Գրել ու ստեղծագործել սիրում ենք բոլորս, բայց, իհարկե, լինում են պահեր, երբ ամեն ինչ ձանձրալի է թվում: Եվ այդ պարագայում մեզ օգնության է հասնում յուրօրինակ hand made իրերի գաղափարը: Եկեք միասին պատրաստենք մի շատ հետաքրքիր նապաստակ` իր գրիչ գազարով: Նրանց հետ արդեն ամեն ինչ շատ ուրախ կստացվի:
Նապաստակը պատրաստելու համար անհրաժեշտ են գինու խցան, ալյումինե բարակ լար, թել:
Քայլ 1: Լարից պատրաստիր նապաստակի ականջները, ձեռքերն ու ոտքերը և ամրացրու խցանի վրա:
Քայլ 2: Վերցրու թելը և սկսիր պտտել` ծածկելով լարերն ու խցանը:
Քայլ 3: Որպես նապաստակի աչուկներ և քիթ` կարող են ծառայել ինչպես կտորները, այնպես էլ կոճակները: Եվ չմոռանանք նրա ժպիտի մասին, ինչը պետք է անես սովորական թելի օգնությամբ:
Իսկ գրիչ գազարի համար քեզ անհրաժեշտ կլինեն երկու գույնի կտոր` կանաչ և նարնջագույն, ասեղ ու թել և, իհարկե, գրիչ: Նարնջագույն կտորը պտտիր գրիչի շուրջ և կարիր: Իսկ կանաչ կտորը բաժանիր երեք փոքրիկ մասի, պատրաստիր գազարի պոչիկները և միացրու նարնջագույն կտորին, ապա գազարի վրա սև գրիչով գծիկներ նկարիր:
Վերջ, պատրաստ է գրիչի շորիկը, կարող ես հագցնել նրան և տալ քո նապաստակին: Վստահ եմ, նրանց հետ դասեր պատրաստելն ու նաև ստեղծագործելը շատ ավելի հետաքրքիր և զվարճալի կստացվի:
Անի Ավագյան