Խաղալիքների խանութում

Փողոցի անկյունում կար մի փոքրիկ շենք,որի գունավոր ու գեղեցիկ պատերի ներսում ապրում էր Ռենան: Ռենան մի հին տիկնիկ էր,իսկ նրա տունը` խաղալիքների խանութ էր, ուր կողք-կողքի ապրում էին շատ տիկնիկներ ու ռոբոտներ: Ռենան նրանց էր միացել մի քանի ամիս առաջ. նա խանութի սեփականատիրոջ` պարոն Պիկասի մայրիկի տիկնիկն էր, որին նա ցանկացել էր նվիրել իր թոռնուհուն, սակայն թոռնուհին նեղացել ու լաց էր եղել:

-Տատի՜կ, դու նրա շորերը տեսե՞լ ես, ես ինչպե՞ս նրան իմ սիրուն շորերով տիկնիկների հետ պահեմ, կամ էլ ընկերուհիներիս ցույց տամ, ա՛խր նրանք կծիծաղեն. այս տիկնիկը ասես ցնցոտիներով լինի,- բողոքում էր թոռնուհին:

-Իսկ եթե մենք նրա համար շորեր կարենք, աղջիկս, ա՜խր նա շատ գեղեցիկ է:

-Չէ՜,միևնույնն է, չեմ ուզում:

Տատիկը դեռ երկար էր համոզում թոռնուհուն ընդունել Ռենային, իսկ թոռնուհին շարունակում էր հազար ու մի պատճառ բերել, միայն թե Ռենան չդառնար իր տիկնիկներից մեկը: Նրանք վիճում էին` չնկատելով Ռենայի վիրավորանքն ու արցունքները: Տատիկին այդես էլ չհաջողվեց համոզել թոռնուհուն, այդ պատճառով նրա որդին` պարոն Պիկասը, վերցրեց Ռենային ու տարավ իր խաղալիքների խանութը` մտածելով, որ կկարողանա  վաճառել այն:

Ռենան, այդ փոքրիկ, խարտյաշ գանգուրներով, երկնագույն աչքերով ու վարդագույն այտերով գեղեցկուհին, որ երբևէ չէր տեսել ուրիշ տիկնիկների և չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր թոռնուհին իրեն շարունակ հին ու ոչ գեղեցիկ անվանում, տխրեց ու սաստիկ ամաչեց, երբ տեսավ խանութի տիկնիկների շքեղ ու գունավոր զգեստները, վզնոցներն ու գեղեցիկ կոշիկները: Նա ընկճված նայեց իր` տարիների ընթացքում գույնը գցած ու խունացած հագուստին: Այդ պահին նրա համար ատելի դարձան իր այդքան սիրելի կանաչ շրջազգեստը` դեղին ժապավենով և կարմիր բլուզը, որը, սակայն այնքան էր գունաթափվել, որ դժվար թե կարելի լիներ այն կարմիր անվանել, իսկ կոշիկները, նայելն անգամ սարսափելի էր, կոշիկները՝ նախկինում սպիտակ, այսօր արդեն անհասկանալի գույն ունեին: Մի խոսքով, հենց այդ օրն էր, երբ Ռենան սկսեց իրեն համարել ամենադժբախտ տիկնիկը բոլոր մնացած տիկնիկներից:

Պարոն Պիկասը Ռենային տեղավորեց գեղեցկուհի կոկետուհի Մոլիի ու չինուհի Տյուշոյի միջև:

-Ահա,սա էլ կլինի քո տեղը, մինչև քեզ կհավանեն ու կգնեն:

«Կհավանե՞ն, ո՞վ ինձ կհավանի, այն էլ այսպիսի տիկնիկների մեջ, ու՞մ եմ ես պետք»,- ահա այսպես մտորում էր Ռենան, երբ նրա կողքի չինուհի Տյուշոն, որ մինչ այդ իր նեղ աչքերով ուշադիր զննում էր Ռենային, ասաց.

