Կար-չկար, մի փոքրի՜կ, փոքրի՜կ ոզնի կար: Որքան նա փոքրիկ էր, այնքան մե՜ծ էր նրա սրտիկը: Նույնիսկ զարմանալի է, թե ինչպես էր այդ փոքրիկ մարմնում այդքա՜ն մեծ սիրտ տեղավորվում: Բանն այն է, որ նրա սրտիկը լցված էր անսահման բարությամբ ու հոգատարությամբ, հենց դրա համար էլ այն այդքան մեծ էր: Միայն թե ոչ ոք չգիտեր այդ մասին: Անտառի բնակիչները չէին ցանկանում խաղալ ոզնու հետ և երբեք նրան հյուր չէին գնում.
— Ես վախենում եմ, — ասում էր Նապաստակը, — նրա փշերը կարող են ծակել ինձ:
— Օ՜, նա երևի կոշտ ու կոպիտի մեկն է, — կոտրատվելով ասում էր Սկյուռիկը և շոյում իր երկար, փափկամազ պոչը:
— Նրան անգամ ուտել չի լինի,- բողոքում էր Գայլը:
Եվ այդպես, ոչ ոք գլխի անգամ չէր ընկնում, թե որքան մե՜ծ սիրտ ունի ոզնին: Իսկ Բոչկոն (մեր ոզնուն հենց այդպես էին կոչում) լսում էր նրանց ու իր փոքրիկ տնակում թաքնվելով՝ կամացուկ լաց էր լինում: Միայն մի բարեկամ ուներ Բոչկոն՝ մի փոքրիկ, ուրախ թիթեռնիկ: Թիթեռնիկը բոլորովին չէր վախենում ոզնու փշիկներից և անգամ նստոտում էր նրանց վրա: Եվ մի անգամ Թիթեռնիկը հավաքեց իր ողջ համարձակությունն ու ասաց անտառի բնակիչներին.
— Իսկ Բոչկոն մեծ սիրտ ունի, շա՜տ մեծ սիրտ:
— Մեծ սի՞րտ, — զարմացավ Նապաստակը,- իսկ ո՞ւմ է պետք մեծ սիրտը: Սիրտը, միևնույն է, ոչ ոք չի տեսնում: Պետք է գոնե մեծ ականջներ ունենալ, որ երևան:
— Կամ էլ մեծ ու փափկամազ պոչ, — մեջ ընկավ Սկյուռիկը:
— Եվ մեծ բերա՜ն, — վրա բերեց Գայլը:
Թիթեռնիկը տխրեց ու թռավ իր բարեկամի մոտ: Իսկ Բոչկոն հենց այդ պահին՝ փոքրիկ զամբյուղը ձեռքին, շտապում էր խոտաբույսեր հավաքելու: Պետք է ասել, որ մեծ սիրտ ունենալուց բացի Բոչկոն նաև մեծ գիտելիքների պաշար ուներ: Այո, նա գիտեր ամեն-ամեն ինչ այն մասին, թե ինչպես է պետք հոգալ առողջության համար, թե որ խոտաբույսն է օգտակար վնասվածքների դեպքում, կամ էլ թե որն է պաշտպանում ցրտից ու արևից: Եվ ինքն էլ երբեք-երբեք չէր հիվանդանում:
Իսկ այդ օրը Բոչկոն լսել էր, որ հարևան թփուտում ապրող Արջը փոքրիկ արջուկ է ունեցել: Եվ թեև Արջն էլ ասում էր, որ իսկական կարգին կենդանին պետք է գոնե ծուռթաթ ու բրդոտ լինի, ոզնին նրանից էլ չէր նեղանում և ուրախ լուրը լսելով՝ աշխարհով մեկ էր եղել: Հիմա նա շտապում էր փոքրիկ արջուկի համար նվեր պատրաստել:
— Նոր լույս աշխարհ եկած փոքրիկների համար շատ կարևոր է ճիշտ խնամքը, — ասաց նա Թիթեռնիկին ու նրա հետ սկսեց օգտակար և բուժիչ խոտաբույսեր հավաքել:
Խոտաբույսերը լավ էին ճանաչում Բոչկոյին և այս անգամ էլ սիրով իրենց տերևիկները տրամադրեցին նրան: Խոտաբույսերի մեծ պաշար հավաքելով՝ նա Թիթեռնիկի հետ շտապեց իր տնակն ու անցավ գործի:
Խառնեց իրար խոտաբույսերը, նշումներ արեց իր գրքույկի մեջ, հետո ավելացրեց նոր բաղադրիչներ, էլի ինչ-որ բաներ նշեց և ուրախ ծափահարեց: Պատրաստ էր: Ստացված զանգվածը նա լցրեց մի փոքրիկ շշիկի մեջ, վրան մի գունավոր ժապավեն կապեց և ասաց.
