի, իմ մանուկներ».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:
Հովհաննես Թումանյան
Մարտը
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:
Հովհաննես Թումանյան