-Ես Տյուշոն եմ,իսկ քո անունը ի՞նչ է:

-Ե՞ս, ես Ռենան եմ:

-Իսկ այս ի՞նչ տարօրինակ շորեր ես հագել Ռենա, սա քո ազգային հագու՞ստն է:

-Ազգային հագու՞ստ,իսկ դա ի՞նչ է,- զարմացավ Ռենան:

-Դե նայիր ինձ և կհասկանաս. ես չինուհի տիկնիկ եմ և հագել եմ մեր ազգային հագուստ կիմանոն, մազերս հարդարված են իմ հայրենակիցներին հատուկ ձևով: Դրա համար էլ ուզում եմ իմանալ գուցե քո այս տարօրինակ հագուստն էլ քո տարազն է:

-Ես չգիտեմ, գուցե և տարազ է, ախր ես ոչինչ չգիտեմ իմ մասին, այնտեղ, որտեղ ես էի ապրում, ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, ուղղակի հիշում եմ, որ իմ առաջին տիրուհին ինձնով հիանում էր, ցույց էր տալիս իր բոլոր ընկերուհիներին, ես իմ տունն ունեի, իմ մահճակալը: Հետո նա մեծացավ:

-Մեծացա՞վ, իսկ դա ի՞նչ է:

-Դե, դա երբ արդեն սկսում են փոխվել, մեծանալ ու էլ չեն կարողանում խաղալ մեզանով:

-Իսկ ինչու՞:

-Դե,որովհետև, ո՞վ է տեսել, որ մեծ մարդիկ տիկնիկներով խաղան:

-Չեմ հասկանում,- ասաց Տյուշոն` աչքերը արագ-արագ թարթելով ու չինական հովհարը աջ ու ձախ տանելով:

-Իսկ հետո՞, հետո ի՞նչ եղավ, Ռենա՜,շարունակի՜ր,- ասաց Մոլին, որ այդ ընթացքում իր գեղեցիկ սև աչքերը հառած նրանց, փորձում էր ոչ մի բառ բաց չթողնել:

-Հետո, երբ իմ տիրուհին մեծացավ ու էլ փոքրիկ չէր, ունեցավ իր փոքրիկը և օրերից մի օր ինձ նվիրեց իր փոքրիկին, ով շատ ուրախացավ, բայց այնքան էլ հոգատար չգտնվեց իմ հանդեպ: Նա շատ դաժանորեն ամեն օր սանրում էր իմ մազերը, լողացնում ու շատ հաճախ ինձ թողնում էր միայն շապիկով, վիճակս հատկապես վատ էր լինում,երբ նա բաց էր թողնում սենյակի պատուհանը ու ես ողջ գիշեր մրսում էի, բայց, ինչը ինձ շատ վիրավորեց, երբ նա իմ գեղեցիկ վարդագույն զգեստը հանեց և հագցրեց իր տիկնիկներից մեկին, իսկ ինձ հագցրեց այս անհասկանալի շորերը:

Նախկին տիրուհիս տեսնելով, թե ինչպես է իրեն պահում դուստրը, վերցրեց ինձ և պահեց պահարանում: Ճիշտ է, ես ազատվեցի իմ դաժան տիրուհու չարչարանքներից, բայց ավելի վատ էր ապրել մութ պահարանում, ուր ոչինչ չէի տեսնում, միայն երբեմն-երբեմն լույսի նշույլ էի տեսնում, երբ տիրուհիս որոշում էր պահարանից հանել իր մուշտակներից մեկը: Չգիտեմ էլ, թե որքան մնացի պահարանում, երբ մի օր տիրուհիս եկավ, բացեց պահարանը, ես էլ մտածեցի, որ եկել է հերթական մուշտակի հետևից, բայց ոչ նա եկել էր իմ հետևից, ինձ դուրս բերեց պահարանից: Առաջին պահին աչքերս ամուր փակեցի, քանի որ անսովոր էր տեսնել լույսը, արևը, հետո հասկացա, որ տիրուհին ուղղում է հագուստս, հետո էլ օծում ինձ զարդասեղանից վերցրած օծանելիքով:

