facebook

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ


մանկական ոտանավորներ

Այսօր ուրիշ է կարգը,
Ե´ս եմ մաքրել հատակը:
Վա´յ, վա´յ, վա´յ, ի՞նչ արիք,
Սենյակ ինչո՞ւ ոտք դրիք:

Տեղներումդ քարացե´ք,
Նորից շարժվել չփորձե´ք:
Ջուր չխմեք`
Կկաթի:

Հաց-մաց չուտեք`
Կթափվի:
Լուսամուտը չբացե´ք,
Փոշի կգա, իմացե´ք:

Ոչ ոք ուժեղ չշնչի,
Թե չէ` փայլը կկորչի:
Ի´նչ է, մաքրել հատակը,
Կարծում եք, թե կատա՞կ է…

***

Ծիտի՛կ, ծիտի՛կ, մո՛տ արի,
Քեզ տամ կորեկ ու գարի,
Չվախենա՛ս, չթռչե՛ս,
Ես չեմ ուզում բռնել քեզ:

***

Ձի-ձի, փայտե ձի,
Մեր դռանը կապեցի,
Կարմիր գույնով ներկեցի,
Ով որ ունի այսպես ձի,
Թող գա ինձ հետ նա մրցի:

***

-Նապաստա´կ, նապաստա´կ,
Ի՞նչ ես նստել ծառի տակ:
Արի´ գնանք մեր բակը:
-Չեմ գա, չեմ գա ձեր բակը,
Ձեր բակի մեծ շունիկը
Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…

***

Մայրիկ, ես քեզ
Շատ-շատ եմ սիրում:
Թե չես հավատում`
Նայիր աչքերիս,
Աչքերից մեջ
Դու ես երևում:

***

Բկլիկ-Ձկնիկ

Ձկնի’կ, լո’ղ տուր, լո’ղ արա,
Դրսի որսը թո’ղ արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը:

Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին,
Որդ է խփել իր կարթին,
Չմոտենաս էդ որդին:

Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

***

Նկարել եմ իրար մոտիկ
Մի մեծ կատու, մի մուկ պստիկ:
Վայ, ինչ սխալ բան եմ արել,
Որ իրար մոտ եմ նկարել…
Հանկարծ կատուն վրա կգա,
Խեղճ մկնիկի սևը կտա…
Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին
Ու նկարեմ հաջորդ էջին:

***

Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ,
ՈՒնեմ տատիկ ու պապիկ:
Տատս ճաշ է պատրաստում,
Պապս՝ ծառ է պատվաստում:
Իսկ ես նստած ծառի տակ,
Նկարում եմ նապաստակ:

***

Արդեն մեծ եմ ես գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծե՛ք:
Ոտքիս ծայրին թե կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ:

Մեկնաբանություններ

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ

log in

reset password

Back to
log in