Դրսում արևն է փայլում, մարդիկ սկսել են ժպտալ, գարուն է… Իսկ գարնան ամենավառ խորհրդանիշը ձնծաղիկն է, այն ավետում է գարնան գալուստը: Եվրոպական երկրներում ձնծաղիկը համարվում է հույսի խորհրդանիշ, գերմանացիներն այս բույսն անվանում են «ձյունե զանգակ» (Schneeglockchen), անգլիացիները` «ձյունե կաթիլ» (Snow-drop), ֆրանսիացիները` Niveole, որը համահունչ է լատիներեն niveus` «ձնե» բառին։ Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է` «կաթնային սպիտակ ծաղիկ»: Այս անվանման հեղինակը Կարլ Լիննեյն է:
Ձնծաղիկները շատ ցրտադիմացկուն են, նրանք դիմանում են մինչև 10 աստիճան ցրտի, նույնիսկ սառցակալելուց հետո էլ շարունակում են ծաղկել։ Ձնծաղիկների առաքելությունն է ավարտել ծաղկման շրջանը մինչև ծառերի կանաչելը։
Ձնծաղիկի «այսրկովկասյան» տեսակը ավելի քան երեք տասնամյակ առաջ գրանցվել է ՀՀ. «Կարմիր գրքում», որպես հազվադեպ տեսակ: Այն ունի բազմաթիվ տարատեսակներ, որոնց մեջ կան թեթևակի վարդագույն երանգավորումով ծաղիկներ։ Դրանք մեծ հետաքրքրություն են ներկայացնում այգեգործության բնագավառում որպես զարդաբույսեր։
Թեև ձնծաղիկները պահանջկոտ չեն, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց խնամել պետք չէ: Նրանք դժվարությամբ են հարմարվում նոր տեղին, սակայն 2-3 տարի հետո ծաղկում են։ Ձնծաղիկի պատրաստուկները օգտագործվում են նաև ժողովրդական բժշկության մեջ։
Եթե ձեզ ձնծաղիկ են նվիրել, ապա այն երկար կշոյի ձեր աչքը իր թարմությամբ, եթե դնեք զով տեղում և պարբերաբար ջրի մեջ ավելացնեք սառցե կտորներ:
Տիգրանուհի Թասլակյան