Տիրուհին ինձ տարավ հյուրասենյակ,որտեղ էլ նվիրեց մի փոքրիկ աղջնակի,որի աչքերի մեջ ես այնքան բարություն տեսա: Մենք երկար տարիներ ապրեցինք միասին, բայց քանի որ իմ տիրուհին այդես էլ աղջիկ չունեցավ, իսկ որդին տիկնիկներով չէր խաղում, օրեր առաջ ինձ հանձնեց իր թոռնուհուն, ով հրաժարվեց խաղալ ինձնով, ինձ իր տիկնիկը համարել, միաժամանակ թափելով իմ գլխին աշխարհիս բոլոր վիրավորանքները: Եվ այսպես նրա հայրը` նույն ինքը պարոն Պիկասը, ինձ բերեց այստեղ` հույս ունենալով, որ կկարողանա վաճառել:

Երբ Ռենան ավարտեց իր կյանքի պատմությունը,Մոլին սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել:

-Օ՜, ես այնքան էմոցիոնալ եմ, այնքան շուտ եմ հուզվում:

-Իսկ ես այդպես էլ չհասկացա, թե քո տիրուհիները ոնց էին…,- մի պահ Տյուշոն սկսեց կմկմալ,-միծկանում, մյուծանում, վա՜յ, ինչպե՞ս էր այդ անհասկանալի երևույթը կոչվում:

-Մեծանում,- ուղղեց նրան Ռենան:

-Հա, հա,  մեծանում, ես այդպես էլ չհասկացա: Օրինակ՝ ես չեմ ուզում մյուծանալ, միծանալ, դե հասկացաք:

-Սիրելի՜ Տյուշո, դու կարող ես հանգիստ լինել, մենք` տիկնիկներս, որքան էլ մեծանում ենք, միևնույն է, չենք փոխվում, միայն մեր շորերն են հնանում, գուցե կեղտոտվում, բայց ոչ ոք այդպես էլ չի տեսնում, որ մենք մեծացել ենք, այնպես որ դու կարող ես հանգիստ լինել մեծանալու, կամ ինչպես դու ես ասում մյուծանալու խնդիր չես ունենա:

-Օ՜, ի՜նչ լավ է:

-Աղջիկնե՜ր, հերիք է շատախոսեք, այդպես դուք չեք քնում ու չեք էլ թողնում, որ մենք քնենք,- դժգոհեց անկյունում նստած մեքսիկուհի տիկնիկ Միրան,- համ էլ մենք պիտի քնենք, որ առավոտյան կրկին գեղեցիկ լինենք և գնորդներին չվախեցնենք մեր քնատ դեմքերով:

-Բարի գիշեր, Ռենա:

-Բարի գիշեր, սիրելի Մոլի, բարի գիշեր Տյուշո, ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ:

Երբ փողոցում հանգան բոլոր լույսերը, փոքրիկ խանութում արդեն քնած էին բոլոր տիկնիկները:

Հաջորդ օրը Ռենայի համար և՜ տարօրինակ էր, և՜ անսովոր,և՜ հետաքրքիր:

Երբ պարոն Պիկասը բացեց խանութի դռները,տիկնիկների մեջ իրարանցում սկսեց.

– Եկավ, եկավ, արթնացե՜ք, արթնացե՜ք, ինչպես է տեսքս, վա՜յ մազակալս կորել է, իսկ մազերս, ինչ վատ վիճակում են մազերս, դե մի փոքր հեռու կանգնի՜ր, դու իմ կոշիկը տրորեցիր…

Այս տարօրինակ իրարանցմանը չէր մասնակցում միայն Ռենան. նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ էր պետք անել, ինչ պիտի լիներ:

«Միևնույնն է, ես շատ տգեղ ու հին տիկնիկ եմ, միևնույնն է, ինձ ոչ ոք չի նկատի, չէ՞ որ ես այս շքեղ հագուստներով գեղեցկուհիների կողքին իսկական անճոռնի ճուտիկ եմ»,-այս մտքերն էին պտտվում խեղճ Ռենայի գլխում, երբ խանութ մտան առաջին հաճախորդները` մի ծեր տիկին իր թոռնուհու հետ:

– Դե թանկագի՜նս, ընտրի՜ր, որ տիկնիկը, որ ցանկանաս, չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է:

