ԽԱՂԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ՀԱՄԱՐ


9 shares
խաղեր ծննդյան տոների համար

Եթե որոշել ես ծննդյանդ տարեդարձը նշել տանը և հրավիրել բոլոր խենթ ու խելառ ընկերներիդ, ապա այս զվարճալի խաղերը հենց ձեզ համար են: Կարդա, ծանոթացիր խաղերի կանոններին և առաջարկիր ընկերներիդ միասին խաղալ: Վստահ եմ՝ ուրախ ժամանցն ապահովված կլինի: 

Գուշակիր` ով ես

Նախքան խաղը հաղորդավարը պետք է պատրաստի սոսնձվող թղթեր, որոնք հնարավոր կլինի կպցնել ճակատին: Թղթերը պետք է լինեն խաղի մասնակիցների քանակով:

Հաղորդավարը որոշում է խաղի թեման` կախված մասնակիցների հետաքրքություններից` կենդանիներ, մուլտֆիլմերի, ֆիլմերի կամ այլ ստեղծագործությունների հերոսներ, քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մարզիկներ և այլն: Հետո հաղորդավարը թղթերի վրա մարկերով և հասկանալի ձեռագրով գրում է անուններ` ընտրված թեմայի համաձայն:

Օրինակ` եթե ընտրվել է «կենդանիներ» թեման, գրում է` ձի, առյուծ, փիղ, աքլոր, եթե ընտրվել է «շոու-բիզնեսի ներկայացուցիչներ» թեման, գրում է` Աստղիկ Սաֆարյան, Ֆիլիպ Կիրկորով, Մայքլ Ջեքսոն, Ջասթին Բիբեր և այլն: Իսկ եթե թեման այդպես էլ չեք կարողանում որոշել, ապա ավելի բարդ կստացվի խաղը, և հաղորդավարը թղթերի վրա կգրի տարբեր թեմաների վերաբերյալ անուններ:

Հասանք ամենակարևոր կետին. այժմ հաղորդավարը պետք է այդ թղթերը կպցնի մասնակիցների ճակատներին: Բայց մասնակիցը ոչ մի դեպքում չպետք է տեսնի, թե ինչ անուն է իր ճակատին, միայն կարող է տեսնել իր ընկերներինը: Խաղի նպատակը հետևյալն է. մասնակցիցներից յուրաքանչյուրը պետք է կռահի, թե ինչ է գրված իր ճակատին` հարցերի միջոցով: Նա սկսում է հարցեր տալ ընկերներին, որոնք պետք է անկեղծ պատասխանեն «այո» կամ «ոչ»:

Եթե հնչում է «ոչ» պատասխանը, հարցի իրավունքն անցնում է հաջորդ մասնակցին: Օրինակ, եթե մասնակիցներից մեկի ճակատին գրված է «Մայքլ Ջեքսոն», սկսում է հարցնել.  տղա՞ է, պատասխանում են  «այո», երգի՞չ է` «այո» , ռու՞ս է` «ոչ»: Եվ հարցի իրավունքն անցնում է իր հարևան մասնակցին: Այսպես շարունակվում է խաղը` մինչև բոլորը չբացահայտեն իրենց «դերերը»: Իսկ բարձր տրամադրությունը հաստատ ապահովված է:

Կերակրում ենք «կույրերին»

Մասնակիցները բաժանվում են զույգերի՝ աղջիկ և տղա: Յուրաքանչյուր զույգ նստում է դեմ դիմաց դրված աթոռների վրա: Հաղորդավարը բոլոր մասնակիցների աչքերը փակում է: Զույգերից աղջկան տալիս է մեկ աման պաղպաղակ և փոքրիկ գդալ, իսկ տղայի ձեռքերն էլ կապում է: Այսպիսով, վարողի հրամանով սկսվում է խաղը. աղջիկները փորձում են կերակրել տղաներին և այն զույգը, որ առաջինը  կվերջացնի տղային կերակրելը, կճանաչվի հաղթող: Բայց թե որքան ծիծաղելի տեսք կունենան վերջում տղաները, կարող եք ինքներդ պատկերացնել:

Գուշակիր «աստղին»

Նախ բոլոր մասնակիցները փոքրիկ թղթերի վրա գրում են հայտնի երգիչների կամ երգչուհիների անուն-ազգանուններ և գցում հատուկ արկղի մեջ: Որից հետո յուրաքանչյուր մասնակից մոտենում է ու արկղից հանում մի պատահական թուղթ: Եվ թղթի վրա ինչ անուն գրված լինի, մասնակիցը պետք է երգի այդ երգչի երգերից որևէ մեկը ու նմանակի նրան, իսկ մնացածը պետք է գուշակեն: Խաղի վերջում անցկացվում է քվեարկություն և ընտրվում է լավագույն մասնակիցը, որին կարելի է և պարգևատրել մեկ համբույրով` խնջույքի «հերոսի» կողմից:

Զում-Բում

Մասնակիցները նստում և շրջան են կազմում: Առաջին մասնակիցը նայում է իրենից աջ նստածին և ասում է «զում», վերջինս ունի երկու տարբերակ` նա կարող է իրենից աջ նստածին նայել և ասել «զում», բայց կարող է նաև պտտվել իրենից ձախ նստածին և ասել «բում»: Պետք է շատ արագ խաղալ: Ընթացքում ո’ր մասնակիցը շփոթվի կամ դանդաղի, դուրս է գալիս խաղից: Իսկ խաղը շարունակվում է` մինչև մնան երկուսը: Խաղն այնքան հեշտ չէ, որքան պատկերացնում ես, հատկապես նրանց համար, ովքեր այնքան էլ արագ չեն կողմնորոշվում՝ որն է աջը, որն է ձախը:

Մնջախաղ

Բոլոր մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Առաջին խումբը որոշում է ինչ-որ բառ, օրինակ` մեքենա, և ասում հակառակորդ խմբի անդամներից մեկին: Վերջինս պետք է առանց խոսելու, ժեստերով ցույց տա տվյալ բառը իր խմբի անդամներին: Գուշակելուց հետո, իրենք են մտածում մի բառ և ասում մյուս թիմի մասնակցին: Եթե խմբի անդամները երեք անգամ սխալվում են ու այդպես էլ չեն գուշակում, ոչ մի միավոր չեն ստանում: Եթե ձեզ պարզ ու ձանձրալի թվա այս խաղը, կարող եք բարդացնել և ոչ թե բառ, այլ որևէ արտահայտություն մտապահել:

Հաճելի խաղային ու շա՜տ բարձր տրամադրություն ենք մաղթում քեզ և քո հյուրերին… Իսկ մինչև հասցնեք խաղալ այս խաղերը մենք ձեզ կներկայացնենք նոր ու նույնքան զվարճալի խաղեր:


Like it? Share with your friends!

9 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։