3D ԲԱՑԻԿ ՏԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ. ՄԱՐՏԻ 8


2 shares

Թեև մարտի 8- ին մեր ամենակարևոր առաքելությունը մայրիկներին շնորհավորելն է, բայց ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ նաև մեր սիրելի տատիկների մասին: Չէ՞ որ նրանք էլ մեր մայրիկների ու հայրիկների մայրիկներն են և քո նվերը շատ կուրախացնի նրանց:

Այս դեպքում դու կարող ես դիմել անգամ մայրիկի օգնությանը, նա հաստատ չի գուշակի, որ իր համար էլ դու հրաշալի անակնկալ ես պատրաստել: Եվ հետո, այս բացիկը, որն առաջարկում եմ պատրաստել տատիկի համար, ծավալային է՝ 3D, հետևաբար մի փոքր ավելի ջանք կպահանջի քեզնից:

3d3Դե ինչ, տրամադրվիր ու մարտական ու անցիր գործի: Վերցրու գունավոր թղթերդ, սոսինձը և մկրատը ու սկսենք քայլ առ քայլ պատրաստել մեր 3D բացիկը: Նախ հերթը կանաչ թղթին է: A4 չափի թուղթը ծալիր, ապա մկրատով ծալած կողմը սկսիր կտրատել այնպես, ինչպես պատկերված է նկարում:

Կտրտած երիզները պետք է ունենան մոտ 1-1.5 սմ լայնություն, իսկ երկարությունն ինքդ որոշիր, եթե նրանք լինեն անհավասարաչափ շատ ավելի հետաքրքիր կստացվի: Կտրտելուց հետո երիզները դուրս ծալիր: Հիմա ժամանակն է բացելու մեր թուղթը ու զգուշությամբ դուրս հանելու երիզները: Իսկ թուղթն ավելի գեղեցկացնելու համար կարող ենք այն կտրել հետաքրքիր եզրագծով այնպես, ինչպես պատկերված է նկարում:

3d1

Հիմա վերցրու մեկ այլ գույնի թուղթ, ծալիր այն նույն կերպ և բաց արա: Ապա կանաչ թուղթը սոսնձով կպցրու այդ թղթին: Զգույշ եղիր, որպեսզի կտրտած երիզներին սոսինձ չքսես:

Իսկ հիմա ժամանակն է զարդարելու մեր բացիկը: Այլ գույնի թղթեր վերցրու ու ծաղիկներ կտրտիր, ի դեպ թիթեռն էլ չի խանգարի: Զգուշորեն ամրացրու դրանք երիզների և թղթի մյուս հատվածների վրա, կարող ես նոր ցողուններ ու տերևներ էլ կտրատել:

3d

Բացիկի վրա էլ գրիր քո բարեմաղթանքը ու շտապիր տատիկի մոտ, պատկերացնում եմ, թե որքան կզարմանա նա՝ տեսնելով այս հրաշք բացիկը և հասկանալով, որ այն պատրաստված է իր սիրելի թոռնիկի փոքրիկ ձեռքերով:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։