– Տիկին Յարիսոն, մեր բոլոր տիկնիկներն էլ իսկական հրաշք են, նրանցից որ մեկին էլ ընտրես, չես փոշմանի:

-Ես այ այն սև մազերով ու վարդագույն շորով տիկնիկն եմ ուզում:

-Հիանալի ընտրություն,Մոլին կդառնա քո լավագույն ընկերուհին:

Մոլին երջանկությունից ցնծում էր:

-Ինձ ընտրեցին, ինձ ընտրեցին, օ՜, որքան երջանիկ եմ ես:

Պարոն Պիկասը վերցրեց Մոլիին և դրեց հատուկ նրա համար նախատեսված տուփի մեջ, վերցրեց գումարը և տիկնիկին տվեց փոքրիկ աղջկան:

Երբ տիկին Յարիսոնն ու թոռնուհին դուրս եկան խանութից, աշխուժացած տիկնիկները լռեցին. շատերը սկսեցին քչփչալ, շատերը ուրախացան, որ աղջիկը իրենց չընտրեց, միայն մեքսիկուհի Միրան էր դժգոհ: Նա, որ միշտ իրեն անվանում էր տիկնիկներից ամենագեղեցիկը, դժգոհում էր, որ, իրեն թողնելով, աղջիկը ընտրեց այդ հասարակ Մոլիին:

-Ի՜նչ անճաշակություն, ինչպես կարելի է ընտրել Մոլիին, երբ խանութում ինձ նման գեղեցկուհի կա, օ՜, ի՜նչ անարդարություն:

Մինչ Միրան դժգոհում էր, Ռենան և Տյուշոն անհանգստացած նայում էին Մոլիի հետևից:

-Տեսնե՞ս ինչպիսի կյանք է սպասվում մեր ընկերուհուն, տեսնես նրան լավ կվերաբերվեն,- արագ-արագ խոսքերը իրար վրա էր լցնում Տյուշոն:

-Հանգիստ, սիրելի Տյուշո, Մոլին այնքան բարի էր, որ նրա կյանքում ամեն ինչ լավ կլինի:

-Օ՜,որքան բարի ես դու Ռենա: Ես այնքան շատ եմ ուզում, որ օրերից մի օր դու գտնես քո բարի տիրուհուն և ապրես նրա հետ հաշտ ու երջանիկ: Դա իմ երազանքն է, ու այն անպայման կկատարվի. լուսինն էլ վկա է, հիշի՜ր, Ռենա՜:

-Շնորհակալ եմ, Տյուշո, բայց ո՞վ կընտրի ինձ, ես ախր այնքան հին ու մաշված տեսք ունեմ:

-Եվ ինչպե՞ս ես կարողանում քեզ այդպես վատաբանել: Նայիր այն կողմ, տես Միրային, ինչպես է իրեն գովում և դժգոհում, որ Մոլիին ընտրեցին:

-Վա՜յ, Տյուշո, դու ինչպես կարող ես ինձ Միրայի հետ համեմատել, ախր, նա իսկական գեղեցկուհի է, իսկ նայիր մի նրա կարմիր զգեստին, գեղեցիկ վարսերին և տես, թե ինչպես է պարում:

-Միևնույնն է, ինձ չես համոզի Ռենա, դու, ճիշտ է, նման չես ուրիշ տիկնիկների, մի տեսակ տարօրինակ ես, բայց շատ գեղեցիկ ես:

Դեռ երկար նրանք այսպես կխոսեին, եթե հանկարծ չլսեին, թե ինչպես է լալիս խանութի անկյունում դրված պարուհի Լոնան:

-Ինչու՞ է նա լալիս,- ասաց զարմացած Ռենան,- մի՞թե ինքն էլ է բողոքում, որ իրեն չընտրեցին:

-Օ՜, ի՞նչ ես ասում, Լոնան, ընդհակառակը, չի ուզում, որ իրեն ընտրեն, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ գեղեցկուհի Լոնան և դաշնակահար Կենան սիրում են իրար: Նրանք անբաժան են.Կենան նվագում է չքնաղ մեղեդիներ, իսկ Լոնան պարում է.նա չքնաղ է, այնպես չէ՞:

