Դու արդեն գիտես Աստրիդ Լինդգրենի և նրա հետաքրքրասեր աղջկա՝ Կարինի մասին, ով իր մայրիկին շատ հեքիաթների մտքեր է հուշել: Իսկ այստեղ նրանք պատմում են այն ամենի մասին, ինչ մնացել է հեքիաթի կուլիսների ետևում: Ահա թե ինչ է գրում Կարինը.
«Ես գիտեմ, որ մայրիկը մինչև Կառլսոնի մասին պատմությունները գրել էր նաև մի փոքրիկ պատմվածք փոքրիկ, բարի, զվարճալի մարդուկի՝ պարոն Ցախավելի մասին, որը թռչել էր կարողանում և մի օր էլ պատահաբար մի հիվանդ տղայի սենյակ էր ներխուժել: Նրա անվանումը ես եմ հորինել: Պարոն Ցախավելը Կառլսոնի նախատիպն էր և շատ ավելի հեքիաթային կերպար էր ու թռչում էր առանց շարժիչի: Եվ մայրիկը որոշեց ստեղծել մի հերոս, որը կթռչեր երեխաների մոտ և նրանց ուրախություն կբերեր: Ահա այդպես էլ ծնվեց Կառլսոնը, միայն թե նա շատ ավելի էգոիստ էր, բայց թե շարժիչը որտեղից հայտնվեց, այ դա չգիտեմ»:
Իսկ Կառլսոնը ոչ թե անուն է, այլ ազգանուն և իմիջիալոց չափազանց տարածված ազգանուն Շվեդիայում: Այնտեղ ավելի քան 200. 000 մարդ այս ազգանունն ունի: Կառլսոնի անունը այդպես էլ չես կարողանա գտնել գրքում, այն պարզապես չկա: Կառլսոնի ծնողների մասին մեզ քիչ բան է հայտնի: Նա միայն ասում է, որ իր մայրիկը մումիա է, իսկ հայրիկը՝ թզուկ, որ թռչել գիտեր: Եվ Կառլսոնն ինքն էլ շատ նման է թզուկի: Փոքրիկ, թմբլիկ մարդուկ՝ գզգզված մազերով ու կամբինիզոնով: Կառլսոնին այսպիսին առաջին անգամ նկարել է նկարչուհի Իլուն Վիկլանդը: Այդ ժամանակվանից մյուս բոլոր կառլսոններին ստեղծելիս նկարիչները միշտ հետևում են այդ օրինակին: Իսկ իր շարժիչի մասին Կառլսոնը ասում է, որ այն ստեղծել է աշխարհի ամենալավ գյուտարարը, բայց ավելի մասնրամասն չի պատմում ու գաղտնիքը չի բացահայտում, որովհետև «պետք չէ օդը աղտոտել թռչող տղաներով, ես ու Մանչուկը արդեն բավական ենք»-ասում է նա:
Թռչող մարդուկների Աստրիդ Լինդգրենը միշտ էլ շատ է սիրել և ինքն էլ ողջ օրը ծառեր ու տանիքներ էր բարձրանում, իսկ երբ երեխա էր, վազում էր օդանավակայան՝ տեսնելու, թե ինչպես են օդ բարձրանում ինքնաթիռները:
Կառլսոնի հետ իր հանդիպման մասին Աստրիդ Լինդգրենը պատմում է. «Ես տեսա նրան, ավելի ճիշտ առաջին անգամ լսեցի ինչ-որ բան, մի գիշեր, երբ քունս չէր տանում: Եվ երևի չէր տանում, որովհետև պատուհանի ետևում ինչ-որ բան էր դզզում: Իսկ հետո նա ներս թռավ: Նստեց անկողնուս վրա ու հարցրեց, թե որտեղ կարող է գտնել Մանչուկին: «Ո՞վ ես դու,- հարցրի ես:- Ինչո՞ւ ես ինձ մոտ եկել»: Եվ նա պատասխանեց. «Ես աշխարհի ամենալավ Կառլսոնն եմ, որ ապրում է տանիքում, իսկ քեզ մոտ եկել եմ, որովհետև դու գրել ես գիրք Երկարագուլպա Պեպպիի մասին»: Եվ ես տվեցի նրան Մանչուկի հասցեն, բայց ձեզ չեմ ասի, որովհետև դա գաղտնիք է: Ամեն ինչ հենց այդպես էլ եղել է և ես պատրաստ եմ երդվել՝ ձեռքս դնելով… Պեպպիի մասին գրքի վրա»:
Բայց Աստրիդ Լինդգրենը իզուր հիշատակեց այդ գաղտնի հասցեի մասին, որովհետև անմիջապես թերթերից մեկում այսպիսի հայտարարություն հայտնվեց. «10 000 քրոն(20 000 դոլար) ենք խոստանում նրան, ով կգտնի այն տանիքը, որտեղ ապրում է Կառլսոնը»: Աստրիդ Լինդգրենը վախեցավ, որ բոլոր երեխաները կսկսեն տանիքներ բարձրանալ Կառլսոնին գտնելու համար, և քանի որ դա շատ վտանգավոր է, անմիջապես հայտնեց այդ հասցեն. «Կառլսոնը ապրում է մի փոքր հեռու իմ տնից, այգու մյուս կողմում: Դա Վուլկանս Գատան փողոցն է, 12-րդ տունը, որտեղ ես ապրել եմ շատ տարիներ առաջ: Ահա այնտեղ էլ տեսել եմ նրան առաջին անգամ: Կառլսոնը հիմա էլ ինձ հյուր է գալիս, երբ խելքին փչում է: Մենք նստում ենք և զրուցում սրանից-նրանից»:
Իսկ եթե դեռ կան մեծահասակներ, ովքեր ինչպես Մանչուկի մայրիկը չեն հավատում, որ Կառլսոնն իրականում գոյություն ունի, ապա Կառլսոնը ունի նաև այդ հարցի պատասխանը տալիս է հենց Աստրիդ Լինդգրենը:
«-Ես հարցրի Կառլսոնին, թե ինքը հորինվածք չէ՞ արդյոք,-ասաց Մանչուկը:
– Եվ ի՞նչ պատասխանեց նա,- հետաքրքրվեց մայրիկը:
-Նա ասաց, որ եթե ինքը հորինվածք լիներ, ապա դա կլիներ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՀՈՐԻՆՎԱԾՔԸ»:
Անահիտ Ալեքսանյան