ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 12-ՐԴ


Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասներըԳլուխ 12

ԱՌՅՈՒԾԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԱՄՐՈՑԸ

Առյուծը չէր երևում: Պատի մեջ մեծ քարանձավ էր, որի խորքերը գիշերից էլ մութ էին:

-Մենք պետք է ներս մտնենք,- ասաց Մհերը, բայց Հրատը չհամաձայնեց, նա գիտեր, որ դա ծուղակ է:

-Եթե մտնենք, Մհեր, էլ երբեք դուրս չենք գա, պետք է մենամարտել քարանձավից դուրս, որովհետև չգիտենք, թե ինչ ծուղակներ կան ներսում:

-Մենք ժամանակ չունենք, չենք կարող սպասել, թե երբ դուրս կգա առյուծը,- ասաց Մհերը:

-Մենք կստիպենք նրան դուրս գալ,- ասաց Հրատը,- վերցրու մեծ ու փոքր քարեր և գցիր քարանձավի մեջ, Առյուծը հաստատ դուրս կգա:

Այդպես էլ եղավ: Մհերի նետած քարերը, չգիտեմ, արդյոք կպել էին առյուծին, բայց հաստատ անհանգստություն էին առաջացրել նրա քարաձավում: Դա մի հսկայական առյուծ էր, որը հպարտ ու ազդեցիկ քայլերով շարժվում էր դեպքի Մհերը:

-Ինչ գեղեցիկ է,- ասաց Մհերը: Նա ապշած կանգնել էր առյուծի դիմաց և նույնիսկ թուրը չէր հանել պատյանից:

-Մհեր, ուշքի արի, չգերվես նրա մոգությանը, այդ գեղեցկությունը խաբկանք է,- ասում էր Հրատը, բայց Մհերը կարծես չէր լսում նրան, այլ զմայլվածի նման անշարժ կանգնած էր:

Հրատը տեսնելով, որ առյուծը շուտով մեկ հարվածով կսպանի Մհերին, կանգնեց նրանց միջև և բացեց թևերը, ճիշտ այնպես, ինչպես Սանգարիսին էր պաշտպանում:

-Թույլ չեմ տա,- բղավեց նա:

Առյուծը մի սարսափազդու մռնչյուն արձակեց և այնպես ուժգին հարվածեց Հրատին, որ վերջինս մի կողմ ընկավ: Ես չգիտեմ՝ Մհերը առյուծի ձայնից, թե Հրատին ընկած տեսնելով՝ ուշքի եկավ, բայց դա կատարվեց միանգամից: Մհերը ասես արթնացավ խոր քնից, և առաջվա հիասքանչ առյուծը նրա աչքերում կերպարանափոխվեց՝ դառնալով անճոռնի գազան: Մհերը հանեց իր սուրը և վստահաբար առաջ գնաց: Հրատը վնասել էր թևը և չէր կարողանում շարժվել: Առյուծը, տեսնելով Վահագնի սուրը, ետ-ետ գնաց:

-Մհեր, եթե նա նորից մտնի իր քարանձավը, մենք էլ չենք կարողանա նրան հաղթել,- հազիվ ասաց Հրատը:

Առյուծը դանդաղ փորձում էր նահանջել: Մհերը վազեց դեպի քարանձավի մուտքը, հետո հասկանալով, որ չի կարողանա առյուծին ետ պահել այնտեղ մտնելուց, նա իր թրով ուժգին հարվածեց պատին: Հարվածից միջանցքը դղրդաց, և մի քանի վայրկյան անց պատից քարեր թափվեցին ու փակեցին քարանձավի մուտքը: Այուծը, սա տեսնելով, առաջվանից ավելի բարձր մռնչաց: Նա փորձեց հարձակվել Մհերի վրա, բայց վերջինս պաշտպանվում էր վահանով ու սրով: Մհերը նույնպես առաջ էր մղվում, փորձելով հարվածել գազանին, բայց չէր ստացվում՝ առյուծը շատ ճարպիկ էր և կարողանում էր մեծ ցատկեր կատարելով խույս տալ: Այս մենամարտը տևեց շատ երկար: Վերջապես երկուսն էլ հոգնեցին, բայց նրանցից ոչ մեկը չէր պատրաստվում հանձնվել: Հրատը փորձում էր վեր բարձրանալ, բայց ապարդյուն, նրա թևը վնասված էր ու չէր կարողանում անգամ քայլել և նա ասաց.