-Իսկ ինչո՞ւ նա չի ուզում, որ իրեն գնեն:

-Դե, որովհետև նա կբաժանվի Կենայից, դրա համար էլ ամեն օր նա այնպես է լարվում, որ երեկոյան էլ չի կարողանում զսպել հուզմունքը: Պատկերացնո՞մ ես, նա այնքան չի ուզում, որ իրեն ընտրեն, որ մի օր պարելիս դիտմամբ ընկավ ու կոտրեց իր հախճապակե ոտքը՝ մտածելով, որ այդպես ոչ ոք իր վրա չի էլ նայի: Բայց պարոն Պիկասը նրա ոտքը բուժեց, ինչ-որ տարօրինակ դեղ քսեց, և Լոնայի ոտքը բուժվեց:

-Ա՜յ, քեզ բան,- զարմացավ Ռենան,- ես էլ ասում եմ՝ ինչու է դաշնակահար Կենան շարունակ այդքան տխուր մեղեդիներ նվագում:

-Այո՜, հենց այդ պատճառով,- հազիվ լսվեց հորանջող Տյուշոյի ձայնը, որը վերջին բառերը արտասանեց կիսափակ աչքերով:

Հաջորդ օրը ևս խանութ եկան շատ մարդիկ, այդ օրը սակայն Միրան դժգոհելու պատճառ չունեցավ, քանի որ խանութ եկան հարուստ պարոն Ֆինուրը իր երես առած աղջկա հետ:

-Աղջիկս, ինչի՞դ են պետք այդքան տիկնիկները, չէ՞ որ դրանցով չես էլ խաղում: Երեկ էի գնել մեկն էլ, ի՞նչ արեցիր, մի քանի րոպե ցատկոտեցիր, ուրախացար, հետո նրան էլ գցեցիր քո մնացած տիկնկների մոտ:

Իսկ աղջիկը չէր էլ լսում, նա անցնում էր շարքերով, իր չարաճճի աչքերով զննում տիկնիկներին: Վերջապես նա կանգնեց և տեսավ Միրային:

-Այ սա եմ ուզում, հենց սա, սրանից չունեմ:

-Սրա՞ն, սա՞, այս ի՜նչ անշնորք ու գռեհիկ վերաբերմունք է, իսկ ո՞ւր մնացին հիացած բացականչությունները, ուրախությունը: Ես, ես չեմ ուզում այդպես, ես հո ձեզ համար սեղան չեմ, որ մի տեղից վերցնեք ու դնեք մի ուրիշ տեղ: Է՜յ, պարո՜ն Պիկաս, այդ ի՞նչ ես անում, ես չեմ մտնի այդ տուփի մեջ, չեմ ուզում,- այսպես բղավում էր զայրացած Միրան:

Բայց նրան լսում էին միայն տիկնիկները, իսկ մարդիկ չէին էլ նկատում, որ նա չի ուզում գնալ: Պարոն Պիկասը Միրայի դիմաց մի կլորիկ գումար ստացավ և տիկնիկը տվեց չարաճճի աղջկան, ով արդեն մտովի որոշել էր, թե ինչ էր անելու հերթական տիկնիկի հետ: Այդ օրը, ճիշտ է, տիկնիկները ազատվեցին Միրայի դժգոհ ներկայությունից, բայց շատ լացեցին ու տխրեցին, երբ մի փոքրիկ աղջիկ հավանեց Լոնային և չցանկացավ նրա հետ վերցնել նաև դաշնակահարին, չնայած պարոն Պիկասը շատ համոզեց՝ ասելով, որ նրանք անբաժանելի են ու Լոնան չի կարող պարել առանց Կենայի հիասքանչ մեղեդիների:

-Ցէ՜, պալոն, լես տղա տիկնիկ ցեմ ուզում:

Եվ այդպես Լոնային տարան. նա լալիս էր` ասելով.