— Ահա և պատրաստ է փոքրիկ Արջուկի նվերը:
Թիթեռնիկը ուրախ թափահարեց թևիկներն ու նստեց շշիկի վրա:
— Դու կպաշտպանես նորածին արջուկի մաշկը և թույլ չես տա չարաճճի բակտերիաներին մոտ գալ նրան,- ասաց Բոչկոն շշիկին:
— Խոստանում եմ, — հանկարծ արտասանեց շշիկը, այո, այո, հենց շշիկը:
— Դու խոսե՞լ գիտես, — զարմացավ Բոչկոն:
— Այո, չէ՞ որ բարությունը հրաշքներ է գործում, — պատասխանեց շշիկը, — իսկ հիմա ես կշտապեմ փոքրիկ Արջուկին և նրա մայրիկին օգնության:
Շշիկը հաջողություն մաղթեց Բոչկոյին ու Թիթեռնիկին ու վազեց հարևան թփուտում ապրող Արջուկի մոտ: Մայր Արջը նրան տեսնելով շատ ուրախացավ և շշիկի մեջ լցված անուշահետ յուղով օծեց փոքրիկ Արջուկին:
— Ի՜նչ հմուտ ձեռքեր ունի Բոչկո ոզնին, — մտածեց մայր Արջը և հասկացավ, որ կարգին կենդանի լինելու համար ծուռթաթ լինելը երևի պարտադիր չէ:
Իսկ այդ ընթացքում Բոչկոն նոր բաղադրատոմսեր էր հորինում, լցնում փոքրիկ գունավոր շշիկների մեջ և նրանք անմիջապես կենդանություն էին առնում:
— Դու հոգ կտանես փոքրիկ երեխաների ատամների մասին… Դու կպաշտպանես նրանց մաշկը արևից… Իսկ դու կլվանաս նրանց փոքրիկ թաթիկները, — ասում էր Բոչկոն շշիկներին և նրանք ուրախ շտապում էին իրենց պարտականությունները կատարելու:
Շշիկներից մեկը, որի մեջ բուրավետ մանկական շամպուն էր լցված, հյուր գնաց փոքրիկ Նապաստակին և նրան ավելի փափկամազիկ դարձրեց, Գայլին հյուր գնացած Ատամի մածուկը փայլեցրեց նրա ատամները: Շուտով ամբողջ անտառը լցվեց Բոչկոյի հրաշագործ շշիկներով և անտառի բնակիչները հանկարծ գլխի ընկան.
— Ահա՜ թե ինչ է նշանակում մեծ սիրտ ունենալ…
Եվ կենդանիները որոշեցին շնորհակալություն հայտնել ոզնուն: Նապաստակը համեղ ճակնդեղներ հավաքեց, Սկյուռիկը ընտրեց ամենալավ ընկույզները, Արջը մի մեծ կճուճ մեղր վերցրեց, իսկ Գայլն էլ փոքրիկ երիցուկների փունջ հավաքեց և բոլորով միասին ուղևորվեցին Բոչկոյի փոքրիկ տնակը: Բոչկոն հուզմունքից քիչ մնաց արտասվեր: Հետո բոլորով ուրախացան, համեղ ճաշեցին ու սկսեցին պահմտոցի խաղալ: Այլևս երբեք Բոչկոն չտխրեց ու չբաժանվեց իր նոր ընկերներից, իսկ այն մասին, թե ինչ հրաշքներ գործեցին Բոչկոյի փոքրիկ շշիկները, քեզ կպատմի արդեն հաջորդ հեքիաթը…
