Թութակներ

Գունավո՜ր փետուրներ, զարմացած աչուկներ, սուր ծլվլոց և, իհարկե, խոսքի կրկնօրինակում… Այո՜, թութակների մասին մենք գիտենք ընդամենն այսքանը, բայց դեռ լիքը-լի՜քը բացահայտումներ պետք է անենք նրանց մասին… Եվ այսպես, ովքե՞ր են այս զարմանահրաշ թռչունները, ինչպիսի՞ բնավորություն ու սովորություններ ունեն նրանք…

Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ, որոնք ապրում են երամներով Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի անտառներում: Թութակները լինում են տարբեր-տարբեր չափերի՝ 18 սմ-ից մինչև 1 մ: Նրանք այլ թռչուններից տարբերվում են հատկապես իրենց գունավոր փետուրներով, որոնք գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին և  հազվադեպ` սև կամ մոխրագույն:

Թութակները, սովորաբար, ունենում են 8 ձագուկից ոչ ավելի: Նոր ծնված ձագուկ-թութակը շա՜տ փոքրիկ, մերկ, անօգնական և կույր է լինում: Բայց օրեցօր մեծանում է և մեկ ամսից արդեն դուրս է գալիս բնից լրիվ կազմավորված և իր սեփական անունով: Այո՛, այո՛, թութակները ևս ծնվելուց անմիջապես հետո կնքվում են անունով: Տնային թութակների անունը, իհարկե, որոշում են մարդիկ, իսկ վայրի թութակներն իրենց անունները ստանում են շատ հետաքրքիր մի տարբերակով. թութակի ծնվելուց հետո մայրը մի ձայն է արձակում, ծլվլում է ու հենց այդ ծլվլոցն էլ դառնում է ձագուկի անունը:

ԹութակներԻսկ ինչպիսի՞ կառուցվածք ունեն նրանք. կարճ պարանոց, մեծ գլուխ, երկու ոտք, լայն թևեր, կեռ կտուց և մարդու սրտից կրկնակի արագ աշխատող ու անչա՜փ բարի սիրտ: Իմիջայլոց, թութակների ոտքերի երկու մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին դառնում են իսկակական բռնիչներ: Բռնում են ճյուղերից, վանդակներից ու օգնում տիրոջը տեղաշարժվել: Իսկ թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: Բայց կան նաև չթռչող թութակներ: Այո՛, զարմանալի է, բայց կան: Ա՛յ, օրինակ, Նոր Զելանդիայում ապրող թութակի մի տեսակ միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բներում:

Թութակները բացի բնության մեջ ու երամներով ապրելուց, արդեն շա՜տ երկար ժամանակ է, ինչ վերածվել են տնային թռչունների: Նրանք դարձել են մարդկանց ընկերներն ու տան գեղեցկությունը: Եվ անկախ իրենց տեսակից, բոլոր թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն էլ՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների, սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել նույնիսկ ամենաամուր ընկույզը:

ԹութակներԱյս զարմանահրաշ թռչունները, ինչպես և բոլոր կենդանիները, խոսում են իրար հետ: Իհարկե, ոչ մարդկանց նման: Նրանք միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Իսկ տնային թութակները երբեմն խոսում են նաև մարդկանց հետ հենց մարդկանց լեզվով: Ավստրիալիայում գործում է հատուկ դպրոց, որտեղ թութակներին սովորեցնում են խոսել: 1974 թվականին այդ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ-թութակներից 50-ը գերազանց գնահատականներով է ավարտել դպրոցը, 20-ը՝ բավարար, իսկ ահա երեք թութակ մնացել է նույն դասարանում ոչ թե ծուլության, այլ վատ վարքի համար: Նրանք իրենց համադասարանցիներին սովորեցրել էին վատ բառեր և պատժվել էին՝ մնալով նույն դասարանում:

Բայց թութակները նաև աչքի են ընկել իրենց լավ վարքով: Օրինակ՝ Ամերիկայում Բեյբի անունով մի թութակ օգնել է ոստիկանությանը բռնել գողերին, որոնք թալանել էին իր տիրոջ բնակարանը: Գտնվելով բնակարանում՝ թութակը հիշել է գողերի անուններն ու արտաբերել դրանք ոստիկանության աշխատակիցների մոտ:

Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է ամբողջ 400 բառ: Նա կարողացել է խոսել նախադասություններով և պատկերացնու՞մ ես նույնիսկ մի քանի լեզուներով:

ԹութակներԹութակներն աչքի են ընկել նաև իրենց երաժշտական ու պարային տաղանդներով: Հնում կարծում էին, որ ռիթմի զգացողություն ունեն միայն մարդիկ: Եվ բոլորովին վերջերս՝ ընդամենը 2011 թվականին, գիտնականների ուշադրությունը գրավեց մի թութակ, ով պարում էր երաժշտության տակ: Երբ երաժշտությունը դանդաղեցնում կամ արագացնում էին, թութակի շարժումները հստակ փոխվում էին: Գիտնականները սկսեցին ուսումնասիրել ևս  1000 թութակի և եկան այն եզրակացության, որ նրանք էլ ունեն ռիթմի զգացողություն:
Հայտնի է նաև երաժշտական մի խումբ՝ «Hatebeak» անունով, որի վոկալիստը թութակ է: Այս խումբը բավական հաջողություններ է գրանցել ու թողարկել է երեք ալբոմ՝ շնորհիվ յուրահատուկ ձայնով ու տաղանդով թութակի:
Անի Ավագյան

15 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

5 + 8 =