-Ես այդպես էլ գիտեի, օ՜, ինչ դժբախտ եմ ես, չեմ ուզում, լավ է ընկնեմ ու կոտրվեմ:

Իսկ դաշնակահար Կենան շարունակում էր նվագել ու նվագել և որքան Լոնան ավելի էր հեռանում, նրա մեղեդիներն ավելի տխուր էին դառնում:

-Տես, Տյուշո,Կենան արտասվում է, խեղճ Լոնա, խեղճ Կենա:

Այդ օրը տիկնիկները շատ տխուր էին, խանութն էլ առաջվանը չէր. չկար Միրայի ճղճղոցը, չկար գեղեցկուհի Լոնան` իր չքնաղ պարով, իսկ դաշնակահար Կենային նայելիս անգամ պարոն Պիկասն էր տխրում :Դաշնակահար Կենան դեռ մի քանի օր էլ նվագեց և դադարեց ընդհանրապես նվագել: Պարոն Պիկասը կարծեց, որ դաշնամուրն է անսարք, փորձեց նորոգել, բայց ոչ. ամբողջ հարցը Կենայի փայտե սիրտն էր, որը կոտրվել էր այնպես, որ ոչ մի սոսինձ այն չէր կարող վերականգնել: Այս ընթացքում շատ տիկնիկներ լքեցին խանութը, նրանց թվում էր նաև չինուհի Տյուշոն, ում գնեցին մի խումբ երեխաներ՝ իրենց ընկերուհու ծննդյան տարեդարձին նվեր:

Պարոն Պիկասը խանութը լցրեց նոր տիկնիկներով, իսկ Ռենան շարունակում էր կանգնած մնալ նույն տեղում և օրեցօր հասկանում, որ ինքը ոչ ոքի պետք չէ: Ամեն անգամ, երբ խանութ էին գալիս մարդիկ, Ռենայի սիրտը սկսում էր արագ բաբախել, բայց նա չէր էլ մտածում, որ որևէ մեկը կնկատի իրեն, չհաշված այն չարախոսություններն ու դժգոհությունները, որ լսեց այդ ընթացքում որոշ գնորդներից, ովքեր, տեսնելով հին տիկնիկը նոր տիկնիկների խանութում, իրենց դժգոհությունն էին հայտնում Պիկասին, որ նա իրենց խաբում և հին տիկնիկը նորի փոխարեն է ուզում վաճառել: Այնպես որ, Ռենան այլևս հույս չուներ, որ իրեն երբևէ բախտը կժպտա: Ռենան ավելի համոզվեց իր դժբախտության հարցում, երբ պարոն Պիկասը նրան վերցրեց դարակից և անփույթ դրեց իր դրամարկղի կողքին դրված սեղանին:

Քաղաքի ծայրամասում գտնվող փոքրիկ, խարխուլ տան մեջ ապրում էին դերձակ Շիկան իր ընտանիքի հետ: Դերձակ Շիկան մի փոքրիկ աղջիկ ուներ` Նուլի անունով: Դերձակը մի քանի հաճախորդ ուներ, որոնց հնամաշ շորերը հաճախ էր ձևափոխում, կարկատում` դրա համար շատ չնչին գումար ստանալով: Նա կարողանում էր միայն կնոջ ու դստեր` Նուլիի համար հացի գումար վաստակել: Բայց շուտով Նուլիի ծննդյան օրն էր, և հայրը խոստացել էր նրան տիկնիկ նվիրել:

-Աշխարհի ամենագեղեցիկ տիկնիկնը, չէ՞, հայրի՛կ,- ասում էր Նուլին:

-Այո, քաղցրիկս,- մեղմ ժպտում էր հայրը:

