ՄԵՆՔ՝ ԳՈՒՅՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ


Միշտ ցանկացել եմ հասկանալ ընկերներիս տարօրինակ հարցերը` ո՞ր թիվն ես սիրում, ո՞ր տառն ես սիրում… Հմմ, մի՞թե կարելի է ինչ-որ թիվ կամ տառ սիրել: Բայց այդ շարքից կա մեկը, որը ես էլ եմ միշտ հարցնում` ո՞ր գույնն ես սիրում: Գուցե քեզ համար սա էլ է տարօրինակ հարց… Չգիտեմ, բայց գիտեմ, որ գույները կարող են նաև մարդկանց բնավորության մասին պատմել: Եթե մինչև այսօր չես կողմնորոշվել, թե որն է քո նախընտրած գույնը, շուտ կողմնորոշվիր և նոր միայն շարունակիր կարդալ: Իսկ եթե պատրաստ ես, ուրեմն ժամանակն է հայտնվելու գույների աշխարհում:

Սպիտակ

Սա կարծես բոլոր գույների համադրությունն է և համարվում է ամենաիդեալական գույնը: Այն կարող է դիտվել և՛ իբրև լույս, և՛ սառույց: Դա մարդուց է կախված: Հոգեբանների հավաստմամբ բոլոր մարդիկ սիրում են այս գույնը: Եվ սա միակն է, որ չի կարող բնորոշել բնավորությունը:

Սև

Ինչպես գիտենք, սա սպիտակին է հակադրված: Եվ բնորոշում է բացասական, կյանքի հանդեպ վատ տրամադրված անհատի, ով իրեն հարմար չի զգում տվյալ միջավայրում: Սև հագուստն էլ խոսում է վատատես և սթրեսային վիճակում գտնվող մարդու մասին: Եթե ուշադիր լինես, կնկատես, որ մեր տարեկիցները հիմնականում վառ գույներ են նախընտրում:

Կարմիր

Այս գույնը նախընտրողները շատ վստահ են իրենց վրա, ունեն իրենց ուրույն կարծիքը, շատ շփվող են և շրջապատից տարբերվում են իրենց  սուր, օրիգինալ մտքերով:

Նարնջագույն

Նրանք, ովքեր նախընտրում են նարնջագույնը, շա՜տ երազկոտ են, արվեստը գնահատող և լավատես: Իրենց շրջապատում դժվար է գտնել սև գույնը սիրող մարդկանց:

kids-hands-smiles-drawing-happiness-wallpaper-2560x1600

Դեղին

Դեղինը թեև շատ վառ գույն է, բայց բնորոշում է հանգիստ և հավասարակշռված մարդկանց: Այս գույնը նախընտրողները շատ ակտիվ են, սիրալիր և միշտ դիմում են ռիսկային քայլերի:

Վարդագույն

Վարդագույնը  բնորոշում է ամեն ինչի կենդանությունը: Եվ այս գույնը նախընտրողներն աչքի են ընկնում բարությամբ, նրանք սիրում են մարդկանց ու բոլորի հետ «լեզու են գտնում»: Նաև շատ շուտ են հուզվում:

Մանուշակագույն

Այս գույնը խոսում է շատ էմոցիոնալ և զգացմունքային մարդկանց մասին, ովքեր շատ զարգացած են: Եվ նրանք սիրում են ապրել ներկայով, այնքան էլ մտահոգված չեն ապագայով:

Կապույտ և երկնագույն

Բոլորն էլ այս գույները կապում են երկնքի հետ և երևի դա է պատճառը, որ կապույտը նախընտրողներն ունեն հոգևոր բարձրություն: Աչքի են ընկնում իրենց մաքրությամբ, այդքան էլ շփվող չեն և նրանց շուտ-շուտ պետք է հանգստանալ:  Միաժամանակ շատ բարձր են գնահատում իրենք իրենց և շրջապատի կարծիքը:

Կանաչ

Կանաչը բնության գույնն է և գարնան խորհրդանիշը: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են այս գույնը, խուսափում են ուրիշի ազդեցության տակ ընկնելուց և ուղիներ են փնտրում ինքնահաստատվելու համար: Շատ են սիրում միայնություն և ազատություն:

Պարզվում է` պետք է նախ ինքներս մե՛զ ճանաչենք, ապա նոր մեր ընկերներին:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։