-Մհեր, փորձիր կտրել նրա պոչը, եթե կտրես առյուծի պոչը, նա կկորցնի հավասարակշռությունը, և դու նրան հեշտությամբ կհաղթես:

Մհերը արագ վազեց առաջ, վրա բերեց իր թուրը առյուծի վրա: Վերջինս ետ-ետ գնաց և փորձեց շրջանցել իր թշնամուն, և հենց այդ պահին Մհերը հաջողացրեց և կտրեց առյուծի պոչը: Կատաղի առյուծը դարձավ խեղճ կատու, որը կուչ եկավ ու փորձեց իր վերջին ուժերով հարձակվել Մհերի վրա, բայց Մհերի հարվածը չուշացավ: Ահրիմանի միջանցքը դողաց…

Մհերը մոտ էր իր նշանակետին, բայց այս դժվար ճանապարհին նա հեռվում էր թողել իր երկու ընկերներին, իսկ երրորդը անուժ նստած էր խավար միջանցքի պատի տակ:

-Հրատ, ինչպե՞ս ես,- մոտ վազելով՝ հարցրեց Մհերը:

-Դու կեցցես, Մհեր, Վահագնը վկա, երկրի վրա ես դեռ չեմ տեսել քեզ նման քաջ զինվոր:

-Եթե դու չլինեիր, Հրատ, ինձ մոտ ոչինչ էլ չէր ստացվի:

-Դու պետք է առաջ գնաս,- ասաց Հրատը, ես չեմ կարող շարժվել, ժամանակ շատ քիչ է մնացել: Թեև դու արդեն գրեթե Ահրիմանի ամրոցին ես հասնում, պետք է շտապել:

-Բայց ես չեմ կարող քեզ այստեղ թողնել,- արտասվելով ասաց Մհերը:

Նա գիտեր, որ տղաները լաց չեն լինում, բայց չէր ուզում ընկերոջը թողնել այնտեղ, այն էլ վիրավոր: Բայց Հրատը ասաց.

-Դու պարտավոր ես առաջ գնալ, երբ հաղթես Ահրիմանին, մենք բոլորս ազատ կլինենք, իսկ եթե մնաս ինձ մոտ՝ կկործանվենք ամենքս:

Մհերը սրբեց արցունքները, հավաքվեց վճռականությամբ, Հրատին խոստացավ, որ անպայման կվերադառնա և առաջ գնաց:

Հրատը ճիշտ էր: Ընդամենը մի քանի րոպե հետո Մհերը արդեն մեկ այլ քարանձավի մուտքի մոտ էր: Նա հանեց իր սուրը և առաջ գնաց: Մի քանի քայլ հետո նրա առաջ բացվեց բազմաթիվ կրակներով լուսավորվող ընդարձակ դահլիճ: Դահլիճը դատարկ էր. կենտրոնում սև, բարձր թիկնակով գահ էր: Մհերը կանգնեց: Նա չգիտեր այլևս ուր գնալ, բայց փորձությունները դեռ առջում էին:

Հանկարծ Դահլիճի բոլոր կողմերից Մհերի վրա հարձակվեցին չղջիկներ հիշեցնող թռչող կենդանիներ: Մհերը միայն հասցրեց բացել իր վահանը և պաշտպանվել հարձակումներից, ամեն կողմից այդ կենադանիները փորձում էին ճեղքել Մհերի պաշտպանությունը, բայց երբ Մհերն ի վերջո կարողացավ հանել իր թուրը, այն այնպես շողարձակեց, որ բոլոր թռչող կենդանիները անհետացան: Մհերը փակեց իր վահանը և բարձր բղավեց.

-Ահրիման, դեռ որքա՞ն ես պատրաստվում թաքնվել այս զզվելի կենդանիների ետևում, դուրս արի մարտի, իսկ եթե վախը հաղթել է քեզ, ապա հանձնվիր:

Մհերը չհասցրեց հասկանալ, թե երբ և ինչպես սև գահին հայտվեց սպիտակ մորուսով, երկար սև թիկնոցով և կարմիր հանդերձանքով մեկը: Նա նստած էր անվրդով, ասես ոչինչ նրան չէր անհանգստացնում:

Մհերը ոչինչ չխոսեց, փոխարենը Ահրիմանը վեր կացավ իր գահից և ասաց.

-Քեզանի՞ց պետք է վախենամ… Դու, որ ողջ ճանապարհին թաքնվեցիր ընկերներիդ թիկունքում, հիմա ի՞նձ ես մեղադրում: Ուզում ես մենամարտել, շատ լավ, ես համաձայն եմ,- այս խոսքերի հետ նա անհետացավ, ապա հայտնվեց դահլիճի մյուս անկյունում ու սկսեց իր ձեռքերի միջից հրե գնդեր նետել դեպի Մհերը:

Նա ամեն անգամ փոխում էր իր տեղը և ավելի ու ավելի շատ կրակներ էր նետում Մհերի վրա: Վերջինս պաշտպանվում էր վահանով և սրով: Այսպես տևեց մի քանի րոպե: Հետո  Ահրիմանը բարձրացավ վերև և սկսեց սառույցի կտորներ տեղալ Մհերի վրա: Մհերը պաշտպանվում էր, ինչպես կարող էր: Ահրիմանը նորից իջավ հատակին, նորից հրե գնդեր նետեց, այս անգամ Մհերը հասցրեց հարվածել գնդերին և ետ մղել դրանք դեպի Ահրիմանը: Սա տեսնելով՝ Ահրիմանը հասկացավ, որ իր թշնամին չի պատրաստվում հանձնվել:

