Թեև մարտի 8- ին մեր ամենակարևոր առաքելությունը մայրիկներին շնորհավորելն է, բայց ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ նաև մեր սիրելի տատիկների մասին: Չէ՞ որ նրանք էլ մեր մայրիկների ու հայրիկների մայրիկներն են և քո նվերը շատ կուրախացնի նրանց:
Այս դեպքում դու կարող ես դիմել անգամ մայրիկի օգնությանը, նա հաստատ չի գուշակի, որ իր համար էլ դու հրաշալի անակնկալ ես պատրաստել: Եվ հետո, այս բացիկը, որն առաջարկում եմ պատրաստել տատիկի համար, ծավալային է՝ 3D, հետևաբար մի փոքր ավելի ջանք կպահանջի քեզնից:
Դե ինչ, տրամադրվիր ու մարտական ու անցիր գործի: Վերցրու գունավոր թղթերդ, սոսինձը և մկրատը ու սկսենք քայլ առ քայլ պատրաստել մեր 3D բացիկը: Նախ հերթը կանաչ թղթին է: A4 չափի թուղթը ծալիր, ապա մկրատով ծալած կողմը սկսիր կտրատել այնպես, ինչպես պատկերված է նկարում:
Կտրտած երիզները պետք է ունենան մոտ 1-1.5 սմ լայնություն, իսկ երկարությունն ինքդ որոշիր, եթե նրանք լինեն անհավասարաչափ շատ ավելի հետաքրքիր կստացվի: Կտրտելուց հետո երիզները դուրս ծալիր: Հիմա ժամանակն է բացելու մեր թուղթը ու զգուշությամբ դուրս հանելու երիզները: Իսկ թուղթն ավելի գեղեցկացնելու համար կարող ենք այն կտրել հետաքրքիր եզրագծով այնպես, ինչպես պատկերված է նկարում:
Հիմա վերցրու մեկ այլ գույնի թուղթ, ծալիր այն նույն կերպ և բաց արա: Ապա կանաչ թուղթը սոսնձով կպցրու այդ թղթին: Զգույշ եղիր, որպեսզի կտրտած երիզներին սոսինձ չքսես:
Իսկ հիմա ժամանակն է զարդարելու մեր բացիկը: Այլ գույնի թղթեր վերցրու ու ծաղիկներ կտրտիր, ի դեպ թիթեռն էլ չի խանգարի: Զգուշորեն ամրացրու դրանք երիզների և թղթի մյուս հատվածների վրա, կարող ես նոր ցողուններ ու տերևներ էլ կտրատել:
Բացիկի վրա էլ գրիր քո բարեմաղթանքը ու շտապիր տատիկի մոտ, պատկերացնում եմ, թե որքան կզարմանա նա՝ տեսնելով այս հրաշք բացիկը և հասկանալով, որ այն պատրաստված է իր սիրելի թոռնիկի փոքրիկ ձեռքերով:
Անահիտ Ալեքսանյան