ԿԱՆԱՉ ՀՍԿԱ ՇՐԵԿԸ


Կանաչ հսկա Շրեկը

Ուղղակի անհնար է մինչև ականջները չժպտալ, երբ էկրաններին իր բազում ընկերների հետ հայտվում է կանաչ հսկա Շրեկը: Ոչ ոք արդեն չի հիշում, թե երբ հայտնվեց նա էկրաններին և ոչ ոք չի կարողանում գուշակել, թե է՛լ ինչ նոր հերոսներով ու արկածային պատմություններով հանդես կգա յուրահատուկ «Շրեկ» մուլտֆիլմը: Եվ այսպես, առաջարկում եմ հիշել, թե երբ լույս աշխարհ եկավ «Շրեկ»-ը ու բացահայտել այս մուլտֆիլմի գաղտնիքները:

Ճահճուտում ապրող կանաչ այս կերպարը կելտական միֆոլոգիայից է հայտնի մարդկանց: Նրան ներկայացրել են իբրև մարդակեր, որը իր տնակը կառուցել է իր զոհերի ոսկորներից: Նա եղել է հզոր, չար և անհաղթահարելի: Ահա այսպիսի չար մարդակերի կերպար հայտնվել է նաև բազում այլ երկրներում ու ստեղծագործություններում: Եվ բոլոր հեղինակները միակարծիք, նրան ներկայացնում էին որպես երկար եղունգներով, տգեղ ու չար աչքերով մի կերպարի, որի մասին միայն կարդալիս կարելի է սարսափել:

Կանաչ հսկա Շրեկը Իսկ ահա Ուիլյամ Սթեիգ անունով մի մանկագիր 1990 թվականին որոշեց այս կերպարը դարձնել բարի ու սիրվող: Նա գրեց մի գիրք անչա՜փ բարի մարդակերի ու շատախոս մի իշուկի մասին: Հեղինակը իր ստեղծագործությունը դարձրեց թեթև և երեխաների համար դյուրամարս: Բայց Սթեիգը բացի գիրքը գրելուց, նկարեց նաև մեզ հայտնի կանաչ կերպարին՝ իր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առանձնահատկություններով: Եվ պատկերացնու՞մ ես, նա ոչ թե երևակայությամբ նկարեց, այլ վերցրեց իրական մի կերպար ու սկսեց արտանկարել:

Իսկ իրական կերպարի դերում հանդես եկավ ֆրանկոամերկյան շատ հայտնի մի ըմբիշ՝ Մորիս Թիլլեթին: Նրանից բոլորը վախենում էին և նմանեցնում մարդակերի: Բայց այս ըմբիշն իրականում օժտված էր լի՜քը լավ հատկանիշներով ու խելքով: Նա շատ բարի ու կամեցող էր և գիտեր ոչ ավել ոչ պակաս 14 լեզու: Իսկ իր արտաքին տգեղությունն ընդամենը մի հիվանդության արդյունք էր: Այնպես որ, հեղինակը իզուր չի ընտրել հենց Մորիսին:

Կանաչ հսկա Շրեկը

Եվ այպես, Ուիլյամ Սթեիգն ավարտեց իր աշխատանքը՝ գործը վստահելով մուլտիպլիկատորներին: «Շրեկ» մուլտֆիլմի առաջին մասի վրա նրանք սկսեցին աշխատել 1997 թվականից: Իսկ աշխատանքները երկար ձգվեցին, որովհետև մի շարք բարդություններ առաջ եկան, որոնք, սակայն, չկարողացան խանգարել մուլտֆիլմի զարգացմանը: Եվ այն պատրաստ եղավ ամբողջ չորս տարի անց:

Մուլտֆիլմի աշխատանքների հետ զուգահեռ զարգանում էին նաև համակարգիչներն ու մուլտիպլիկատորներին անհրաժեշտ տեխնիկան: Հենց դրա համար էլ մուլտֆիլմի առաջին մասը տեխնիկապես շատ է զիջում հաջորդներին: Իսկ ա՛յ «Շրեկ»-ի վերջին մուլտֆիլմը դժվար թե գտնի իրեն փոխարինող, որովհետև մուլտիպլիկատորներին հաջողվել է այն նկարահանել ուղղակի  իդեալական:

