ՀԱՑԵՐԻ ԱՐՔԱ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ


Լավաշի մասին

Առավոտյան նախաճաշին թարմ, բուրավետ լավաշը անփոխարինելի է պանրի և տաք թեյի հետ, այնպես չէ՞: Այն համեղ է և շատ սննդարար ու քեզ լիքը ուժ է տալիս դպրոցում առույգ և ուշադիր լինելու համար: Իսկ որպեսզի այսօր դպրոցի ճանապարհին ընկերներիդ կարողանաս զարմացնել քո հարուստ գիտելքիներով, ես քեզ հիմա կպատմեմ լավաշի՝ հայոց հացերի արքայի մասին:

Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում:

Լավաշը նուրբ, երկար, մինչև 70սմ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Ահա թե ինչպես են թխում լավաշը: Նախ գրտնակում են խմորի գնդերը, դարձնում բարակ խմորի թերթեր և գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:

Լավաշի մասին

Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան 1 տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով:

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:

11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին:

ՎԱՀԱԳՆԻ ԵՎ ԱՍՏՂԻԿԻ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԸ

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»: Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ: Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

lavash

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:

Մուլտֆիլմը կարող ես դիտել այստեղ:

ԼԱՎԱՇ ՀԱՑԻ ՄԻ ԿՏՈՐ

Լավաշ հացի մի կտոր
Ծիտիկներին գցեցի,
Բակի ծտերը բոլոր
Հավաքվել էին հացի:

Սավանի պես ձգեցին`
Կտուցներին հացն առած,
Երկուսն հացից պոկվեցին,
Չորս ծիտ թռավ ընդառաջ:

Կտցեցին ու կծեցին,
Հացը քիչ -քիչ փոքրացավ,
Բերանները սրբեցին,
Ճաշկերույթը վերջացավ….

                                            Հասմիկ Աջամյան
Գեղանկարը՝ Սևադա Գրիգորյանի

Մեկնաբանություններ

ՀԱՑԵՐԻ ԱՐՔԱ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

log in

reset password

Back to
log in