Երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, չգիտենք թե ինչ է պետք անել այս մեծ, շատ մեծ աշխարհում: Դրա համար էլ պահապան հրեշտակի նման մեր ձեռքը բռնում է մայրիկը և օգնում է մեզ քայլել աշխարհի ամենատարբեր, հեշտ ու դժվար ճանապարհներով:
Մայրիկները տարբեր են, շատ տարբեր, բայց «մայրիկ» բառը ամենահարազատն է բոլորիս համար: Եվ եթե մենք հնարավորություն ունենայինք կրկին մեզ համար մայրիկ ընտրելու, բոլորս էլ ընտրելու էինք մեր հարազատ մայրիկին, որովհետև յուրաքանչյուրիս մայրիկը աշխարհի ամենից գեղեցիկ մայրիկն է, ամենից համեղ կերակուրներ պատրաստող խոհարարը, ամենալավ բժիշկը, ամենահմուտ դերձակը, լավագույն ուսուցիչը և ամենաիմաստուն հանրագիտարանը, որ պատասխան ունի մեր բոլոր հարցերին` ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս, որտե՞ղ, ո՞ւր:
Մայրիկը այն մեծ նավն է, որով մենք այդքա՜ն ապահով ճամփորդում եք, երբ փոքրիկ ենք, և որը մեզ տարիներ հետո ճանապարհելու է կյանքի մեծ օվկիանոսը` արդեն ինքնուրույն ճանապարհորդության:
Բայց մայրիկները միշտ մեզ հետ են: Նրանք տերևների խշշոցի մեջ են, երբ մենք քայլում ենք փողոցում: Նրանք մեր լվացված ու արդուկված վերնաշապիկների բույրի մեջ են: Մայրիկը սթափեցնող սառը ձեռք է մեր ճակատին, երբ մենք վատ ենք զգում և օգնության կարիք ունենք: Մայրիկը մեր ծիծաղի մեջ է ապրում: Մայրիկը ապրում է նաև մեր արցունքի կաթիլի մեջ: Մայրիկը այն հանգրվանն է, ուր մենք իջևանում ենք՝ լույս աշխարհ գալով: Նա մեր առաջին տունն է և այն ուղեցույց քարտեզը, որին հետևում ենք մեր յուրաքանչյուր քայլի ժամանակ:
Մի հին ժողովուրդ մայր և արև հասկացությունների համար օգտագործում էր միևնույն բառը: Երևի կասեք, ինչ է, այդքան քիչ բառե՞ր ունեին: Բոլորովին էլ ոչ, պարզապես նրանք հասկանում էին, որ արևն է մեզ լույս ու ջերմություն տալիս, մեզ կյանք է պարգեւում: Իսկ մայրիկը յուրաքանչյուրիս համար ամենալուսավոր, ամենալավ ու ամենահարազատ մարդն է աշխարհում, և հենց նա է մեզ կյանք պարգևել: Դժվար պահերին մենք միշտ «մայրիկ» ենք կանչում: Մայրիկը ամենից շուտ է արթնանում, եւ ամենից ուշ գնում քնելու: Բազմաթիվ անքուն գիշերներ է արթուն անցկացնում մեր անկողնու կողքին, երբ մենք նունիսկ աննշան ջերմություն ենք ունենում: Նա հոգ է տանում մեզ համար: Տխրում եւ ուրախանում մեզ հավասար: Ահա թե ինչու մայրիկները նրանց համար և, իհարկե, նաև մեզ համար արեգակներ են…
Անահիտ Ալեքսանյան