Յուրաքանչյուր մուլտֆիլմի համար անչափ կարևոր է նաև հնչյունավորումը, իսկ «Շրեկ» մուլտֆիմի հեղինակների համար առավել ևս: Նրանք շատ մեծ ուշադրություն էին հատկացնում այս գործին և մուլտֆիլմի երկխոսությունների ձայնագրումը վստահում միայն ու միայն հոլլիվուդյան փայլող աստղերին: Եվ այսպես, արդյունքում Մայք Մայերսը ձայնակցեց Շրեկին, Էդդի Մերֆին՝ իշուկին, Քեմերոն Դիասը՝ Ֆիոնային, իսկ Անտոնիո Բանդերասը՝ կոշկավոր կատվիկին: Իսկ մուլտֆիլմի soundtrack-ը շա՜տ սիրված «Hallelujah» երգն է, որը ֆիլմում հնչում է Ջոն Կեյկի կատարմամբ:

 դեպ մուլտֆիլմում վերը նշված գլխավոր հերոսների հետ արկածների մասնակից են դառնում նաև մեր սիրելի մուլտֆիլմյան այլ կերպարներ՝ Սպիտակաձյունիկը յոթ թզուկների հետ, Պինոկիոն, Ռապունցելը, Մոխրոտը, Ռոբին Հուդը, Քնած գեղեցկուհին և էլի ուրիշներ:

Ուրեմն հաստատ կարելի է ասել, որ «Շրեկ» մուլտֆիլմի ստեղծագործական խումբը ջանք ու եռանդ չի խնայել այս գործում և արել է ամեն հնարավոր բան, որ այն դառնա սիրված, ճանաչված ու սպասված: Այս ամենը նկատել են նաև մասնագետները և մուլտֆիլմը պարգևատրել Օսկար մրցանակով՝ լավագույն ռեժիսորական աշխատանք և լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ անվանակարգերում:

Դե իսկ «Շրեկ»-ի երկրպագուներն էլ իրենց ձևով են շնորհակալություն հայտնում մուլտֆիլմի ստեղծագործական կազմին: Ճիշտ է, նրանք մրցանակներ չեն տալիս, բայց անում են իսկական հեքիաթային հարսանիքներ՝ իրենց կերպարներով:

Օրինակ՝ Սենտ-Հելիերում կազմակերպել էին հարսանյաց հանդես, որտեղ ամուսնացող զույգը հանդես էր եկել «Շրեկ» մուտֆիլմի գլխավոր հերոսների հագուստներով։ 42-ամյա փեսացուն եղել է Շրեկի կոստյումով ու գրիմով, իսկ նրա 30-ամյա հարսնացուն նմանվել է արքայադուստր Ֆիոնային: Շրեկի լավագույն ընկեր Իշուկի դերում էլ հանդես է եկել զույգի 4-ամյա որդին:  Հեքիաթ-հարսանիքի գաղափարը ծնվել է հենց նրանց փոքրիկի մոտ, ով «Շրեկ»ի մեծ երկրպագու է:

Եվ այսպես, սա ևս մեկ փաստ է այն մասին, որ «Շրեկ» մուլտֆիլմը հաջողվել ու սիրվել է: Այո՛, բայց պետք է ասել նաև, որ ամենակարևոր դերը այս գործում, մեկ է, Ուիլյամ Սթեիգինն է, չէ՞ որ հենց նա ստեղծեց կանաչ հսկա Շրեկին՝ իր տեսքով, բարությամբ ու բնավորությամբ: Եվ հենց Շրեկը գրավեց հանդիսատեսին, դարձավ ինչպես շատ ու շատ փոքրիկների, այնպես էլ մեծերի սիրված հերոսը: Նա սովորեցրեց մարդկանց ընկերասիրություն, բարություն և որ, ամենակարևորն է, սովորեցրեց մեզ տգեղի մեջ տեսնել գեղեցիկը:

Շրեկի մասնակցությամբ մուլտֆիլմ դու կարող ես դիտել այստեղ:

Իսկ խաղալ նրա հետ կարող ես այստեղ:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։