-Լավ,- ասաց Ահրիմանը,- մենք այսպես ոչնչի չենք հասնի, ես ստիպված եմ դիմել այլ միջոցի,- նրա խոսքերի հետ դահլիճում հայտնվեցին Առոնը, Հայկը և Հրատը:

Մհերը շատ զարմացավ, տեսնելով ընկերներին այդտեղ, բայց ավելի շատ վախեցավ նրանց կյանքի համար:

 – Իմ լրտեսները հերթով բռնեցին քո ընկերներին, որոնց դու թողեցիր կես ճանապարհին, քո կյանքը փրկելու համար:

-Դա այդպես չէ,- ասաց Մհերը:

-Ապա, ինչպե՞ս է, դու թողեցիր նրանց կես ճանապարհին և առաջ գնացիր, որպեսզի փրկես քո կյանքը:

-Մի լսիր նրան Մհեր,- ասաց Հայկը,- նա փորձում է թուլացնել քեզ:

Հայկը փորձեց առաջ գալ, հասնել Մհերին, բայց նրա դիմաց անտեսանելի պատ էր, որը նա չէր կարող անցնել:

Ահրիմանը շարունակում էր.

-Տեսնու՞մ ես, թե ինչպես է ընկերդ ուզում օգնել քեզ, ի՞նչ ես կարծում նա կօգնի քեզ, երբ իմանա, թե դու ինչ ես զգում նրա սիրելի աղջկա նկատմամբ:

-Լռիր, Ահրիման, դու կարող ես անվերջ խոսել, բայց միևնույնն է, ես հաղթելու եմ քեզ,- ասաց Մհերը:

-Ես տեսնում եմ, որ քեզ ուժ տվողը ընկերներդ են,- ասաց Ահրիմանը:- Քո ուժը նրանց մեջ է, ինչպես որ իմ ուժը՝ իմ հավատարիմ գազանների:

-Նրանք քո հավատարիմ գազանները չեն, այլ քո ծառաները: Դու ստիպել էիր նրանց ծառայել քեզ, դու ի՞նչ կարող ես հասկանալ ընկերությունից:

 Ահրիմանին այս խոսքերը դուր չեկան: Նա գիտեր, որ Մհերը ճիշտ է: Նա մոտեցավ Հայկին և ասաց.

-Քո սիրելի ընկերը, Հայկ, սիրահարված է Մարիին: Դու նույնպես նրան ես սիրում չէ՞, իսկ քո հավատարիմ ընկերը քեզանից գաղտնի սիրում է քո սիրելիին և հարմար պահի է սպասում, որպեսզի խլի նրան քեզանից, ահա և ձեր հիասքանչ ընկերությունը:

-Դու որտեղի՞ց գիտես,- հարցրեց Հայկը:

-Ես կարող եմ յուրաքանչյուրիդ մտքերը կարդալ, ես գիտեմ ամեն ինչ:

Հայկը լռեց, Մհերը նույնպես երկար ժամանակ ոչինչ չէր գտնում ասելու: Առոնը պահում էր վիրավոր Հրատին և միջամտեց.

-Մհեր, ժամանակը քիչ է, թույլ մի տուր նրան շեղել քո ուշադրությունը, նա պարզապես ժամանակ է շահում:

Մհերը Առոնի խոսքերից սթափվեց, բարձրացրեց իր սուրն ու ասաց.

-Ահրիման, բավական է խոսես, վերցրու քո զենքը:

-Դու իսկապե՞ս կարծում ես, որ կկարողանաս հաղթել ինձ, դու նույնիսկ վիշապին ու արծվին չես սպանել, ես դեռ ուժեղ եմ:

Մհերը կրկին տարակուսանքի մեջ ընկավ, բայց Հրատը ասաց.

-Մհեր, ես վիրավոր եմ, իմ ուժը հիմա Ահրիմանին օգուտ չէ, իսկ Սանգարիսը շատ թույլ է և նրա ուժը նույնպես առաջվանը չէ, Ահրիմանը ուժ չունի, դու կարող ես հաղթել նրան:

Ահրիմանն այնքան բարկացավ այս խոսքերից, որ հրե գունդ նետեց Հրատի վրա:  Հրատը ուժասպառ ընկավ: Մհերը, դա տեսնելով,  որոշեց, ինչ գնով էլ լինի, հաղթել չարի տիրակալին:

-Դու ինքդ քո ձեռքով թուլացրեցիր քեզ,- ասաց Մհերը և սուրը ձեռքին՝ հարձակվեց Ահրիմանի վրա:

Վերջինս իր անհեռատես արարքից այնքան էր շփոթվել, որ չհասցրեց պաշտպանվել: Մհերը կարողացավ մի հարված հասցնել նրա թևին: Ահրիմանը թաքնվեց իր գահի ետևում…

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 7-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 8-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 9-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 10-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 11-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։