ՄԻ ՔԻՉ ԷԼ ԽՈՍԵՆՔ ՓՂԵՐԻ ՄԱՍԻՆ


16 shares

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն: Իզուր չէ, որ փղերի մասին լեգենդներ են պտտվում: Բազմաթիվ դեպքեր են հայտնի պատմության մեջ, երբ բնական աղետների ժամանակ մարդիկ փրկվել են հենց փղերի շնորհիվ:

baby-elephant-and-egrets Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

belep

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Elephant-19

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Փղերի մեջ էլ կան աջլիկներ և ձախիկներ: Դա հեշտությամբ կարելի է նկատել: Փղերն ունեն ժանիքներ, որոնք թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են: Նրանք ժանիքները գործածում են նաև այլ նպատակներով և սովորաբար ավելի հաճախ գործածում են այդ ժանիքներից մեկը: Եթե ավելի մաշված է և կորացած ծայր ունի ձախ ժանիքը, ապա փիղը հաստատ ձախլիկ է:

Elephant-Wallpaper-6

Փղերը շրջում են հոտերով՝ ծեր ու իմաստուն մի փղի առաջնորդությամբ: Հոտի մեջ սովորաբար լինում է 15-30 փիղ՝ իրենց ձագուկների հետ: Այսպիսի հոտում բոլորը մտերիմ հարազատներ են: Ստացվում է, որ փղերը շրջում են մեծ ընտանքիներով: Երբ փոքրիկ փիղը 22 ամիս մայրիկի փորիկում մնալուց հետո լույս աշխարհ է գալիս, կշռում է մոտ 120 կգ: Բայց անկախ չափից՝ նա շատ անպաշտպան է և մշտապես մայրիկի հոգատարության կարիքն ունի: Փղերն ապրում են 70–80 տարի, և մինչև 20 տարեկան փիղը դեռևս ձագ է համարվում:

Ներկայումս փղերին սպառնում է անհետացման վտանգը: Կանաչ տարածքների ոչնչացման պատճառով փղերը զրկվել են իրենց բնակավայրերից: Հանուն փղերի ժանիքների մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին՝ փղոսկրից պատրաստելով զանազան առարկաներ, թանկարժեք զարդեր: Սակայն այժմ փղերի որսն արգելված է և օրենքը խախտողները խստորեն պատժվում են:

i

Սակայն որքան էլ փղերը բարի են, միևնույն է, չեն սիրում, երբ իրենց բարկացնում են: Կատաղած փիղն ահարկու է. նա կարող է ոչ միայն ոտնատակ տալ մարդուն կամ կնճիթի հարվածով սպանել նրան, այլև ավտոմեքենա շրջել: Փղերը նաև «զինվորներ» են եղել արևելյան բանակներում: Պատմությունից հայտնի է պարսկական բանակի՝ փղերի «Մատյան գունդը»:

Եվ այնուամենայնիվ, փղերը հրաշալի կենդանիներ են՝ զարմանալի գեղեցիկ ու խելացի և մենք պարտավոր ենք վերաբերվել նրան սիրով ու մեծ հոգատարությամբ:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

16 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։