Մանկական Եվրատեսիլն արդեն Հայաստանում է, պատրաստվում է, ընդունում մասնակիցներին ու նրանց երգերը: Բոլոր երկրներում հիմա իրենց ներկայացուցիչներին են փորձում ընտրել այս մեծ մանկական տոնի համար: Նրանցից մի քանիսն արդեն կատարել են իրենց ընտրությունը: Ծանոթանանք 2011 թ. Մանկական Եվրատեսիլի մասնակիցների հետ:
Եվ այսպես, դեկտեմբերի 3-ին Հայաստանում իր հայրենիք Ուկրաինան կներկայացնի ՝ Կրիստինա Կոչեգարովան, ով հանդես է գալիս Կրիստալ բեմական անունով: Կրիստալը 11 տարեկան է, բայց իր բեմական կարիերան սկսել է 4,5 տարեկանում: 6 տարեկանից դարձել է McDonalds բրենդի դեմքը Ուկրաինայում:
Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, անգամ գրանցված է «Ուկրաինայի երիտասարդ տաղանդների» հանրագիտարանում: Կրիստալը տասնյակ համերգների ու հեռուստատեսային շոուների է մասնակցել, 2010 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը: Շատ հաճախ հենց ինքն է գրում իր երգերը, երբեմն նրան մայրիկն է օգնում: Երգչուհու կարիերայից բացի Կրիստալը երազում է նաև հայտնի հեռուստալրագրող դառնալու մասին: Նաև սիրում է նկարել և հուլունքներից զարդեր պատրաստել: Նրա նշանաբանն է. «Հավատարիմ եղիր քո երազանքներին, և նրանք քեզ կփոխադարձեն»:
Դե իսկ Մանկական Եվրատեսիլ 2011-ին նա ներկայանում է «Եվրոպա» երգով, որի հեղինակը նույնպես ինքն է: Կրիստալը երգում է այն մասին, որ բոլորս ունենք մեր աշխարհը, բոլորս էլ յուրահատուկ ենք և հարկավոր չէ փորձել նմանվել ինչ-որ մեկի: Ու խորհուրդ է տալիս մնացեք այնպիսին, ինչպիսին կաք և ապացուցեք աշխարհին, որ Դուք միակն ու անկրկնելին եք: Այստեղ կարող եք դիտել Կրիստալի տեսահոլովակը և որոշել, արդյոք Ձեր ձայնը տալու եք հենց նրա օգտին…