Մայիսի 1-ը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Այս օրը պատմության մեջ մտել է 1886թ., երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով 8 ժամանոց աշխատանքային գրաֆիկ: Գործադուլն ու երթն ավարտվեց ոստիկանների հետ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին:
1889թ. Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1 -ին ցույցեր կազմակերպել՝ ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում և մի շարք այլ երկրներում: Այսօր այս տոնը նշվում է մոտավորապես 142 երկրներում, որոնցից է նաև Հայաստանը:
Իսկ ԱՄՆ-ում, օրինակ, աշխատավորների օրը նշվում է բոլորովին այլ օր, իսկ մայիսի 1 -ին նշվում է հեծանիվների օրը: 1819թ.-ին հենց այդ օրը հեծանիվը հայտնվեց Ամերիկայի փողոցներում, սակայն հետագայում արգելվեց հեծանվով երթևեկությունը՝ համարելով այն վտանգավոր մարդկանց համար, բայց կարճ ժամանակ անց այս որոշումը վերանայվեց և պարզ դարձավ, որ հեծանիվն իրենից ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում, ընդհակառակը, շատ հարմար ու անվնաս փոխադրամիջոց է: Հեծանիվների օրվա առթիվ ԱՄՆ-ում նաև մի շարք մրցույթներ և հնաոճ հեծանիվների աճուրդներ են կազմակերպվում:
Տիգրանուհի Թասլակյան