Եվ ամեն օր վաստակած գումարից մի փոքր առանձնացնում և մի կողմ էր դնում: Դերձակ Շիկան այսպես արդեն մեկ տարի է, ինչ գումար էր հավաքում, որ աղջիկը վերջապես ունենա այնքան սպասված տիկնիկը: Վերջապես եկավ սպասված օրը` Նուլիի ծննդյան օրը: Հերթական կարկատանից ստացած գումարը ավելացնելով հավաքված գումարի վրա` Շիկան բռնեց Նուլիի ձեռքից և քայլերն ուղղեց դեպի խաղալիքների խանութ: Երբ նրանք մտան խանութ և պարոն Պիկասը իմացավ, որ Նուլիի ծննդյան օրն է, սկսեց նրան առաջարկել ցուցադրված ամենագեղեցիկ տիկնիկները: Մինչ Շիկան աղջկանից ավելի գրավված նայում էր տիկնիկներին, Նուլին բաց թողեց հոր ձեռքը և մոտեցավ դրամարկղի կողքի սեղանին, որտեղ անփույթ դրված էր Ռենան: Նուլին իր փոքրիկ ձեռքերով բռնեց Ռենային, կանգնեցրեց սեղանին, ժպտաց, ապա ամուր գրկեց նրան.

-Հայրի՜կ, հայրի՜կ, ահա ես հենց այս տիկնիկն եմ ուզում, նա այնքան գեղեցիկ է, այնքան բարի:

Պարոն Պիկասը զարմացած մոտեցավ աղջկան.

-Նուլի, քաղցրի՜կս, ախր այստեղ այնքան գեղեցիկ տիկնիկներ կան: Ինչու՞ հենց Ռենան:

-Համ էլ աղջիկս, ինչպես տեսնում եմ, այս տիկնիկը նոր չէ, ես բավականին գումար եմ վճարում, իսկ դու ա՞յս տիկնիկն ես ընտրում:

Նուլին նայեց հորն ու Պիկասին, ամուր գրկեց Ռենային և սկսեց լաց լինել:

-Չէ՞ որ այսօր իմ ծննդյան օրն է և տիկնիկն էլ ես պիտի ընտրեմ, ես էլ արդեն ընտրել եմ:

Ռենան ոչինչ չէր հասկանում, նա միայն զգում էր փոքրիկ աղջկա շնչառությունը և ջերմությունը: Նա արդեն հասցրեց սիրել Նուլիին: Նուլին կարողացավ համոզել հորը` մի վայրկյան անգամ Ռենային բաց չթողնելով իր գրկից: Ռենան այդ օրը իրեն զգում էր աշխարհի ամենաերջանիկ տիկնիկը, և չէր կարողանում հասկանալ, թե ինչպես մի ակնթարթում փոխվեց իր կյանքը և ինքը դադարեց իրեն աշխարհի ամենադժբախտ տիկնիկը համարելուց: Նուլին Ռենային տարավ իրենց փոքրիկ տունը, մայրը զարմացավ, երբ տեսավ հին տիկնիկը, բայց չբարկացավ աղջկա վրա, փոխարենը վերցրեց իր գեղեցիկ գոգնոցներից մեկը, կտրեց և Ռենայի համար մի չքնաղ զգեստ կարեց: Ռենան չէր հավատում իր երջանկությանը: Շարունակ նայում էր Նուլիի բարի աչքերին: Նա այնքան ոգևորված և հուզված էր, որ չհասկացավ, թե ինչպես անցավ օրը: Երեկո էր. Նուլին նրան տարավ իր փոքրիկ սենյակը և դրեց իր մահճակալի վրա.

– Ահա այստեղ կքնես դու, իմ սիրուն Ռենա:

Նա համբուրեց Ռենային և «բարի գիշեր» ասաց: Երբ սենյակում հանգավ լամպը, սենյակը լուսավորվեց լուսնի լույսով: Ռենան նայեց լուսնին ու ժպտաց.

-Լուսի՛ն, դու տեսնո՞ւմ ես, թե որքան երջանիկ եմ ես. հիշո՞ւմ ես, թե ինչ ասաց այն երեկո իմ ընկերուհի Տյուշոն, իսկ ես չհավատացի նրան: Ա՜խ իմ սիրելի Տյուշո, տեսնես հիմա որտեղ ես, ախ միայն իմանայիր, որ կատարվեց քո երազանքը և ես գտա իմ բարի տիրուհուն, ով ինձ այնքան շատ է աիրում: Ա՜խ, Տյուշո, միայն իմանայիր, թե որքան ուրախ եմ ես հիմա, որքա՜ն երջանիկ…

Անուշիկ Ստեփանյան

10 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

8 + 7 =