Ուրախ նորություն Փոքրիկ Իշխանի բազմահազար երկրպագուների համար: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս հրաշալի վիպակն արդեն ունի նոր հրատարակություն: Սա բոլորովին նոր թարգմանություն է ֆրանսերենից, հեղինակը Նվարդ Վարդանյանն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, գրքի խմբագիրը և առաջաբանի հեղինակը Արքմենիկ Նիկողոսյանն է:
«Այս հրատարակության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանում Փոքրիկ իշխանը հրատարակվում է հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ, այսինքն՝ նախորդ բոլոր հրատարակությունները կատարվել են անօրինական: Բացի այդ՝ գիրքը տպագրվել է ֆրանսիական հրատարակության օրինակով՝ չափսեր, տառաձևեր և այլն», – ասում է Արքմենիկ Նիկողոսյանը:
Նոր գիրքն առաջինը տեսնելու և ձեռք բերելու համար ապրիլի 23-ին շտապեք Խնկո Ապոր անվան գրադարան: Հենց այնտեղ ժամը 14:00-ին կկայանա «Փոքրիկ Իշխան» գրքի շնորհանդեսը: Եվ պատկերացնում եք՝ որքան բարի ու հեքաթային մթնոլորտ կտիրի այնտեղ, չէ՞ որ իրար են հանդիպելու Փոքրիկ Իշխանի բոլոր սիրահարները…